Մատչելիության հղումներ

Ղարաբաղի ՊՆ-ն հաղորդում է առնվազն 7 ադրբեջանցիների զոհվելու մասին


ԼՂ ՊԲ զինծառայողը զորավարժությունների ժամանակ, արխիվ

ԼՂ ՊԲ զինծառայողը զորավարժությունների ժամանակ, արխիվ

ԼՂ ՊԲ-ի վկայությամբ, հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Մարտի 5-ի լույս 6-ի գիշերը ադրբեջանական զինուժը առաջնային գծի տարբեր հատվածներում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ 60 և 80 մմ ականանետերից, «Իստիգլալ», ՀԱՆ-17, ԴՇԿ, ՌՊԿ և այլ զինատեսակներից արձակելով շուրջ 4500 կրակոց: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական կողմը հյուսիսային (Շահումյանի) ուղղությամբ կիրառել է նաև «ԶԻԿ -23-2» զինատեսակ:

«Նշված կրակակետը վնասազերծելու նպատակով ՊԲ առաջապահ ուժերը դիմել են համապատասխան գործողության, որի արդյունքում շարքից հանվել է հակառակորդի առնվազն 3 զինվոր և «ԶԻԿ -23-2» զինատեսակը», - ասված է հաղորդագրության մեջ:

Պաշտպանության բանակից նաև հաղորդում են, որ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը և միաժամանակ հատուկ նշանակության ստորաբաժանումների ներգրավմամբ փորձել է իրականացնել դիվերսիոն հետախուզական գործողություններ:

«Նույն ժամանակահատվածում ԼՂՀ զինված ուժերի մարտակերտյան ուղղության ստորաբաժանումները կանխարգելիչ գործողություններ են իրականացրել հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում: Ըստ հաստատված տվյալների` ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է գործողության շրջան դուրս եկած ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանման 4 զինծառայող», - փոխանցում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը:

Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հավաստմամբ՝ հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, հաղորդում է «հայկական հետախուզադիվերսիոն խմբի» վնասազերծման մասին, ինչի հետևանքով հայկական կողմը իբր կորուստներ է կրել, իսկ ադրբեջանական կողմից վիրավորվել է սերժանտ Դայանաթ Զահիդովը:

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել է ադրբեջանական կողմի պնդումները:

«Չկա նման բան, իսկ իրենց զոհերին ու վիրավորներին դեռ երկար են «դուրս տալու»: Իրենց յուրաքանչյուր զոհին ու վիրավորին բացահայտելու ժամանակ մի նոր` չեղած հայկական դիվերսիա պետք է հորինեն», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի ՊՆ-ի խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG