Մատչելիության հղումներ

Նավասարդյան. Արևելյան գործընկերությունը տարբերակված մոտեցում է ցուցաբերելու իր գործընկեր երկրներին


Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի նախկին համակարգող Բորիս Նավասարդյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 4-ը մարտի, 2015թ.
Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի նախկին համակարգող Բորիս Նավասարդյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 4-ը մարտի, 2015թ.

Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի ազգային նախկին համակարգողը մեկնաբանում է Եվրամիության նոր փաստաթուղթը:

Այս փաստաթուղթն արձանագրում է այն, ինչը վաղուց պարզ էր՝ Արևելյան գործընկերությունն ինքը որպես փնջով այլևս իր գործընկեր երկրներին չի ընկալում և տարբերակված մոտեցում է հանդես բերելու, «Ազատության» հետ զրույցում ասաց Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի ազգային նախկին համակարգող Բորիս Նավասարդյանը:

Նա նշեց, որ Հայաստանի հետ հարաբերությունները կզարգանան ինքնուրույն օրակարգով և ոչ թե Հայաստանը կդիտարկվի որպես վեց երկրներից կամ երեք, չորս երկրներից մեկը։

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և Արևելյան հարևանության քաղաքականության ու ընդարձակման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը երեկ Բրյուսելում ներկայացրեցին Եվրոպական հարևանության ծրագրի թարմացված տարբերակը:

Հիշեցնենք՝ Եվրամիության հարևանության քաղաքականության ծրագրի նպատակն է ավելի սերտ համագործակցել այն պետությունների հետ, որոնք չեն ընդգրկվում Եվրամիության ընդարձակման ծրագրում։ Այս ծրագրով Եվրոպական միությունը համագործակցում է 16 երկրների հետ, դրանց թվում են նախկին խորհրդային վեց պետություններ՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, որոնք ընդգրկված են ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրում։ Բացի նշված վեց երկրներից, Հարևանության նախաձեռնության մասնակիցներից են Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրները։

Թեև փաստաթղթում Ռուսաստանի հետ հարաբերությունները որպես բարեփոխումների մաս դեռ նշված չեն, ԵՄ-ն, սակայն, հաշվի է առնում նոր հնարավոր ընդարձակումը և համագործակցությունն Արևելյան հարևանության երկրների «հարևանների» հետ ևս:

«Ազատության» դիտարկմանը, թե Եվրամիությունը մտադիր է իր սկզբունքներում փոփոխություններ մտցնել, շատերի կարծիքով՝ Ռուսաստանին կարող է առաջարկվել ավելի սերտ համագործակցություն, և հարցին, թե ինչո՞վ է պայմանավորում այս շրջադարձը, Բորիս Նավասարդյանը պատասխանեց, - «Ես չէի ասի, որ դա շրջադարձ է, ես կասեի, որ դա վերադարձի փորձ է: Մինչև 2012 թվականը բավականին բովանդակային քննարկումներ էին տեղի ունենում Ռուսաստանի և Եվրամիության միջև, և, իհարկե, Եվրամիությունը և Ռուսաստանում շատ քաղաքական ուժեր կցանկանային այդ օրակարգին վերադառնալ, ուղղակի իրողությունները դա թույլ չեն տալիս այսօրվա։ Եթե իրավիճակը փոխվի, մասնավորապես՝ Ուկրաինայի զարգացումների հետ կապված, ապա Ռուսաստանը, իհարկե, ոչ թե այն մակարդակից, որին ինքը հասել է 2012 թվականին, այլ ավելի ցածր մակարդակից կարող է սկսել այդ երկխոսությունը»։

Նավասարդյանի խոսքով՝ այսօր ամեն ինչ կախված է ոչ թե Բրյուսելից, որը միշտ պատրաստակամ է և շարունակում է պատրաստակամ լինել Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելուն, այլ Մոսկվայից՝ «ինչքանով կսրբագրի այսօրվա իր արտաքին քաղաքականությունը հարևանների նկատմամբ»։

Ասոցացված, բանակցված համաձայնագիրը, հիշեցնենք, Հայաստանն այդպես էլ չստորագրեց՝ շրջադարձ կատարելով դեպի Եվրասիական տնտեսական միություն։

Հարցին, թե Ռուսաստանի հետ հարաբերությունների ջերմացումը հայաստանցի պաշտոնյաներին կարո՞ղ է ավելի մեծ վստահություն տալ Եվրամիության հետ հարաբերությունները սերտացնելու համար, Նավասարդյանը պատասխանեց. - «Համարձակություն մեր իշխանությունները կունենան միայն այն դեպքում, երբ որոշակի «դաբրո» ստանան Մոսկվայից՝ զարգացնելու համար իրենց հարաբերությունները Եվրամիության հետ և, բնականաբար, դժվար է ակնկալել, որ Ռուսաստանն այս անգամ թույլ տա, որ Հայաստանը շատ առաջ պոկվի այն հարաբերությունների մակարդակից, որ Եվրամիության հետ ունի բուն Ռուսաստանը»։

Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի նախկին համակարգողը նաև նշեց՝ կան բազմաթիվ փաստեր, որ խոսում են այն մասին, որ Արևմուտքի և Ռուսաստանի հետ հարաբերությունները ոչ թե բարելավման հեռանկար ունեն, այլ՝ հակառակը։

«Մանավանդ եթե կսկսվի զենքի մատակարարումը Ուկրաինա ԱՄՆ-ից, Եվրամիությունը, պարզ է, թեև անմիջական մասնակցություն այդ օպերացիաներում չի ունենալու, բայց ուզած-չուզած քաղաքական և աշխարհաքաղաքական աջակցություն ԱՄՆ-ի այդ քայլին ցուցաբերելու է։ Եվ այս պայմաններում ակնկալել, որ միանշանակ Մոգերինիի կամ Հանի հայտարարությունները նշանակում են, որ նոր դար է սկսվում Եվրամիություն - Ռուսաստան հարաբերություններում, դա մի քիչ վաղ է», - ասաց Նավասարդյանը։

Թե ինչ ապագա կունենան Հայաստան - Եվրամիություն հարաբերությունները, Բորիս Նավասարդյանն ասաց, որ դեռ դժվար է կանխատեսել: «Եթե տեղի չի ունենում բարելավում Ռուսաստան - Եվրամիություն հարաբերություններում, ապա ընդհանրապես շատ դժվար է կանխատեսել՝ ինչ տեղի կունենա Հայաստան - Եվրամիություն հարաբերություններում», շեշտեց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG