Մատչելիության հղումներ

Փարաջանովի մասին ֆիլմը ներկայացվեց Բրյուսելում


Կաննի փառատոնի հաղթող, հայազգի ռեժիսոր Սերժ Ավեդիքյանն իր «Փարաջանով» ֆիլմը բերել է Բրյուսել: Բազմալեզու, բազմամշակույթ Փարաջանովի մասին պատմող ֆիլմն ու Բրյուսելի Հայ մշակութային տանը հավաքված հանրությունն էլ է այդպիսին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ֆիլմի համահեղինակ, ռեժիսոր, ինչպես նաև Փարաջանովի դերակատար Սերժ Ավեդիքյանն ասաց՝ ֆիլմը տարբեր երկրների հանդիսատեսի կողմից է սիրվել. Փարաջանովը ճանաչելի ու ընդունելի է` անկախ ազգային, լեզվական ու մշակութային տարբերություններից։

«Երբ մի լեգենդի ես մոտենում, երբ մի յուրահատուկ լեզվի ես մոտենում, ինչ-որ բան մատուցելու համար ժողովրդին, կարող ես որևէ մի լեզվով մատուցել դա, և ժողովուրդը կհասկանա։ Հարցն այն է, թե դու համամարդկային մոտեցում ունես այդ լեգենդներին, թե միայն փակ մոտեցում ունես։ Սա է իմ կարծիքով ամենահետաքրքիր ճանապարհը, և որ Փարաջանովը շատ լավ հասկացել էր»,- ասաց ռեժիսորը։

Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Ֆրանսիայի համատեղ արտադրության ֆիլմը նվիրված է Սերգեյ Փարաջանովի կյանքի նշանավոր դրվագներին Կիևում, Թբիլիսիում, Երևանում ու Փարիզում:

«Ուկրաինայում այսօր ցանկանում են Փարաջանովի տուն-թանգարան կառուցել, Վրաստանում ևս ուզում են թանգարան կառուցել, ծնողների տունը կա, և արձանը կա։ Այդ երեք երկրները ընդունում են և պարծենում են Փարաջանովով, շատ հետաքրքիր է, որ մի ստեղծագործող պատկանել է այդ բոլոր ազգերին, դա հիանալի բան է։ Ուրեմն նա սահմանները անցել է, մոտեցել է ժողովուրդների լեգենդներին, նրանց ներքին աշխարհին»,- ասում է Ավեդիքյանը։

Ֆիլմի սցենարի հեղինակ, համառեժիսոր ու պրոդյուսեր Ելենա Ֆետիսովան ազգությամբ ուկրաինուհի է: «Փարաջանով» ֆիլմի համար ամիսներ առաջ նա հրաժարվեց Սերժ Սարգսյանից ստանալ Հայաստանի պետական մրցանակը՝ այդպիսով իր անհամաձայնությունը հայտնելով Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ նրա դիրքորոշման հետ։

XS
SM
MD
LG