Մատչելիության հղումներ

ՀԲ․ Հայաստանի տնտեսության լճացումը կշարունակվի


Այս տարի Հայաստանի տնտեսությունը կշարունակի մնալ լճացման վիճակում, «Ազատության» հետ զրույցում կարծիք է հայտնեց համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին՝ հույս հայտնելով, որ Հայաստանի իշխանությունները կկարողանան հնարամիտ լուծումներով արձագանքել ստեղծված վիճակին։

«Ինչպես գիտեք՝ 2014-ի վերջին մենք տեսանք տնտեսական աճի դանդաղում, պատճառներից մեկն այն է, որ տնտեսական աճը դանդաղեց եվրագոտու երկրներում, որոնք Հայաստանի կարևոր գործընկերն են։ Բացի այդ՝ տնտեսական խնդիրներ առաջացան Ռուսաստանում, որոնք պայմանավորված էին հիմնականում նավթի գների անկմամբ, նաև, որոշ չափով, պատժամիջոցներով։ Հայաստանի համար այս տարի կանխատեսում ենք, որ այս լճացած տնտեսական վիճակը կշարունակվի», - մանրամասնեց նա:

Ընդգծելով, որ Կառավարության ակնկալած 4.1 տոկոս տնտեսական աճն այս տարի իրատեսական չէ՝ Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավարը նաև վստահություն է հայտնում, որ մարտին Հայաստանի իշխանությունները կվերանայեն այդ ցուցանիշը։

«Այդ թիվը գուցե իրատեսական էր այն ժամանակ, երբ Կառավարությունը կատարում էր այդ կանխատեսումը, պետական բյուջեն կազմելու ժամանակ, այսինքն ավելի քան 6 ամիս առաջ։ Մենք վստահ ենք, որ մարտին մեզ հետ նախատեսված հանդիպումներում իշխանությունները տնտեսական աճի վերաբերյալ նոր թվեր կներկայացնեն», - ասաց Լորա Բեյլին։

Էկոնոմիկայի նախարարության օրակարգում, մինչդեռ, տնտեսական աճի կանխատեսումը վերանայելու հարց չկա։ Փոխնախարար Գարեգին Մելքոնյանն ասում է. - «Այդ թիվը դրված է բյուջեում, դա պաշտոնական տեղեկատվություն է, եթե խնդիր լինի դա վերանայելու, պետությունը հավուր պատշաճի դա կներկայացնի»

Մինչդեռ կենտրոնական բանկը շաբաթներ առաջ հրապարակած զեկույցում կանխատեսել էր առավելագույնը 2 տոկոս տնտեսական աճ՝ Կառավարության ակնկալած 4 տոկոսի փոխարեն։ Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը Կառավարության ու Կենտրոնական բանկի տված թվերի մեծ տարբերության մասին խոսել չցանկացավ՝ ասելով, թե ավելի կարևոր խնդիրներ կան:

«Հիմա կանխատեսումների, թվերի շուրջ շատ ծանրանալը ես կարծում եմ ամենակարևոր խնդիրը չի, ամենակարևոր խնդիրն այն է, որ հնարավորինս նոր, առավել էֆեկտիվ և առավել տեսանելի մասնավոր հատվածի համար գործիքներ բերվի»

Գարեգին Մելքոնյանը նշում է, թե Կառավարությունը քայլեր է ձեռնարկում Հայաստանի տնտեսության վրա արտաքին բացասական ազդեցությունները մեղմելու համար։ Համաշխարհային բանկը ևս կարևորում է ներքին արտադրության խթանումը, որպեսզի Հայաստանը այս աստիճանի մեծ կախում չունենա ներկրումներից, ասում է Լորա Բեյլին։ էկոնոմիկայի փոխնախարարը վստահեցնում է, որ այս ուղղությամբ աշխատում են։

Ռուսաստանից ու առհասարակ արտաքին աշխարհից Հայաստանի տնտեսության մեծ կախվածությունը վերացնելու անհրաժեշտության մասին, Հայաստանում վաղուց են խոսում, հիշեցնում է տնտեսական վերլուծաբան Բաբկեն Թունյանը։

«Էդ կախվածության թուլացման մասին դեռ Տիգրան Սարգսյանը 2008, 2009 թվականից խոսում էր, որ պետք է դիվերսիֆիկացնենք տնտեսությունը, բարելավենք, կախվածությունը թուլացնենք, բայց ինչպես տեսնում ենք, դա որևէ արդյունք էս պահին չի տվել», - ընդգծեց տնտեսագետը:

Տեսականում հնարվոր է ամեն ինչ, մինչդեռ գործնականում քիչ հավանական է, որ ներկայիս իշխանությունները կարողանան կենսունակ տնտեսություն ստեղծել, որի վրա ռուբլու անկումն այսքան մեծ ազդեցություն չի ունենա, ասում է վերլուծաբանը։

«Խնդիրներն ավելի խորքային են, ինչ-որ ծրագրերով, հայեցակարգերով, օրենքների փոփոխությամբ հնարավոր չէ լուրջ վիճակի հասնել, որովհետև այդ կախվածությունը թուլացնելու համար պետք է ամբողջ տնտեսական կառուցվածքը փոխվի՝ թե արտահանման, թե արդյունաբերության, պետք է լինի իրոք մրցակցային համակարգ, որը միայն տնտեսական հատվածով չի սահմանափակվում», - ասաց Բաբկեն Թունյանը:

XS
SM
MD
LG