Մատչելիության հղումներ

Պռոշյանի գյուղապետի սպանության գործի քննությունը «դոփում է տեղում»


Երկու տարի առաջ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի աղմկահարույց սպանությունը ցայսօր բացահայտված չէ։

Ո՞վ և ինչո՞ւ սպանեց 50-ամյա դաշնակցական գյուղապետին․ մինչև հիմա այս հարցերը իրավապահներն անպատասխան են թողել՝ շարունակ հավաստիացնելով, թե գործը գտնվում է իրենց ուշադրության ներքո և որ անում են հնարավորը մեղավորներին հայտնաբերելու ու պատժելու համար։

Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ այս ընթացքում հանդիպումներ են ունեցել իրավապահ մարմինների ղեկավարների հետ: Հանդիպում է եղել նաև երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Բարձր մակարդակով խոստումներ են տրվել, որ Մուրադյանի սպանության բացահայտումը նաև իրենց պատվի գործն է։ Քսան հատորից կազմված քրեական գործի արդյունավետ քննության համար անգամ նոր քննչական խումբ է ձևավորվել, բայց արդյունք չկա:

«Սա իսկապես ծանր բեռ է բոլորիս վրա: Նաև համայնքում տիրող մթնոլորտի վրա սա էապես ազդում է: Ցավոք, մեր ոստիկանությունը, մեր քննչական մարմինները շատ հաճախ են իրենց պատվի գործը համարում այս կամ այն հանցագործությունը բացահայտելը, բայց այդպես էլ որևէ էական արդյունք չենք արձանագրում», - ասաց Վարդանյանը:

Դաշնակցությունում այժմ էլ շարունակում են պնդել, որ Մուրադյանի սպանությունը քաղաքական էր։ Դեռ երկու տարի առաջ կուսակցությունը պնդել էր, թե «գյուղապետը ահաբեկչության զոհ է դարձել», որ «տեղի է ունեցել կանխամտածված ու ծրագրված սպանություն, և այն անպատժելիության և անհանդուրժողական մթնոլորտի հետևանք է»։

Այսօր, սակայն, Աղվան Վարդանյանը, չի շտապում եզրահանգել, որ իրավապահները չեն ուզում բացահայտել սպանությունը՝ հենց քաղաքական նկատառումերից ելնելով․ - «Հանցագործությունը ապացուցելու, բացահայտելու առումով պետք էին իսկապես իրավական հիմքեր, որոնք մեր իրավապահ մարմինները առ այսօր չեն կարողանում գտնել: Իրենց ոչ-պրոֆեսիոնալիզմի պատճառով, առկա փաստերի բացակայության պատճառով՝ սա արդեն այլ խնդիր է։ Ցավոք, միանշանակ գնահատական տալ, որ հնարավոր էր բացահայտել, միտումնավոր չեն բացահայտում, ես ինձ թույլ չեմ տա: Ի վերջո սա իրենց խնդիրն է: Մեր՝ քաղաքացիներիս, և իբրև քաղաքական ուժ մեր գործն է պահանջել, չթողնել, որ թուլանան քննչական գործողությունները»:

Մուրադյանի ընտանիքը կատարվածից հետո հայտարարեց, թե Հրաչ Մուրադյանը «կանգնած էր վերադասների կոկորդին», չէր ենթարկվում նրանց։ Եվ որ սպանությունից առաջ էլ նրա հասցեին սպառնալիքներ են հնչել, անգամ ավտոմեքենայի ուղղությամբ են կրակել։ Տուժողի իրավահաջորդ Հակոբ Մուրադյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե իշխանությունները պարզապես չեն ուզում բացահայտել սպանությունը:

Պռոշյանի սպանված գյուղապետի գործով միակ մեղադրյալը այժմ ազատության մեջ է։ Արայիկ Պետրոսյանը մինչև հիմա էլ պնդում է, թե առնչություն չունի կատարվածի հետ։ Նրա փաստաբան Գիվի Հովհաննիսյանի խոսքով, գործը վաղուց պետք է լիներ դատարանում, բայց նախաքննական մարմինը դեռևս չի կարողանում հաստատել միակ մեղադրյալի մեղքը, քննությունն էլ դոփում է տեղում:

XS
SM
MD
LG