Մատչելիության հղումներ

logo-print

Mercer. Երևանը կյանքի որակով 183-րդն է աշխարհի խոշորագույն քաղաքների շարքում


Տեսարան Երևանից

Տեսարան Երևանից

Այդուհանդերձ, Հայաստանի մայրաքաղաքը գերազանցում է հարավկովկասյան մյուս երկու մայրաքաղաքներին:

Աշխարհի 230 խոշորագույն քաղաքների շարքում կյանքի որակով Երևանը 183-րդն է` նույն մակարդակի վրա, ինչ Հոնդուրասի մայրաքաղաք Տեգուսիգալպան, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութն ու աֆրիկյան Բենինի մայրաքաղաք Կոտոնուն: Սա են վկայում Լոնդոնում գործող Mercer խորհրդատվական ընկերության ամենամյա զեկույցի տվյալները:

Բրիտանացի մասնագետները ամեն տարի նման զեկույցի միջոցով գնահատում են երկրագնդի խոշորագույն մեգապոլիսներում տիրող վիճակը: Փաստաթուղթը նախապատրաստելու ընթացքում Mercer-ի փորձագետները մեկ տասնյակից ավելի գործոններ են հաշվի առնում` ենթակառուցվածքների զարգացածության աստիճանը, բնապահպանական վիճակը, աշխարհագրական դիրքն ու կլիմայական պայմանները, մատուցվող ծառայությունների որակը, այս կամ այն քաղաքում գտնվող կրթական և առողջապական հաստատությունների աշխատանքը, բնակչության կենսամակարդակը:

Երևանը նախորդ տարվա նույնատիպ զեկույցի համեմատ նահանջել է երեք հորիզոնականով: Չնայած դրան, ըստ Mercer-ի մասնագետների, Երևանում կացությունը ավելի տանելի է, քան հարավկովկասյան մյուս երկու մայրաքաղաքներում՝ Թբիլիսի այս տարվա զեկույցում 194-րդ տեղում է, իսկ Բաքուն` 197-րդ:

Հետխորհրդային տարածքի քաղաքներից ամենաբարձր ցուցանիշը Մոսկվան է արձանագրել: Ռուսաստանի մայրաքաղաքը, սակայն, չի կարողացել անգամ առաջին հարյուրյակում տեղ գտնել` այն 167-րդ տեղում է: Մոսկվայում, ըստ Mercer-ի փորձագետների, կյանքի որակը քիչ է տարբերվում, ասենք, Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից կամ Ուգանդայում գտնվող Կամպալայից:

ԱՊՀ-ի տարածքի մյուս երեք խոշորագույն մեգապոլիսները` Սանկտ Պետերբուրգը, Ալմաթին և Կիևը կյանքի որակի գրեթե նույն` ոչ այնքան բարձր մակարդակն ունեն: Այս քաղաքները 174-176-րդ տեղերն են զբաղեցնում:

Իսկ աշխարհի ամենահարմարավետ քաղաքների եռյակը հետևյալ տեսքն ունի` Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան, շվեյցարական Ցյուրիխն ու Նոր Զելանդիայի մեծությամբ երկրորդ քաղաքը` Օքլենդը:

Ի դեպ, բրիտանացի մասնագետների կարծիքով, քաղաքային ենթակառույցների զարգացման առումով ամենամեծ հաջողությունների հասած երկիրը Գերմանիան է: Mercer-ի ցուցակի առաջին տասնյակում միանգամից երեք գերմանական քաղաք է ընդգրկված` Մյունխենը, Դյուսելդորֆը և Ֆրանկֆուրտը:

XS
SM
MD
LG