Մատչելիության հղումներ

«Իրավունք»-ի հրապարակումից վրդովված քաղաքացիները կդիմեն ՄԻԵԴ


Գայանե Առուստամյան

Գայանե Առուստամյան

Երեկ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժեց նրանց հայցապահանջը։

«Իրավունք» թերթի՝ «ազգի և պետության թշնամիներ» ցուցակում ընդգրկված 16 քաղաքացիներ իրենց պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու համար կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան. երեկ Վերաքննիչ դատարանը մերժել է նրանց հայցը՝ «Իրավունք»-ի դեմ:

Հրապարակման թիրախ էին դարձել լրագրողներ, արվեստագետներ, ակտիվիստներ: Նրանցից մեկը`լրագրող, հրապարակախոս Գայանե Առուստամյանը, դատապարտում է դատարանների որոշումը՝ ևս մեկ անգամ ընդծելով, որ թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի հեղինակած ցուցակը ոչ միան վիրավորում է հայցվորների պատիվն ու արժանապատվությունը, այլև լրջորեն վտանգում նրանց կյանքը:

«Եթե հիշում եք, հոդվածի մեջ ակնհայտ հայտարարված էր, որ մեզ պետք է հալածել, մեզ չպետք է բարևել, մեզ չպետք է աշխատանք տալ և, առհասարակ, հանրությանը կոչ էր արվում, որպեսզի մեզ շատ վատ վերաբերմունք ցուցաբերվի, և չի բացառվում, որ մի խելապակաս ծայրահեղական, կամ ազգայնական մեզանից յուրաքանչյուրին կարող է հետապնդել և վնաս պատճառել, հասկանո՞ւմ եք», - ասաց Առուստամյանը։

Ամիսներ առաջ հրապարակված այդ հոդվածում Հովհաննես Գալաջյանը կազմել էր 60 քաղաքացիների, այսպես կոչված, «սև ցուցակ»՝ կոչ անելով ընթերցողներին նրանց նկատմամբ «զրո հանդուրժողականություն դրսեւորել»,քանի որ, ըստ հեղինակի, վերջիններս «ազգի և պետության թշնամիներ են և զոմբիներ»։

Ե՛վ առաջին ատյանը, և՛ Վերաքննիչ դատարանը որոշել են, որ այդ հրապարկմամբ ցուցակում հայտնվածների իրավունքները չեն խախտվել, նրանց պատիվն ու արժանապատվությունը չի ոտնահարվել: Մինչդեռ լրագրողը Գայանե Առուստամյանը զգուշացնում է՝ այսպիսի դեպքերը կարող են վատ նախադեպ դառնալ:

«Ցանկացողը կարող է ցուցակագրել անհաճո մարդկանց և նրանց անարգանքի սյունին գամել՝ հայտարարել, որ այդ մարդիկ հոգեկան հիվանդներ են, ռուսամետներ են, կամ եվրոպամետներ են, մի խոսքով, ցանկացած վերնագրի տակ մարդիկ ցուցակագրում են և հրապարակում։ Վերադարձել ենք ինկվիզիցիայի ժամանակներ, սա խորը միջնադար է, և 37 թիվն այլևս Հայաստանում լեգիտիմ է, և իշխանությունները խրախուսում են այդ մարդաորսը», - ասաց Առուստամյանը։

Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ հայցվորները նաև պետք է 50 հազարական դրամ վճարեն պատասխանող կողմերին` «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ին և Հովհաննես Գալաջյանին:

Իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանին պատկանող թերթի խմբագիրը վստահ է՝ ինքը որևէ մեկի իրավունքը չի ոտնահարել, թեպետ նա չի բացառում, որ Ստրասբուրգում գուցե պարտություն կրի:

«Նրանք մտածում են՝ ոչ թե հասնել իրենց հայցի բավարարմանը, այլ, որ հասցնեն անպայման Եվրադատարան։ Եվրադատարանում ստացվի նախադեպային որոշում ու այդ որոշումը հետագայում փորձեն կիրառել այստեղ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գալաջյանը։

Նրա խոսքով, «սև ցուցակ»-ում ընդգրկվել են նրանք, ովքեր մասնակցել են երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյաններին հալածելու արշավին՝ «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ քույրերին հարցեր ուղղելով:

«Մի մասը մի՞գուցե լրիվ գիտակցված էր, մի մասը գո՞ւցե ընդհանուր տուսովկայի մեջ լինելով է միացել, մի մասը մի՞գուցե այնքան է ուղեղը լվացված...։ Դրա համար եմ օգտագործել զոմբի տերմինը», - ասաց հոդվածագիրը։

Հրապարակախոս Գայանե Առուստամյանը, ասում է՝ եթե մարդուն վիրավորելը դատարանը որակում է խոսքի ազատություն, ապա ինքն էլ պատրաստ է տեսախցիկի առջև վիրավորել թերթի խմբագրին. - «Ի վերջո, խոսքի ազատության տիրույթում չպետք է վերանա մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը։ Խոսքի ազատությունը՝ օրենքի գերակայությունն է»:

«Ուղղակի վերնագրել խոսքի ազատություն և մարդուն մի քանի օրենքներով հալածել, և մի քանի օրենքների կետերով մարդու իրավունքները ոտնահարել, բոլորովին խոսքի ազատություն չի նշանակում», - ասաց Առուստամյանը։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանի խոսքով, յուրաքանչյուր պիտակավորում ուսումնասիրության առանձին առարկա է. - «Թշնամի և զոմբի, նշված արտահայտությունները պետք է գնահատել առանձին-առանձին, թե դրանք ինչպիսի՞ն են ընկալվում մեր հասարակության մեջ։ Զրպարտությունը գնահատելու համար, սա շատ ավելի լուրջ է, որովհետև պետք է նախ լինի որևէ արատավորող բնույթ ունեցող գործունեություն կատարելու մեջ մեղադրանք, և պետք է ունենա փաստական հիմք, այսինքն՝ կոնկրետ տվյալներ պետք է հրապարակված լինեն, որոնք չպետք է համապատասխանեն իրականությանը»։

XS
SM
MD
LG