Մատչելիության հղումներ

Վանաձորում ևս տաքսու անհատ վարորդները բողոքում են Կառավարության նոր որոշման դեմ


Մի քանի տասնյակ անհատ տաքսու վարորդների բողոքը լսելու և պարզաբանումներ տալու համար այսօր Վանաձոր էր եկել տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արամ Արսենյանը:

Հիշեցնենք, երկու օր առաջ ավելի քան հարյուր անհատ տաքսու վարորդներ Վանաձորի Հայքի հրապարակում բողոքում էին մարտի 1-ից ուժի մեջ մտած Կառավարության նոր որոշման դեմ, համաձայն որի վարորդները պետք է ամսական հաստատագրված գումար մուծեն, և պարտադիր հաշվիչ տեղադրեն:

Լոռու մարզպետարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Արսենյանը փորձում էր ներկայացնել կառավարության նոր որոշման կարևորությունը, փորձում էր համոզել, որ որոշումը վարորդների օգտին է:

«Ես ձեզ հավատացնում եմ՝ դա շատ խելոք օրենք է, աշխարհի բոլոր երկրներում ընդունված: Վերջին հաշվով` էդ տաքսին մեր քաղաքացուն է տանում»,-ասում էր Արսենյանը: Եեթե օրենքը թողնեն այնպես, ինչպես կա և ոչ մի փոփոխություն չմտցնեն, Արսենյանի համոզմամբ, վիճակը երկու տարի անց ավելի է վատանալու:

Պարզաբանումները լսելուց հետո անգամ, ներկաների պահանջը հստակ էր՝ փոխել Կառավարության որոշումը: Վարորդներն ասում էին, որ իրենք ի վիճակի չեն հաշվիչ տեղադրել, ամսական գումար մուծել, քանի որ հազիվ են կարողանում հացի գումար վաստակել:

«Հոսք չկա, մարդ չկա, կանգնի ժամերով, որ մի հատ ուղևոր գա, Գիքորի գործ․․․ Եթե էդ հնարավորությունը լիներ, ոնց որ, կներեք, Ձեր ատամնաշարն է սիրուն սարքած, իմն էլ սարքած կլիներ: Հնարավորությունը էնքան ա ստիպում նեղվել, որ իրոք հացի կարոտ ենք մնում», - ասաց տաքսու վարորդներից մեկը:

Հանդիպումը բավական լարված մթնոլորտում էր ընթանում: Տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնյան ասում էր, որ որոշումն արդեն ընդունված է, վարորդները պարտավոր են հաշվիչներ տեղադրել, ընդ որում, հաշվիչների արժեքը դեռևս հստակ չէ, դրա վերաբերյալ դեռևս քննարկումներ են ընթանում: Ներկաներին չգոհացրեց Արամ Արսենյանի հետ հանդիպումը, և ի նշան բողոքի, նրանք լքեցին դահլիճը:

«Ազատության» հետ զրույցում վարորդները վստահեցնում էին, որ շարունակելու են տաքսի ծառայություն մատուցել առանց հաշվիչ տեղադրելու և ամսական հաստատագրված գումարը վճարելու, իսկ տուգանվելու դեպքում պատրաստվում են մեծ բողոքի ալիք բարձրացնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG