Մատչելիության հղումներ

Ֆրանսիացի խորհրդարանականները պահանջում են Ղարաբաղի միջազգային ճանաչում


Լեռնային Ղարաբաղի դրոշը և զինանշանը գլխավոր կառավարական շենքի վրա Ստեփանակերտում

Լեռնային Ղարաբաղի դրոշը և զինանշանը գլխավոր կառավարական շենքի վրա Ստեփանակերտում

Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության խմբի երեք անդամներ «Էքսպրես» հեղինակավոր շաբաթաթերթի կայքէջում հանդես են եկել հայտարարությամբ՝ ի նպաստ Ղարաբաղի միջազգային ճանաչման։ Հայտարարության հեղինակներից երկուսը սենատորներ են` Սոֆի Ժուասենը և Միշել Ամիելը, երրորդը Բուր լը Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն է։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 27-ին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Կրակովում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը լուրջ մտահոգություն հայտնեցին շփման գծի երկայնքով և հայ - ադրբեջանական սահմանին տեղի ունեցող հարձակումների վերաբերյալ։ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) կոչ արեցին Ադրբեջանին կատարել խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ իր հանձնառությունները։

Ֆրանսիացի գործիչներն իրենց հայտարարությունում նախ գոհունակություն են հայտնել, որ համանախագահներն իրենց վերջին դիրքորոշումներում ավելի լավ են նկատի առել տարածաշրջանում տիրող քաղաքական իրողությունը։

«Ղարաբաղի երիտասարդ դեմոկրատիան շարունակում է բախվել Ադրբեջանի ինքնակալ կարգի սպառնալիքներին, ինչը հաստատում է, որ չնայած 1994 թվականին կնքված զինադադարին՝ լարվածությունն աճում է տարեցտարի, շաբաթից շաբաթ, սահմանամերձ շրջաններում, որի համար համանախագահները երկար ժամանակ խուսափել են դրա պատասխանատվությունը դնել մեկ կամ մյուս կողմի վրա և գոնե պաշտոնապես անտեսել են Լեռնային Ղարաբաղին։ Համանախագահների վերջերս արած մի քանի հայտարարությունները ցույց են տալիս, որ նրանք հրաժարվել են այդ քաղաքականությունից, որը ոչ միայն անարդար է բարոյապես, այլև՝ անարդյունավետ», - ասված է հայտարարությունում։

Նրանք հայտարարությունում նաև նշել են, որ չպետք է միևնույն մակարդակի վրա դնել զոհին և նրա վրա հարձակվողին. - «Եվ պետք է հաշվի առնել մանավանդ կողմերի քաղաքական կարգերը, որոնք շատ տարբեր են իրարից՝ այսինքն, մի կողմից՝ Լեռնային Ղարաբաղը, որը փորձում է խորհրդարանական դեմոկրատիա կառուցել՝ 24 տարի ի վեր ընտրություններ կազմակերպելով և գերզինված Ադրբեջանի ռազմական հարձակումների հանդեպ իր բնակիչների պաշտպանությունը ստանձնելով, իսկ մյուս կողմից Ալիևի արյունահեղ բռնապետությունն է, որը բանտարկում է իր ընդդիմադիրներին և մարդու իրավունքների պաշտպաններին, խեղդում ամեն ազատ ձայն, ինչի վերջին օրինակը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի փակումն է»։

Ֆրանսիացի գործիչներն ընդգծել են, որ պատերազմի շարունակումը, հակահայ քարոզչությունը Բաքվի համար անհրաժեշտություն է՝ երկրի ներսում ընդդիմությունը ճնշելու համար. - «Դա հնարավորություն է տալիս Ալիևին համախմբել Ադրբեջանի հասարակության բեկորները՝ շատ լավ գիտակցելով, որ նման հայատյաց քարոզչության միջոցով ինքը նպատակ ունի ժողովրդի ուշադրությունն իր սեփական զեղծարարություններից շեղել և իշխանության գլուխ մնալ»։

«Մենք պետք է ավելի քան երբեք նեցուկ լինենք Ղարաբաղի դեմոկրատիային, որի համար մենք պահանջում ենք Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը», - եզրակացրել են ֆրանսիացի երեք խորհրդարանականները։

XS
SM
MD
LG