Մատչելիության հղումներ

Եթե Ծառուկյանը հրաժարվի ղեկավարել ԲՀԿ-ն, կառաջադրվի Զոհրաբյանի թեկնածությունը


ԲՀԿ-ում դեռ տեղյակ չեն` Ծառուկյանը կհրաժարվի՞ կուսակցության ղեկավարի պաշտոնից, թե՞ ոչ։

Վաղը կայանալիք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) արտահերթ համագումարում կուսակցության նախագահի պաշտոնում ԲՀԿ-ականները կառաջադրեն Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը, եթե կուսակցության ներկայիս առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրաժարվի իր պաշտոնից։

Կդիմի Ծառուկյանն այդ քայլին, թե ոչ՝ ԲՀԿ պատգամավորները տեղյակ չեն։ Մինչդեռ Միքայել Մելքումյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Նաիրա Զոհրաբյանի թեկնածությանն են եկել քննարկումների արդյունքում. - «Բոլորս կողմ ենք, որովհետև Նաիրա Զոհրաբյանը կոնսենսուսային արժանի վաստակ ունեցող այն ֆիգուրան է քաղաքական, որն այս պահին կարող է նոր, այսպես ասեմ, վերարտադրություն ապահովել, այս բարդ պայմաններում»։

ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը ևս հաստատեց Նաիրա Զոհրաբյանի թեկնածության մասին տեղեկությունը: Ասաց, որ ղեկավարի այլ թեկնածու չունեն։ «Ազատության» հարցին, որ եթե Ծառուկյանը հեռանա կուսակցությունից, կկարողանա՞ արդյոք ԲՀԿ-ն առանց նրա շարունակել գործունեությունը, ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայան ասաց, որ իրենք պահպանելու են քաղաքական թիմը, դեմքը և գիծը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ունի քաղաքական թիմ, որի ներկայացուցիչներից մեկն էլ ես եմ, և կարծում եմ, որ մեր թիմը բավականին կուռ և կառուցողական թիմ է, որը կարող է մեր երկրի համար դրական փոփոխություններ բերել և զարգացնել», - ասաց Բաբայանը։

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կուսակցությունը ղեկավարելու հնարավորության մասին չի շտապում խոսել։ «Ազատության» հետ զրույցում նա ասաց, որ ղեկավարը դեռ Գագիկ Ծառուկյանն է:

ԲՀԿ-ականները դեռ չգիտեն, թե կուսակցության առաջնորդը ինչ է հայտարարելու վաղը, ուստի Զոհրաբյանի կարծիքով, ղեկավարի հնարավոր թեկնածուների մասին խոսելը անպարկեշտ է․ ամեն ինչ պարզ կլինի արտահերթ համագումարում։ Հարցին՝ եթե ԲՀԿ ղեկավարի պաշտոնում վաղն առաջադրվի իր թեկնածությունը, կհամաձայնի՞ ղեկավարել այն, Զուրաբյանը պատասխանեց. - «Խմբակցությունն առաջադրել է, բայց կա համագումար, և քվեարկությունը տեղի է ունենալու համագումարում»։

Առաջիկայում «Բարգավաճ Հայաստանը» քննարկումների արդյունքում պետք է հասկանա նաև, թե ինչ մարտավարությամբ է առաջ շարժվելու։ Պատգամավոր Վահան Բաբայանն ասաց, որ իրենք միշտ էլ լավին լավ են ասելու, վատին՝ վատ։

«Պետք է «Բարգավաճ»-ը, կոպիտ ասած, ռեստարտ արվի, և այդ տրանսֆորմացիան պետք է կայանա, որից հետո նոր կարելի է խոսել քաղաքական կուրսի մասին, որովհետև բավականաչափ ֆորսմաժորային իրավիճակ ստեղծվեց մեր կուսակցության համար, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ», - ասաց Բաբայանը:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը էլ ավելի բացեց փակագծերը․ ըստ նրա, կուսակցության ապագա քաղաքական գիծը նախկինը չի լինելու, որոշումներն էլ կայացնելու են միասնական քննարկումներով։

«Դուք կտեսնեք հաջորդ քառօրյան, թե ինչ կհռչակի «Բարգավաճ»-ն իր կարգավիճակի մասով, այսինքն՝ մենք չենք մնա այլընտրանք», - ասաց Մելքումյանը։

Եռյակի գործընկեր ՀԱԿ-ի համար առաջնայինը ոչ թե ԲՀԿ-ի ղեկավարի անձն է, այլ կուսակցության դիրքորոշումը, թեև խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով Նաիրա Զոհրաբյանի հետ շատ լավ հարաբերություններ ունեն, լավ համագործակցել են։ Զուրաբյանն ընդգծեց՝ ՀԱԿ-ի օրակարգը չի փոխվել, սպասում են ԲՀԿ-ի որոշմանը, եթե ԲՀԿ-ի դիրքորոշումներն էլ արտահերթ համագումարում չփոխվեն, նախկինի պես կհամագործակցեն։

«Սահմանադրական փոփոխությունները ունեն մեկ նպատակ և եթե մենք չենք ցանկանում, որ Սերժ Սարգսյանը հավերժացնի իր իշխանությունը, ուրեմն մենք, ինչպես անում էինք, պետք է շարունակենք համագործակցել այդ նպատակի շուրջ: Բնականաբար մենք պատրաստ ենք շարունակել համագործակցել այդ նպատակի շուրջ», - ասաց Լևոն Զուրաբյանը:

ԲՀԿ ղեկավարի փոփոխության մասին խոսակցությունները սկսվեցին այն բանից հետո, երբ նախագահ Սերժ Սարգսյանը «ողբերգություն» և «զավեշտ» որակեց Ծառուկյանի քաղաքական մեծ հավակնությունները հավելելով, որ «Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար չարիք է դարձել»։

Այսօր, սակայն, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենք երբեք անձերի դեմ չեն պայքարել, Գագիկ Ծառուկյանի անձի դեմ որևէ բան չունեն, բայց կարծում են, որ կուսակցությունում որոշում կայացնելու իրավունքը պետք է տրված լինի բացառապես քաղաքական գործիչներին։

«Ազատության» այն հարցին էլ, եթե Ծառուկյանը հեռանա կուսակցության ղեկավարի պաշտոնից, արդյոք հանրապետականները կհամարեն, որ քաղաքական դաշտը մաքրված է, նա արձագանքեց․ - «Մենք ընդդեմ չենք պայքարում, մենք հանուն ենք պայքարում, հանուն քաղաքական մշակույթի ձևավորման, քաղաքական մթնոլորտի առողջացման և գաղափարական ու ծրագրային պայքարի»:

Օսկանյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել

Հայաստանի նախկին արտգործնախարար, Աժ պատգամավոր Վարդան Օսկանյանն այսօր դիմում է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու մասին:

«Վարդան Օսկանյանը դիմում է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը լքելու մասին, բայց տեղեկությունը, որ դիմում է ներկայացված նաև Ազգային ժողովի նախագահին մանդատը վայր դնելու մասին, չի համապատասխանում իրականությանը», - երեկոյան «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Առաջիկայում կուսակցության քաղաքական խորհուրդը կքննարկի մեր շատ հարգարժան գործընկեր Վարդան Օսկանյանի դիմումը կուսակցության շարքերը լքելու մասին, և ես գրեթե վստահ եմ, որ կուսակցությունը չի բավարարի մեր հարգելի ընկերոջ դիմումը կուսակցության շարքերը լքելու վերաբերյալ: Մեր ցանկությունն է, որ պարոն Օսկանյանը չլքի կուսակցության շարքերը», - հավելեց Զոհրաբյանը:

XS
SM
MD
LG