Մատչելիության հղումներ

logo-print

Իրավապաշտպան կազմակերպությունը Թուրքիայում բռնությունների մասին զեկույց է հրապարակել


Թուրքիա - Ոստիկանները Ստամբուլում հակակառավարական բողոքի ակցիայի ժամանակ, արխիվ

Թուրքիա - Ոստիկանները Ստամբուլում հակակառավարական բողոքի ակցիայի ժամանակ, արխիվ

Մարդու իրավունքների ընկերակցության զեկույցի համաձայն՝ 3 հազարից ավելի քաղաքացիներ անարդար պատիժներ են կրել, խոշտանգվել և նվաստացվել:

2014 թվականի ընթացքում Թուրքիայում տեղի ունեցած բռնությունները ամփոփող զեկույցը արձանագրում է, որ 1500-ից ավելի քաղաքացիներ, այդ թվում՝ 112 երեխա, ցույցերի, բողոքի ակցիաների ժամանակ վիրավորվել են անվտանգության ուժերի կողմից: Ավելի քան 11 հազար 260 մարդ բանտարկվել է, ներառյալ՝ 241 փախստականներ:

Մարդու իրավունքների ընկերակցության (IHD) զեկույցը փաստում է, որ 3 հազար 400 քաղաքացիներ անարդար պատիժներ են կրել, խոշտանգումների ու նվաստացումների են ենթարկվել, նրանցից 1020-ը նման վերաբերմունքի են արժանացել կալանավայրերում:

«Հրապարակված փաստերը ևս մեկ անգամ ցույց են տալիս Թուրքիայում կանանց նկատմամբ բռնությունների վտանգավոր մասշտաբները», - գրում է Hurriyet Daily News-ը:

Իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Սոնգյուլ Աբդիլը ասել է, որ 2014-ին Թուրքիայում 296 կին է սպանվել, 39 կին ինքնասպանություն է գործել, 191-ը ենթարկվել է սեռական բռնությունների, 585-ը հոսպիտալացվել է ծեծվելու և մարմնական վնասվածքներ ստանալու հետևանքով:

Ինչ վերաբերում է երեխաների դեմ բռնություններին, ապա զեկույցը փաստում է, որ անցած տարվա ընթացքում բռնարարքների արդյունքում 44 երեխա է սպանվել, 219-ը վիրավորվել են: Անչափահասները ենթարկվել են նաև դաժան վերաբերմունքի ու բռնությունների՝ 64-ը՝ կալանավայրերում, իսկ 23-ը՝ քաղաքացիական կյանքում:

Իրենց պատիժը բանտերում կրող կալանավորներից 235-ը խոշտանգվել են, նրանցից 54-ը անչափահաս են:

Թուրքիայում լուրջ խնդիր են մնում այսպես կոչված պատվի համար կատարված սպանությունները: Այդ հողի վրա 2014-ին 8 մարդ է սպանվել, որոնցից 6-ը՝ կին: Իսկ ազգայնական, ազգատյացության դրդապատճառներով անցյալ տարի Թուրքիայում վեց մարդ է սպանվել, հարձակումների արդյունքում ևս 17-ը վիրավորվել են:

Զեկույցը նաև փաստում է, որ 2014-ի ընթացքում Թուրքիայում 241 փախստական կամ միգրանտ է կալանավորվել, որոնցից 22-ը երեխաներ են:

Զեկույցը կազմվել է Մարդու իրավունքների ընկերակցության բաժանմունքներում ստացված անհատական դիմումների, մարդու իրավունքների խախտումներն ուսումնասիրող հանձնաժողովների հաշվետվությունների, մամուլի հաղորդագրությունների, ոչ կառավարական կազմակերպությունների և պետական հաստատությունների տվյալների հիման վրա:

XS
SM
MD
LG