Մատչելիության հղումներ

Մարիուպոլը՝ պառակտված քաղաք


Ուկրաինական զինուժի և ռուսամետ անջատողականների միջև զինադադարն ուժի մեջ մտնելուց հետո ուկրաինական Մարիուպոլի ռմբակոծությունները նվազել են, սակայն անջատողականները չեն հրաժարվել քաղաքը գրոհելու իրենց ծրագրերից: Քաղաքի իշխանությունների համար ստեղծված պայմաններում բնակչության վստահության պահպանումը լուրջ մարտահրավեր է դարձել:

Գրոհի անընդմեջ սպառնալիքի պայմաններում ապրող բնակչության բացառիկ համակրանքը կողմերից և ոչ մեկը չի վայելում: Ըստ հարցումների՝ Մարիուպոլի բնակիչների 30 տոկոսը համակրում է կառավարությանը, սակայն մյուս 30 տոկոսն աջակցում է ռուսամետ ապստամբներին, իսկ մնացած 40 տոկոսը կողմերից և ոչ մեկին չի հավատում:

Այս պայմաններում Ուկրաինայի ռազմական ծառայությունները փորձում են պահպանել քաղաքի անվտանգությունը և մի շարք ձերբակալություններ են իրականացնում՝ հայտարարելով, թե ձերբակալում են ապստամբներին տեղեկություններ հաղորդող լրտեսներին:

Մարիուպոլի քաղաքացիական պաշտպանության հրամանատար Ռոման Սոկոլովի խոսքով, ձերբակալվում են միայն նրանք, ում մեղքն իրավապահների համար ակնհայտ է, սակայն նրա հետ համաձայն չեն ձերբակալված քաղաքացիների ընտանիքները: Օրերս Մարիուպոլի բնակիչ Աննան անսպասելի հեռախոսազանգ է ստացել իր 14-ամյա քրոջից, որը պատմել է, որ անհայտ զինված տղամարդիկ իրենց տուն են ներխուժել, այնուհետև դաժան ծեծել ու ձերբակալել իրենց հորը:

«Քույրս տնից փախել, ինձ մոտ է եկել: Նա տեսնել է, թե ինչպես են մեր հորը ծեծի ենթարկել», - պատմեց Աննան:

Նրա խոսքով, իրենց հայրը քաղաքականությամբ չի զբաղվել, սակայն նրան ձերբակալել և անհայտ ուղղությամբ են տարել:

Մարիուպոլի իշխանություններն այժմ երկընտրանքի առջև են կանգնած՝ նրանց անհրաժեշտ է ապահովել պառակտված քաղաքի անվտանգությունը և միևնույն ժամանակ պահպանել քաղաքի բնակիչների վստահությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG