Մատչելիության հղումներ

Դիտորդները կրկին քննադատում են ՄԻԵԴ դատավորի պաշտոնի համար անցկացված մրցույթը


Դիտորդները այս անգամ էլ թափանցիկ չեն համարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնի համար Հայաստանի անցկացրած մրցույթը, ավելին, նշում են, որ այս անգամ մրցութային հանձնաժողովն ընդգծված գաղտնիության մթնոլորտ է ստեղծել ընտրության գործընթացի շուրջ։ Մրցութային հանձնաժողովի անդամներից Ռուբեն Մելիքյանը, մինչդեռ, անհիմն է համարում գաղտնիության մթնոլորտի մասին պնդումները։

Երեկ հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնի համար արդեն երկրորդ անգամ անցկացված մրցույթում հաղթել են նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, միջազգային իրավունքի մասնագետ Արայիկ Ղազարյանը և վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը: Եռյակում ըստ էության, նոր է միայն Լիանա Հակոբյանի անունը ։

Մրցույթի դիտորդ, փաստաբան Լուսինե Սահակյանի պնդմամբ, դիտորդների համար մրցութային վերջին փուլի ընթացքում երեք թեկնածուների անունները կանխատեսելի էին։

«Այնքան կանխատեսելի էր այս երեք անձի թեկնածությունը, որովհետև հարցազրույցի ընթացքում արդեն իսկ պարզ էր, թե ում նկատմամբ ինչ վերաբերմունք կա հանձնաժողովի կողմից, և, մասնավորապես, եթե առաջին երկուսի մասով բոլորը խոսում էին այն մասին, որ երկուսը պետք է մնան, ապա երրորդ թեկնածուն՝ կին թեկնածուն թե ով պետք է լիներ՝ ոչ ոք տեղյակ էլ չէր դրանից, ակնհայտ էր հարցազրույցի ընթացքում, որ հատկապես այդ թեկնածուն պետք է ընտրվի, որովհետև ակնհայտ էր հանձնաժողովի վերաբերմունքը ընդհանրապես այդ հավակնորդների նկատմամբ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սահակյանը։

Դիտորդը պարզաբանեց, որ ընտրովի հարցեր էին տրվում այն թեկնածուներին, որոնք պետք է հաղթեին մրցույթում։ Լուսինե Սահակյանը հավելեց, որ մրցույթի ընթացքում խոչընդոտներ ստեղծվեցին դիտորդական առաքելություն իրականացնելու համար, և որ ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ մրցույթի ընթացքում հանձնաժողովը թափանցիկ չգործեց։

«Եթե առաջին մրցույթը չէր եղել թափանցիկ, ապա երկրորդ մրցույթում ավելի հետընթաց կար», - ասաց Սահակյանը։ Նրա այս տեսակետը կիսում է մեկ այլ դիտորդ՝ փաստաբան Տիգրան Եգորյանը։

«Այս մրցույթը անցկացվեց ավելի մեծ գաղտնիության քողի ներքո», - ասաց նա:

«Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպությունը ներկայացնող Եգորյանը պարզաբանում է, որ այս անգամ դիտորդներին չեն տրամադրվել թեկնածուների ներկայացրած հայտերի ու փաստաթղթերի պատճենները, հնարավորություն չի տրվել ծանոթանալ թեկնածուների՝ օտար լեզուների քննությունների արդյունքներին, և, որ ամենակարևորն է, ասում է դիտորդը, այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչպես ձևավորվեցին թեկնածուների վերջնական գնահատականները։

«Այսինքն՝ սրանց հիմքում ընկած որևէ փաստաթուղթ հանրությանը չներկայացվեց, և այս գաղտնիության պայմաններում ավելի անկեղծ կլիներ, որ մրցութային հանձնաժողովը ուղղակի սկզբից հայտարարեր, որ այս առաջին երեք տեղը զբաղեցնելու են այս երեք թեկնածուները», - ասաց նա:

Հանձնաժողովի անդամ, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը համաձայն չէ այս մեղադրանքներին։ Ասում է՝ առաջին մրցույթից հետո իրենց եվրոպացի գործընկերները որևէ ընթացակարգային խախտում չեն արձանագրել, իսկ թեկնածուների ցանկը խնդրել են վերանայել միայն այն պատճառով, որ թեկնածուներից մեկը՝ Նելիկ Հարությունյանը, չէր համապատասխանում Եվրոպական կոնվենցիայի բոլոր պահանջներին։

Եվրոպայի խորհուրդն այս մրցույթն անցկացնելու միասնական և բոլորին պարտադրվող չափանիշներ չունի, ասում է Մելիքյանը։ Անդրադառնալով դիտորդների՝ թափանցիկությունը սահմանափակելու վերաբերյալ պնդումներին, ավելացնում է՝ որևէ տեղ սահմանված պարտականություն իրեն հայտնի չէ, որ հանձնաժողովը պարտավոր էր ինֆորմացիայի այդքան մեծ ծավալ ներկայացնել հանրությանը։

«Այն տեղեկատվության շրջանակը, որ ներկայացվել է, կարծում եմ, շատ մեծ է: Մասնավորապես՝ ամբողջական հնարավորություն է տրվել մասնակցել հարցազրույցի փուլին, անգամ հենց հարցազրույցի իրականացման սենյակում հնարավորություն էր նախատեսված իրականացնել ձայնագրություն: Ես չեմ տեսնում թափանցիկության սկզբունքի որևէ խախտում և այս գործընթացը իր թափանցիկությամբ նույնիսկ կհամարեի աննախադեպ», - մեզ հետ զրույցում ասաց նա:

Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ հանձնաժողովը չի ներկայացրել թեկնածուների գնահատման թերթիկները, որից պարզ կդառնա, թե ինչպես են ձևավորվել նրանց վերջնական գնահատականները, Մելիքյանը պատասխանում է․ - «Յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմել և ստանալ իր գնահատման թերթիկը: Մենք չէինք կարծում, որ սա այն տեղեկությունն է, որի հանրային դարձնելու իրավաչափ շահը ավելի մեծ է քան անձանց մասնավոր իրավաչափ շահերը, մասնավորապես, իրենց գնահատականները հանրային չդարձնելու իրավաչափ շահը»:

Նշենք, որ հանձնաժողովի կազմում են Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյանը:

XS
SM
MD
LG