Մատչելիության հղումներ

Մարտուն Գրիգորյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում ներկայացրեց


Մարտուն Գրիգորյան, արխիվ

Մարտուն Գրիգորյան, արխիվ

Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը դիմում է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու մասին:

«Ես դուրս եմ գալիս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերից` պահպանելով ընկերական հարաբերություններ Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ական գործընկերներիս հետ», - քիչ առաջ նման հայտարարություն է տարածել Գյումրիից ընտրված պատգամավորը։

Գրիգորյանը շնորհավորել է ԲՀԿ-ի նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանին և նշել, որ այսուհետ խորհրդարանում իր գործունեությունը կշարունակի որպես անկուսակցական պատգամավոր․ - «Առավել մեծ ջանքով, եռանդով, դուխով ու թասիբով, կլինեմ գյումրեցիների կողքին»:

Անդրադառնալով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին, պատգամավորը նշել է․ - «Գագիկ Ծառուկյանը, խուսափելով հնարավոր բախումներից և արյունահեղությունից, խաղաղության և կառուցողական գործողությունների կոչ արեց` դուրս գալով քաղաքական դաշտից: Ես ինքս էլ երբևէ արյունահեղության կողմնակից չեմ եղել»:

«Երեկ կուսակցության համագումարում Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց նաև ԲՀԿ նախագահի պաշտոնից: Ես պարոն Ծառուկյանի հետ դեպքերին հաջորդած օրերին քննարկել եմ ստեղծված իրավիճակը, նրանից տեղեկացել իր մտադրությունների մասին: Այնուհետև հանդիպել եմ թիմակիցներիս, Գյումրիում հեղինակություն և հարգանք վայելող մի շարք անձանց, այդ թվում` հոգևոր թեմի առաջնորդ Աջապահյանի հետ: Այս քայլերով էր պայմանավորված վերջին օրերի իմ լռությունը: Քննարկումներիս արդյունքում եմ հանգել այս որոշմանը», - հայտարարել է նախկին ԲՀԿ-ականը:

«Ինձ ճանաչողները գիտեն, որ 2009 թ-ին, չլինելով կուսակցական հոգեբանության և մտածողության կրող, բայց թիմային աշխատանքի կողմնակից, կանգնելով Գագիկ Ծառուկյան անձի կողքին, թիմակիցներիս հետ մտել եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն: Ես ու թիմակիցներս համամիտ էինք նրա գաղափարների և ծրագրերի հետ և օգնեցինք իրեն և կուսակցությանը իրականացնելու դրանք, որոնցից անցած 6 տարիներին շռայլորեն օգտվեցին Շիրակը և Գյումրին», - գրել է Մարտուն Գրիգորյանն՝ ընդգծելով, որ 2012-ի խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ի օգտին գյումրեցիների տված քվեն լավագույն հատուցումն էր կուսակցությանն ու նրա առաջնորդին՝ Գյումրու նկատմամբ ցուցաբերած տևական հոգածության դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG