Մատչելիության հղումներ

Նալբանդյանը խոսել է հայերի և հրեաների ընդհանրությունների մասին


Լուսանկարը՝ ԱԳՆ լրատվականի

Լուսանկարը՝ ԱԳՆ լրատվականի

Քիչ ազգեր ունեն նույնքան ընդհանրություններ, որքան հայերը և հրեաները: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ երեկ Երուսաղեմում ելույթ ունենալով տեղի սիմֆոնիկ նվագախմբի «Քեզ հետ, Հայաստա՛ն» համերգից առաջ:

«Մի քանի դար պետականության բացակայության և զրկանքներից հետո, անցնելով ցեղասպանության արհավիրքների միջով, սփռված ամբողջ աշխարհում՝ մենք հպարտ ենք, որ 20-րդ դարում վերականգնեցինք պետականությունը», - ասել է Նալբանդյանը և շարունակել․ - «Ես կցանկանայի կրկին մեջբերել Հայոց ցեղասպանության հրեա ականատեսներից մեկի խոսքերը. - «Ես սարսուռով մտածում եմ` ով է լինելու հաջորդը: Երբ ես քայլում եմ Երուսաղեմ տանող օրհնված և սուրբ հողով, հարցնում եմ ինքս ինձ` արդյոք հիմա 1915 թվականն է, թե մենք գտնվում ենք Տիտոսի կամ Նաբուգոդոնոսորի ժամանակներում: Արդյոք ես, հրեա լինելով, մոռացել եմ, որ հրեա եմ: Նաև հարցնում էի ինքս ինձ, թե արդյոք ես իրավունք ունեմ սգալու միայն իմ ժողովրդի ողբերգության համար, և արդյոք Երեմիա մարգարեն արյան արցունքներ չի թափել նաև հայերի համար»:

«Շատերն են համարում, որ հնարավոր կլիներ կանխել Երկրորդ աշխարհամարտի քողի ներքո իրականացված ոճրագործությունները, եթե Առաջին աշխարհամարտի քողի տակ մարդկության դեմ իրականացված հանցանքները ստանային միանշանակ միջազգային դատապարտում, և պատասխանատուները արժանի պատիժ կրեին: 1939 թվականի Ադոլֆ Հիտլերի խոսքերը` «Ով է այսօր խոսում հայերի կոտորածների մասին», հստակ հիշեցում են, որ իրագործված ցեղասպանությունների անպատիժ մնալը և ժխտումը նրանց կրկնության համար պարարտ հող են ստեղծում», - շեշտել է Հայաստանի արտգործնախարարը:

«Իրականացված ցեղասպանությունների լիակատար ճանաչումը ապագայում դրանց կրկնությունը կանխելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է: Հիշելու իրավունքը, հիշողության միջոցով անցյալի ողբերգությունները ճանաչելը կարևոր են նոր ցեղասպանությունների կանխարգելման գործում», - Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ասել է Նալբանդյանը:

«Այս առումով Հայաստանի և Իսրայելի ժողովուրդները քաջատեղյակ են և կիսում են անցյալում կրած միմյանց ցավը: Հոլոքոսթի վերաբերյալ իրազեկվածության առումով հայերն առաջիններից մեկն են աշխարհում: ՅՈւՆԵՍԿՕ-ի զեկույցի համաձայն` Հայաստանը տարածաշրջանում միակ երկրին է, որտեղ դպրոցական ծրագրերը Հոլոքոսթի վերաբերյալ ուղղակի անդրադարձ են պարունակում», - նշել է Հայաստանի արտգործնախարարը՝ հավելելով․ - «Նրանք, ովքեր այցելել են Յադ Վաշեմ, հավանաբար կարդացել են հայերի անունները, ովքեր հրեաների են փրկել Հոլոքոսթի ընթացքում և ստացել են «Առաքինիների» վեհ տիտղոսը: Շոայի հիշատակի հիմնադրամի վերջին հարցումը ցույց տվեց, որ Իսրայելում հրեաների 88 տոկոսը ընդունում է Հայոց ցեղասպանությունը»:

Նալբանդյանը տեղեկացրել է, որ նույն օրը Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ իր հանդիպման ժամանակ քննարկման հիմնական թեմաներից էր հայ և հրեա ժողովուրդների համատեղ պատասխանատվությունը ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ։ «Այս առումով կցանկանայի շնորհակալություն հայտնել Հոլոքոսթը վերապրած Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելին, ականավոր պրոֆեսորներ Իսրայել Չարնիին, Յաիր Աուրոնին և շատ այլ հրեա գիտնականների, որոնց աշխատանքները` նվիրված հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանություններին, բարձր են գնահատվում ողջ աշխարհում», - ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

«Մեր ժողովուրդների միջև կա ևս մի կարևոր ընդհանրություն. չնայած մեր ժողովուրդներին բնաջնջելու փորձերին` մենք վերածնվեցինք: Դժվար կլինի նրանց համար, ովքեր կփորձեն հաշվել տաղանդավոր արվեստագետներին, երաժիշտներին, գիտնականներին, հաջողակ գործարարներին, ովքեր էական ներդրում են ունեցել իրենց ոլորտների զարգացման մեջ 20-րդ և 21-րդ դարերում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման առանցքային ուղերձներից մեկն, ըստ էության, վերածնունդն է: Այն փաստը, որ Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբն իր համերգային ծրագրերի մեջ ներառում է 20-րդ և 21-րդ դարերի հայ և հրեա կոմպոզիտորների գործերը, այդ վերածննդի պարզ վկայությունն է», - ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Երուսաղեմի հեղինակավոր համերգասրահի լեփ-լեցուն դահլիճում կայացած համերգին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Բեթհովենի և Ստեփան Ռոստոմյանի ստեղծագործությունները, հաղորդում է Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG