Մատչելիության հղումներ

Կուչմա․ Մոսկվայի նպատակը ուկրաինական պետության կայացումը բացառելն է


Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմա, արխիվ
Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմա, արխիվ

Ռուսաստանը չի ցանկանում, որպեսզի հենց իր համար Ուկրաինան օրինակ հանդիսանա, շեշտում է Ուկրաինայի նախկին նախագահը:

Ռուսաստանի իշխանությունների գլխավոր նպատակներից մեկը ուկրաինական պետության կայացումը բացառելն է: «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնում Ուկրաինայի երկրորդ նախագահ, Դոնբասի բանակցային գործընթացի ակտիվ մասնակից Լեոնիդ Կուչման:

«Առանց Ուկրաինայի Ռուսաստանի դերը աշխարհում տարբերվում է այն դերակատարությունից, որ կարող է խաղալ այդ երկիրը, եթե Ուկրաինան իր հետ է` որոշ պայմանների առկայության դեպքում, իհարկե: Այդ իսկ պատճառով էլ Ռուսաստանի համար գլխավոր խնդիրը Ուկրաինայի` Եվրամիությանն անդամակցությունը բացառելն է: Բացի այդ, Մոսկվան չի ցանկանում, որպեսզի Ուկրաինան կարողանա ուժեղ և բարեկեցիկ տնտեսություն կառուցել: Ռուսաստանը չի ցանկանում, որպեսզի հենց իր համար Ուկրաինան օրինակ հանդիսանա», - նշում է Կուչման, ով դեռ իր նախագահության տարիներին էր ընդգծում, որ երկու երկրների միջև տարբերությունները զգալի են: 2003-ին Կուչման նույնիսկ հեղինակեց «Ուկրաինան Ռուսաստան չէ» խորհրդանշական վերնագիրը կրող գիրքը:

Այսօր, սակայն, նախկին նախագահը ստիպված է խոստովանել` թեև Ուկրաինան Ռուսաստան չէ, բայց և այնպես՝ Ռուսաստանն արդեն իսկ Ուկրաինայում է:

«Ռուսաստանն ինքն իր համար սահմանել է, թե «մենք այնտեղ չենք կռվում», այն ամենը, ինչ կատարվում է Ուկրաինայի արևելքում, քաղաքացիական հակամարտություն է: Եթե դա զուտ քաղաքացիական կոնֆլիկտ լիներ, այն կավարտվեր 2014-ի օգոստոսին: Այն ժամանակ, սակայն, Ռուսաստանը հստակորեն ցույց տվեց ողջ աշխարհին, որ ներգրավված է հակամարտության մեջ: Ես նկատի ունեմ նախ և առաջ Իլովայսկի շրջապատումը, երբ բազմաթիվ ուկրաինացի զինվորականներ և քաղաքացիական անձինք զոհվեցին», - նշում է Ուկրաինայի երկրորդ նախագահը` հավելելով․ - «Ըստ իս, այսօր այլևս որևէ մեկն աշխարհում չի էլ կասկածում, որ Դոնբասում պրոֆեսիոնալ ռուսաստանցի զինվորականներ են կռվում: Այնտեղ կրակում է ամենաժամանակակից զենքը: Եթե ուկրաինացիները կռվում են 20-րդ դարի զինանոցով, ապա այդ շրջանում արդեն իսկ կարելի է 21-րդ դարի զինատեսակներ տեսնել, և ակնհայտ է, որ այն ռուսական է»:

Ինչ վերաբերում է Արևելյան Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործընթացին, ապա այն, ըստ Կուչմայի, պարբերաբար փակուղում է հայտնվում հենց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարների ներկայացրած անիրական պահանջների պատճառով:

«Նրանք ուզում են այն, ինչ իրենց որևէ մեկը երբեք չի տա: Այդ պահանջների կարևորագույն հատվածներից մեկը Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների փաստացի ճանաչումն է: Բայց դա բացառված է», - պնդում է Կուչման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG