Մատչելիության հղումներ

logo-print

Բոստոնի դաշնային դատարանում սկսվեց այս քաղաքում երկու տարի առաջ անցկացված մարաթոնի ժամանակ ահաբեկչական հարձակման մասնակիցներից Ջոխար Ցարնաևի դատավարությունը։ Հարձակման մյուս մասնակիցը՝ նրա եղբայր Թամերլանը սպանվել էր հարձակումից հետո սկսված ոստիկանական գործողության արդյունքում։

ԱՄՆ-ի Բոստոն քաղաքը երկու տարի առաջ հայտնվեց խուճապի մեջ, երբ ազգությամբ չեչեն Ցարնաև եղբայրները վազքի մարաթոնի ժամանակ երկու ռումբ պայթեցրին՝ դառնալով երեք մարդկանց մահվան պատճառ։ Հարձակման հետևանքով 260 մարդ ստացավ մարմնական վնասվածք, ոմանք կորցրին վերջույթները։

Մինչև ավագ եղբոր կողմից ռումբը պայթեցնելու պահը Ջոխարը 4 րոպե հանգիստ ու անհոգ կանգնած էր մարդկանց մեջ։ Այնուհետև պայթեց նրա տեղադրած ռումբը։ Պայթյուններից հետո հեռացավ անտարբեր, սառնասրտությամբ գնաց համալսարան, մասնակցեց երեկույթի, կարծես ոչինչ չէր էլ եղել։ Իսկ երբ սկսվեց երկու եղբայրների որսը, նրանք սպանեցին ևս մեկին՝ Մասաչուսեթսի համալսարանի անվտանգության աշխատակցին։

Դատապաշտպան Ջուդի Քլարքն իր բացման հայտարարության ընթացքում զարմացրեց նիստի մասնակիցներին՝ հայտարարելով, թե Ջոխարը եղել է իր եղբոր ներգործության տակ։ Սակայն դատախազ Ուիլյամ Ուայնրեբը հայտարարեց՝ նա մարաթոնին էր մասնակցում ոչ որպես հանդիսատես, այլ՝ «մարդկանց ռումբի միջոցով կտորների բաժանելու մտադրությամբ»։

Ջոխարը դատին անտարբերությամբ էր լսում ելույթ ունեցողներին, երբ ցուցադրում էին պայթյունի, արյամբ շաղախված փողոցի, մարդկային մարմնի կտորների մասին տեսագրությունը։ Հոգեբանների կարծիքով՝ նման կերպ են իրենց պահում նրանք, ովքեր իրենց առաքելությունը համարում են լիովին իրականացված։

Դատարանը քննարկում է այն հարցը, թե նրա համար որպես պատիժ պիտի ընտրվի մահապատիժը, թե ցմահ բանտարկությունը։ Ի դեպ, նրա դատապաշտպանը հայտնի է մի քանի սերիական մարդասպանների մահապատիժը ցմահ բանտարկությամբ փոխարինելու փորձառությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG