Մատչելիության հղումներ

Հայաստանը ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները չի վերսկսել


Հայաստանը ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները չի վերսկսել
please wait

No media source currently available

0:00 0:03:50 0:00

Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին մոտ երկուս ու կես ամիս է մնացել, սակայն Հայաստանն այդպես էլ չի վերսկսել բանակցությունները Եվրամիության հետ` նոր համաձայնագիր կնքելու նպատակով:

Այս մասին հայտնի դարձավ այսօր էկոնոմիկայի առաջին փոխնախարար Գարեգին Մելքոնյանի խոսքից, ով ընդգծեց՝ Եվրամիության հետ ընթանում են միայն մասնագիտական քննարկումներ:

«Եվրոպական միության հետ այս պահի դրությամբ բանակցային գործընթաց չի ընթանում, խոսքը գնում է ընդամենը մասնագիտական քննարկումների մասին։ Դրանք հետագա համագործակցության ուղղվածության, ոլորտային ծածկույթի շուրջ քննարկումներ և ընդհանուր տեսակետներ ձևավորելու շուրջ են»,- ասաց փոխնախարար։

Դիտարկմանը, թե կարելի է ասել, որ խոսք չի գնում նոր փաթեթային պայմանավորվածության մասին, Մելքոնյանը արձագանքեց.- «Դեռ վաղ է նման ձևակերպումներ կամ ընդհանուր եզրահանգումներ անելը։ Կան ընդհանուր մասնագիտական քննարկումներ»։

Այս հայտարարությունը ուշագրավ է նաև այն պատճառով, որ անցած տարվա ընթացքում հայաստանցի պաշտոնյաները շարունակ հայտարարում էին, թե Եվրամիության հետ բանակցություններ են ընթանում նոր համաձայնագիր կնքելու շուրջ, որը չի հակասի Եվրասիական տնտեսական միության շրջանակում Երևանի ստանձնած պարտավորություններին:

Անցած տարվա դեկտեմբերին Գարեգին Մելքոնյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ Հայաստանը Եվրամիության հետ վերսկսում է բանակցությունները նոր համաձայնագրի ստորագրման շուրջ, և եթե աշխատանքներն արդյունավետ ընթանան, այդ փաստաթուղթը կստորագրվի մոտ ապագայում:

Մոտ երեք շաբաթ առաջ Երևանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան լրագրողներին փոխանցեց, որ Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում կպարզվի Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների հեռանկարը:

Այդ գագաթնաժողովը կայանալու է մայիսի 21-22-ը և հաջորդն է 2013-ի նոյեմբերին տեղի ունեցած ԵՄ Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթնաժողովից հետո, որի ժամանակ Հայաստանը հրաժարվեց ստորագրել մոտ 3.5 տարի բանակցված Ասոցացման համաձայնագիրը:

«Եթե չկան բանակցություններ, և ընդամենը մասնագիտական քննարկումներ են, հետևաբար Ռիգայի գագաթնաժողովից Հայաստանի մասով ոչինչ չե՞նք կարող սպասել»,- հարցրեցինք Գարեգին Մելքոնյանին:

«Ես պիտի խնդրեմ այդ հարցով դիմել արտաքին գործերի նախարարություն, որովհետև այդ մասով նախապատրաստական աշխատանքը անում է ԱԳՆ-ն»,- պատասխանեց փոխնախարարը։

Դիմեցինք ԱԳՆ. նախարարության մամլո քարտուղար Տիգրան Բալայանը «Ազատությանը» ներկայացրեց այս հունվարին Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-Հայաստան խորհրդի նիստից հետո արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը. «Հայաստանը մտադիր է զարգացնել և խորացնել համապարփակ համագործակցությունն ու գործընկերությունը ԵՄ-ի հետ՝ հաշվի առնելով մեր պարտավորությունները այլ միջազգային, ինտեգրացիոն ձևաչափերում: Մեր եվրոպական գործընկերների հետ քննարկումներ ենք անցկացնում Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման շուրջ»։

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանի խոսքով՝ այն, ինչ այսօր առկա է Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններում, կարելի է բնորոշել միայն «ճգնաժամ» բառով:

«Կողմերը դեռևս չեն կարողանում գտնել այն ընդհանուր փոխադարձ ընդունելի ձևաչափը, որով հնարավոր կլինի կառուցել երկկողմ հարաբերությունները։ Հիմա ես վստահ չեմ, որ Հայաստանը կկարողանա անել նույն առաջարկությունը, ինչ արեց սեպտեմբերի 3-ից հետո, այն է՝ պատրաստակամություն ստորագրել այդ համաձայնագրի քաղաքական մասը։ Այստեղ մեկն է պատճառաբանությունը՝ գտնվելով անվտանգության մի համակարգում, ինչպե՞ս կարելի է ինտեգրվել տնտեսական այլ համակարգի։ Հիմա դա առավել խորացավ. գտնվելով անվտանգության և տնտեսական մի համակարգում, ինչպե՞ս կարելի է ինտեգրվել քաղաքական մեկ այլ համակարգի»,- ասաց Ղազինյանը։

XS
SM
MD
LG