Մատչելիության հղումներ

Ղարաբաղում ընդդիմությունը պատրաստվում է ընտրությունների


Թե հատկապես ինչպե՞ս է ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատարն աջակցելու Ղարաբաղի ընդդիմությանը՝ դեռ հստակ չէ:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, վերջին տարիներին Մոսկվայում բնակվող Սամվել Բաբայանը մտադիր է աջակցել ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցությանը՝ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, «Ազատության» հետ զրույցում ասաց «Ազգային վերածնունդ» կուսակցության քաղաքական թիմի անդամ Տիգրան Գրիգորյանը: Թե հատկապես ինչպե՞ս է Բաբայանն աջակցելու Ղարաբաղի ընդդիմությանը՝ դեռ հստակ չէ:

«Սամվել Բաբայանի դերի վերջնական հստակեցումից հետո, իհարկե, տեղի է ունենալու ոչ թե ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիա, այլ Արցախում ստեղծված իրավիճակից դժգոհ բոլոր մարդկանց կոնսոլիդացիա, որովհետև Սամվել Բաբայանը շատ մեծ հեղինակություն ունի Արցախում: Մարդիկ չափազանց ոգևորված են, և մտածում են, որ Սամվել Բաբայանը հենց այն մարդն է, որը կարող է համախմբել, որը կարող է մինչև վերջ պայքարել ժողովրդի իրավունքների համար և տեր կանգնել ստացած քվեին», - ասաց Գրիգորյանը։

Ընդդիմության ներկայացուցիչը համոզված է՝ այս ընտրությունները Ղարաբաղի պատմության մեջ ամենահետաքրքիրն ու ամենամրցակցայինն են լինելու:

Գրիգորյանի խոսքով, «Ազգային վերածնունդ»-ը որոշել է մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին, որպեսզի զրկի իշխանությանը քաղաքական մենաշնորհից, նրա համոզմամբ՝ այս տարիների ընթացքում իշխանությունները միաբևեռ են դարձրել քաղաքական ու տնտեսական դաշտը:

«Ազատության» հարցին, թե ինչպե՞ս են գնահատում իրենց հնարավորություններն այն դեպքում, երբ, ինչպես իրենք են հայտարարում, քաղաքական դաշտը միաբևեռ է ու տնտեսական ու ֆինանսական ռեսուրսներն իշխանության ձեռքում են, Գրիգորյանը պատասխանեց․ - «Եթե մենք կարողանանք բոլոր ընտրատեղամասերում թեկուզ մեկ վստահված անձ և մեկ դիտորդ ունենանք, ապա իշխանությունների խնդիրը շատ դժվար է լինելու և, իհարկե, մենք բավականին մեծ ակնկալիքներ ունենք այս ընտրություններից և մտածում ենք, որ հաջողության ենք հասնելու»:

Ներկայիս խորհրդարանում չորս խմբակցություն է ներկայացված՝ չորսն էլ իշխանական: Անկախ պատգամավորները երկուսն են՝ ՀՅԴ համամասնական ցուցակով ընտրված Վահան Բադասյանը և Վիտալի Բալասանյանը:

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե միայն ողջունում է ընդդիմադիրների ակտիվացումը. - «Հենց այն պահն է, երբ ընդդիմադիր դաշտը պետք է ավելի ակտիվ լինի: Ամեն մեկն էլ զբաղված է իր գործով և իշխանական թևի քաղաքական կուսակցությունների համար չի կարող դա հատուկ խնդիր լինել, թե ինչո՞վ է զբաղված այսօր ընդդիմադիր դաշտը կամ քաղաքական նոր ուժերը, որոնք նոր են հայտվում քաղաքական դաշտում, ինչքանո՞վ են կարողանում իրենց ակտիվությունը տեղավորել նախընտրական արշավների ժամանակ»:

Թե մրցակցության առումով այս ընտրություններն ինչպիսին կլինեն, Աշոտ Ղուլյանը դժվարացավ կանխատեսել, միաժամանակ համոզմունք հայտնեց, որ թեկնածուների պակաս չի լինելու:

«Արցախում գրանցված քաղաքական կուսակցություններն անպայման իրենց մասնակցությունը բերելու են ու այս անգամ, իհարկե, որակի առումով էլ պետք է տարբերվի, որովհետև ամեն մի ընտրություն ժողովրդավարական ինստիտուտների ներգրավվման առանձնահատկություններ էլ է ունենում», - ասաց Ղուլյանը։

Անդրադառնալով առաջիկա քաղաքական ընտրողների ներգրավվածությանը՝ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի խոսնակը նշեց, թե Ղարաբաղում ակտուալ խնդիրների շարքում ներքաղաքական հարցերն առաջնային չեն, մարդկանց ավելի շատ սահմանին տիրող իրավիճակն է հետաքրքրում:

«Առաջիկա օրերին պատգամավորական թեկնածուների և կուսակցությունների կողմից համամասնական ընտրացուցակների առաջադրում է լինելու: Պետք է այնպես անել, որ այդ պրոցեսները, իսկապես նաև քարոզչական իմաստով, հասարակության ուշադրությունը թեքեն դեպի խորհրդարանական ընտրություններ», - ասաց Ղուլյանը։

Հաջորդ երկուշաբթի՝ մարտի 9-ից Լեռնային Ղարաբաղում կսկսվի կուսակցությունների կողմից համամասնական ընտրացուցակների ու մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների առաջադրումը:

Արա Հարությունյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG