Մատչելիության հղումներ

ՀՀԿ խոսնակը ԲՀԿ-ի համար նոր անուն է մտածել` «Բարգավաճ Հայաստան 2»


Իշխող Հանրապետականը շնորհավորում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր նախագահ Նաիրա Զոհրաբյանին` պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ իրենց կարծիքով «Բարգավաճ Հայաստանը» այլևս նախկինը չի կարելի համարել, նա անգամ կուսակցության համար նոր անուն նշեց. - «Բարգավաճ Հայաստան 2» է ավելի ճիշտ, որովհետև ինձ համար մի կուսակցություն էր Գագիկ Ծառուկյանով, մի կուսակցություն` առանց Գագիկ Ծառուկյանի, և փաստորեն, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այսօրվա «Բարգավաճ Հայաստանից» արդեն որոշ քաղաքական գործիչներ դուրս են եկել կամ դեռ դուրս կգան: Արդեն Վարդան Օսկանյանն էլ դրա մասին հայտարարեց: Բնականաբար, դրանք երկու տարբեր քաղաքական կուսակցություններ են` դերակատարում ունենալու պահով»:

Ծառուկյանի հեռանալը Շարմազանովը անակնկալ չհամարեց։ «Ազատության» այն հարցին, թե որքանո՞վ ԲՀԿ առաջնորդի հեռանալու որոշմանը նպաստեց վերջերս կայացած Գագիկ Ծառուկյան - Սերժ Սարգսյան հանդիպումը, նա պատասխանեց. – «Այսօր նա նշել է, որ դա իր անձնական որոշումն է և մենք հարգանքով ենք վերաբերվում նրա անձնական որոշմանը»:

Շարմազանովի խոսքով, Ծառուկյանի հեռանալուց հետո վերացավ նաև այլընտրանք ուժ հասկացությունը։ Ընդգծելով, որ ԲՀԿ-ի այդ դիրքորոշումը չի ուզում անվանել անգրագիտություն, այդուամենայնիվ, ասաց, որ դա քաղաքագիտական բառապաշար չէր։ Իշխող կուսակցության խոսնակը ասաց, որ այժմ ստեղծվել է նոր իրավիճակ, պայքարը տեղափոխվելու է ընդդիմության դաշտ, որտեղ նպատակը լինելու է մեկը՝ ով է դառնալու առաջնային ընդդիմադիր ուժը. – «Բարգավաճ Հայաստան 2»-ի, «Օրինաց երկրի», «Ժառանգություն», իր տարբեր թևերով և դրսևորումներով, «Ազատ դեմոկրատներ», ՀՀՇ, ՀԱԿ-ի` չնայած ՀԱԿ-ից մնացել են միայն բեկորները, Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական նախաձեռնություն», Հայ հեղափոխական դաշնակցություն»:

Շարմազանովի խոսքով, միայն իշխանափոխության կոչերով ամենաազդեցիկ ընդդիմադիր ուժ դառնալ այլևս հնարավոր չէ, ընտրողները ծրագրերին են ուշադրություն դարձնելու։ Նա նաև արձանագրեց, որ ընդդիմադիր միավորում այլևս չկա. – «Բերեք փաստենք, որ Հայաստանում այլևս քառյակներ և եռյակներ չկան: Եթե եռյակի մի գործիչը հրաժարվում է պատասխանել եռյակի մյուս գործչի հայտարարությանը, նշելով, որ հարկ չի համարում, բնականաբար, այստեղ ես ավելացնելու բան չունեմ»:

Նոր իրավիճակում, ըստ Շարմազանովի, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն իր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ վերածվել է մարգինալ քաղաքական ուժի, քանի որ առաջին նախագահը բոլոր ծրագրերը կապել էր ԲՀԿ-ի հետ։

«Առաջին նախագահը իր քաղաքագիտական վերլուծությամբ փաստացի դարձավ Գագիկ Ծառուկյան դերակատարի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերջին վագոնը», – կարծիք հայտնեց նա:

Հանրապետականի խոսնակը ասաց, որ իրենք պատրաստ են բոլորի հետ առողջ կառուցողական հարաբերությունների, ակնկալում են, որ խորհրդարանի քաղաքական ուժերը պայքարը կմղեն քաղաքական մշակույթի կանոններին համապատասխան։ Եվս մեկ անգամ ընդգծեց, որ քաղաքական դաշտում որոշումներ պետք է կայացնեն քաղաքական գործիչները, սակայն չպատասխանեց «Ազատության» հարցին, թե արդյո՞ք Ծառուկյանի հեռանալուց հետո կարելի է համարել, որ քաղաքական դաշտը մաքրված է։

«No comment», - ասաց Շարմազանովը:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG