Մատչելիության հղումներ

logo-print

Սաակաշվիլին կոչ է անում Վաշինգտոնին զենք մատակարարել ուկրաինացիներին


Վրաստանի նախկին նախագահը համոզված է` միայն ամերիկյան զենքի մատարակարարումը Ուկրաինային հնարավորություն կտա Պետրո Պորոշենկոյի կառավարությանը հաջողությամբ ավարտին հասցնել մեկնարկած բարեփոխումները: Այս մասին Միխեիլ Սաակաշվիլին հայտարարեց անցած գիշեր Վաշինգտոնում` Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած հատուկ լսումների ընթացքում:

«Միայն Միացյալ Նահանգների կառավարության արագ և անհապաղ գործողությունները` ուկրաինացիներին զինելն ու մարզումների կազմակերպումը, կարող են կանխել տրանսատլանտյան անվտանգության, սառը պատերազմի ավարտից հետո ձևավորված աշխարհակարգի ապամոնտաժմանն ուղղված Պուտինի ջանքերը», - ասում էր Սաակաշվիլին:

Վրաստանի նախկին նախագահը Միացյալ Նահանգներ է ժամանել որպես Ուկրաինայի ղեկավարին կից գործող Բարեփոխումների միջազգային խորհրդատվական կառույցի համակարգող: Փետրվարի 25-ից ի վեր Սաակաշվիլին Վաշինգտոնում ավելի քան երեք տասնյակ հանդիպումներ է ունեցել թե՛ ամերիկյան գործադիր իշխանության և թե՛ Կապիտոլիումի ազդեցիկ օրենսդիրների հետ: Հանդիպումների գլխավոր նպատակն է համոզել ամերիկյան իշխանություններին, որպեսզի Ուկրաինայի կառավարությանը զենք մատակարարվի:

Անցած շաբաթավերջին Սաակաշվիլին հայտարարեց, որ ամերիկացիները գրեթե 90 տոկոսով պատրաստ են որոշակի զիջումների գնալ` Ուկրաինային պաշտպանական զինատեսակներ տրամադրելով:

Սենատում կայացած լսումներ ժամանակ էլ Միխեիլ Սաակաշվիլին հատուկ ընդգծում էր, որ ամերիկյան պատմության մեջ զենքի նման մատակարարումների նախադեպն առկա է: Ավելի քան երեք տասնամյակ առաջ` 80-ականների կեսին, խորհրդային բանակի Աֆղանստան ներխուժման ժամանակ ամերիկացիները որոշում կայացրեցին մոջահեդներին «Սթինգեր» տեսակի հակաօդային պաշտպանության շարժական կայանքներ տրամադրել: «Դա հնարավորություն տվեց վերջ տալ խորհրդային ավիացիայի գերիշխանությանն Աֆղանստանի օդում, մեծացրեց խորհրդային ուժերի կորուստները, ինչն էլ որոշիչ դեր խաղաց խորհրդային զորքերի դուրսբերման հարցում», - նշում էր Սաակաշվիլին: Նրա համոզմամբ՝ «միայն համարժեք ուժը կարող է կասեցնել ագրեսիան»:

«Կոմունիզմի տարածումը միայն ՆԱՏՕ-ի բանակը չէր որ կասեցրեց: Իրականում կոմունիզմի տարածումը կասեցրեցին հզոր գաղափարները` պաշտպանված հզոր բանակի կողմից: Միացյալ Նահանգները միշտ էլ ավելի հեռու էր ճակատային գծից, ինչը հնարավորություն էր տալիս ձեզ ավելի գործուն կերպով դիմադրել առաջին հայացքից գրավիչ թվացող իրատեսական փոխզիջումներին` ի հաշիվ բարոյականության: Նույնն է այսօր: Ուկրաինան վերջին պետությունն է, որ կանգնած է ռևանշիստական գաղափարներով տոգորված Ռուսաստանի և Ամերիկայի, ողջ ազատ աշխարհի միջև», - պնդում է Սաակաշվիլին:

Խոսելով ուկրաինական պատերազմի մասին` նա հատուկ ընդգծում էր, որ այն, ինչ տեղի է ունենում Դոնեցկի, Լուգանսկի, Մարիուպոլի մերձակայքում, ավելին է, քան զուտ զինված հակամարտությունը:

«Սա շատ ավելի բարդ պատերազմ է, սրանք պարզապես ռազմական գործողություններ չեն: Սա քարոզչական պատերազմ է: Սա պայքար է մարդկանց տեսակետները վերահսկելու համար: Մենք նոր պետք է սկսենք այդ պատերազմը, մենք նոր պետք է սկսենք դիմադրել: Դրա հետ մեկտեղ, մենք պետք է Ռուսաստանի ժողովրդի համար սեփական երկրին և տարածաշրջանին նորովի նայելու հնարավորություններ ստեղծենք: Հարկավոր է նաև անել հնարավորը, որպեսզի իրադարձությունների ռուսական մեկնաբանությունը չներթափանցի մեր քաղաքական կյանք և մեր լրատվամիջոցներ», - հայտարարում էր Վրաստանի նախկին նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG