Մատչելիության հղումներ

Եվրամիությունը վերանայում է իր Եվրոպական հարևանության ծրագիրը


«Մենք մեր հարևանների հետ հարաբերություններում տարբերակված վերաբերմունքի անհրաժեշտություն ունենք»,- հայտարարել է ԵՄ-ի արտաքին հարցերով բարձր ներկայացուցիչը։

Եվրամիության արտաքին հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և Արևելյան հարևանության քաղաքականության և ընդարձակման բանակցությունների հարցով հանձնակատար Յոհանես Հահնը այսօր Բրյուսելում ներկայացրին Եվրոպական հարևանության ծրագրի թարմացված տարբերակը:

Վերջին անգամ Եվրամիությունը իր Հարևանության ծրագրի քաղաքականությունը վերանայել էր 4 տարի առաջ` 2011-ին: Այսօր, հաշվի առնելով տարածաշրջանում էական տեղաշարժերը, Եվրամիությունը մտադրություն ունի փոփոխություններ մտցնել իր սկզբունքներում և գործիքներում, ասվում է պաշտոնական հայտարարությունում` Արևելյան հարևանության երկրներում նկատի ունենալով հատկապես ուկրաինական ճգնաժամը:

«Մենք ուժեղ քաղաքականության և մեր հարևանների հետ հարաբերություններում տարբերակված վերաբերմունքի անհրաժեշտություն ունենք` հաշվի առնելով նրանց տարբեր նկրտումները, արժեքներն ու հետաքրքրությունները»,- իր ելույթում նշեց բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

Հարևանության հարցերով հանձնակատար Հահնի խոսքով` Եվրամիությունը ցանկանում է կայուն, խաղաղ և բարգավաճ սահմաններ ունենալ: Այդ իմաստով համագործակցության ծրագրի վերանայումը և մինչ հուլիս ծրագրած խորհրդակցությունները նպատակ ունեն ավելի տարբերակված, ճկուն և տեսանելի քաղաքականություն ապահովել ԵՄ-ի և նրա գործընկեր-երկրների միջև:

Ժամեր առաջ հրապարակված փաստաթղթում ԵՄ-ն մատնանշում է արտաքին քաղաքականության հարցերում անցյալ տարիներին թույլ տված իր բացթողումները: Այն է` պետությունների շահերին չվնասելու համար պետք է ավելի տարբերակված և առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել: Ավելին ավելիի դիմաց սկզբունքը ոչ բոլոր դեպքերում իրեն արդարացրեց բարեփոխումների հասնելու ճանապարհին, նշված է ԵՄ-ի հայտարարությունում: Հարկավոր է հասկանալ՝ ինչու որոշ երկրներ ետ կանգնեցին եվրոպական ասոցացումից և այլ ճանապարհ նախընտրեցին և ինչպես Եվրամիությունը պետք է արձագանքի ճգնաժամային իրավիճակներում, ասվում է փաստաթղթում` ակնարկելով նաև հակամարտությունների հարցում ԵՄ հնարավոր դերակատարման խորացման հնարավորությունը:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Արևելյան հարևանության երկրներում Ռուսաստանի կողմից իրականացվող ակնհայտ ագրեսիվ գործողությունների վերաբերյալ, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները նշեցին, որ իրենք կողմնակից են համագործակցության և ոչ երբեք առճակատման: Այսպիսով, թեև փաստաթղթում Ռուսաստանի հետ հարաբերությունները որպես բարեփոխումների մաս դեռ նշված չէ, ԵՄ-ն, փաստորեն, հաշվի է առնում նոր, հնարավոր ընդարձակումը և համագործակցությունը Արևելյան հարևանության երկրների «հարևանների» հետ ևս:

Առաջիկայում կհրապարակվի նաև Հարևանության երկրներում առաջընթացի գնահատման զեկույցը, որը կանդրադառնա նաև Հայաստանի քաղաքական իրավիճակին, ժողովրդավարության մակարդակին։

XS
SM
MD
LG