Մատչելիության հղումներ

ԱԺ-ն քննարկում է նախկին նախագահներին հատուկ կենսաթոշակ և գրասենյակը ցմահ տրամադրելու հարցը


Այսօր խորհրդարանում Ազգային Ժողովի նախագահ, Հանրապետական Գալուստ Սահակյանը Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին էր գովերգում։ Անկախ Հայաստանի պատմությունը հիշեց և ասաց, որ գնահատում է Տեր-Պետրոսյանի դերը։

«Էդ ամբողջ ժողովուրդը ինչպես ժամանակին հետևեց Լևոն Տեր-Պետրոսյանի կոչերին, ինչպես անկախացավ, ինչպես պատերազմը հաղթեցինք, էս ամեն ինչը եղել է չէ՞», - ասաց ԱԺ նախագահը:

Սահակյանը նշեց, որ ինքը Տեր-Պետրոսյանի գործողությունները միշտ էլ քննադատել է, ավելին՝ համարվում է նրա ամենաընդգծված քննադատներից մեկը, բայց առաջին նախագահի անձին երբեք չի անդրադարձել։

Գալուստ Սահակյանի այս անսովոր հայտարարությունները հնչեցին Հայաստանի նախկին նախագահների համար հատուկ կենսաթոշակ սահմանելու և նրանց ցմահ գրասենյակ տրամադրելու հարցի քննարկման ընթացքում։ Գալուստ Սահակյանին դուր չէին եկել քննադատությունները՝ թե նախկին նախագահների համար ծախսվող գումարները կարելի է ավելի արդյունավետ օգտագործել։

Այս օրենքի փոփոխությունը Կառավարությունը անհետաձգելի էր համարել: Պատգամավորները հարցնում էին, թե ինչու է այն հրատապ բերվել խորհրդարան: Պատասխանը հստակ էր՝ Լևոն Տեր-Պետրոսյանը արդեն 70 տարեկան է, իսկ գործող օրենքով նախկին նախագահին գրասենյակ տրամադրվում է մինչև 70 տարեկան դառնալը։

Դաշնակցական Արծվիկ Մինասյանն էլ հարցով զեկուցող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին առաջարկեց, որ ապագայում նախագահներին տարածք տրամադրելիս այնպես անեն, որդրանք իրար մոտ լինեն․ - «Թող իրար հետ մի քիչ էլ շախմատ խաղան, զբաղվեն, հանդիպեն, սուրճ խմեն, գոցե պաշտոնաթող նախագահների մոտ ագրեսիան մի քիչ կնվազի»:

Ի պատասխան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ասաց, որ լրացուցիչ կարգավորումները կարող են քննարկել։ Զարուհի Փոստանջյանն էլ Արտեմ Ասատրյանին հիշեցրեց, որ Հայաստանում մեկ միլիոն մարդ աղքատ է, բայց քննարկվող օրենքի փոփոխություններով առաջարկվում է թոշակ տրամադրել այն մարդկանց, ովքեր, ըստ նրա, դրա կարիքը չունեն։

«Միգուցե հիմքում ընկած է այն հանգամանքը, որ իրապես ուզում եք այս մարդկանց ուղարկել թոշակի, հատկապես Ռոբերտ Քոչարյանին, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնել է, որ ինքը այն տարիքում է, որ թոշակառու է, միգուցե այս միջոցո՞վ եք ուզում Ռոբերտ Քոչարյանին ուղարկել թոշակի», - ասաց Փոստանջյանը:

Ասատրյանն արձագանքեց, որ սա սոցիալական աջակցության ձև չէ․ նախկին նախագահների համար հատուկ վճար սահմանելը աշխարհի տարբեր երկրներում է ընդունված։

Հանրապետական խմբակցության պատգամավորները պնդում էին, որ հարցը պետք չէ անձնավորել, փոփոխությունը ցույց է տալիս հարգանքը նախագահի ինստիտուտի նկատմամբ։

Հանրապետականների փաստարկները «Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանին չէին համոզում: Նա շարունակում էր պնդել, որ գումարը պետք է ավելի նպատակային ծախսել։

«Իմ սիրելի գործընկերն ասաց, որ ի՞նչ է պաշտոնավարումից հետո այդ մարդիկ դառնան բո՞մժ: Բա որ իրենց պաշտոնավարման ընթացքում հայ ժողովրդին դարձրել են բոմժ, այդ միլիոնից ավելի մարդիկ, որ քաղցած են քնում գիշերը, ու տատիկ-պապիկները, ովքեր որ կենսաթոշակ են ստանում ու 41 հազար դրամով չեն կարողանում ապրել, ձմռանը շրջանում չեն կարողանում տաքանալ, օրինակ, էս նախագահներին ես կպատվեի նրանց տալով 41 հազար դրամ և մի փոքր խրճիթ ու ասել՝ ապրի այդտեղ», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Հարցի քննարկումը այսօր ավարտվեց, այն առաջին ընթերցմամբ քվեարկության կդրվի վաղը։

XS
SM
MD
LG