Մատչելիության հղումներ

logo-print

Եվրամիությունը կարող է վերանայել Հարևանության ծրագիրը


Արևելյան գործընկերության ծրագրի մասնակիցները, արխիվ, Պրահա, 24 ապրիլի, 2014թ.

Արևելյան գործընկերության ծրագրի մասնակիցները, արխիվ, Պրահա, 24 ապրիլի, 2014թ.

ԵՄ-Ռուսաստան հնարավոր մերձեցումը մտահոգիչ է Կիևի, Քիշնևի և Թբիլիսիի համար։

Դեպի նոր հարևանության քաղաքականություն

Եվրահանձնաժողովը քննարկելու է Հարևանության ծրագիրը վերանայելու հնարավորությունը, չի բացառվում նույնիսկ, որ Բրյուսելն ընդհանրապես հրաժարվի այդ նախաձեռնությունից։ Խոսքը մի նախագծի մասին է, որը վաղը պետք ներկայացվի Եվրոպական միության Գործադիր մարմնի քննարկմանը։

Փաստաթուղթը վերնագրված է «Դեպի նոր հարևանության քաղաքականություն»։ Ըստ նախնական տեղեկությունների, դրա քննարկումը կտևի մինչև աշուն։ Ենթադրվում է, որ նոր քաղաքականության Արևելյան գործընկերությանը վերաբերող որոշ հիմնադրույթներ կձևակերպվեն մինչև Ռիգայում նախատեսված մայիսին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովը։

Նախագիծը ենթադրում է Ռուսաստանի Դաշնության հետ առավել սերտ համագործակցության հնարավորություն։

«Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելում հավատարմագրված թղթակից Ռիկարդ Յոզվյակը հայթայթել է վաղը քննարկվելիք նախագծի պատճենը։ Նախագիծը Եվրահանձնաժողովին վաղը պետք է ներկայացնեն Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին և Հարևանության ծրագրի հանձնակատար Յոյաննես Հաննը։

Հիշեցնենք, որ Եվրամիության հարևանության քաղաքականության ծրագիրը մեկնարկել է 2003 թվականին։ Ծրագրի նպատակն է ավելի սերտ համագործակցել այն պետությունների հետ, որոնք չեն ընդգրկվում Եվրամիության ընդարձակման ծրագրում։

Հարևանության ծրագրի շրջանակներում Եվրոպական միությունը համագործակցում է 16 երկրների հետ, դրանց թվում են նախկին խորհրդային վեց պետությունները` Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, որոնք ընդգրկված են ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրում։

Բացի նշված վեց երկրներից, Հարևանության նախաձեռնության մասնակիցներից են Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրները։

Վաղը Եվրահանձնաժողովին ներկայացվելիք փաստաթղթի նախագծում առաջարկվում է քննարկել, թե արդյո՞ք ընդհանրապես իմաստ ունի Հարևանության ծրագրի շարունակությունը։ Այդ հարցադրումն ինքնին խիստ մտահոգիչ է Ռուսաստանի հետ սրված հարաբերությունների պայմաններում Եվրամիության հետ մերձենալու նպատակ հետապնդող երեք երկրների` Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի համար։

Արևելյան գործընկերության երկրների համար տեսականորեն էլ ավելի մտահոգիչ կարող է լինել Մոսկվայի հետ սերտ կապեր հաստատելու Եվրամիության նախաձեռնությունը, որը ներառված է նախագծում։ Ռուսաստանի անունը դրանում կոնկրետ նշված չէ, փաստաթղթի հեղինակներն այսպիսի բանաձև են ընտրել՝ «հավանաբար հարկ կա ավելի սերտ կապեր հաստատել որոշ երկրների հետ, որոնք ներկայում Հարևանության ծրագրում ընդգրկված չեն»։

Ըստ մեր թղթակցի, նախագծում կան մի քանի այլ ձևակերպումներ, որոնք ակնհայտ վկայում են, որ խոսքը Ռուսաստանի Դաշնության հետ նոր հարաբերություններ հաստատելու հնարավորության մասին է։

Եվրամիությունը նաև ակնարկում է, որ կարող է ավելի լուրջ դեր ստանձնել սառեցված հակամարտությունների կարգավորման հարցում։ Ըստ մեր թղթակցի, խոսքը Մերձդնեստրի, Հարվային Օսիայի և Աբխազիայի շուրջ վեճերի մասին է, մինչդեռ, Լեռնային Ղարաբաղի մասին խոսք չկա։

ԵՄ-ն կփորձի հասկանալ, թե ի՞նչ է ուզում Հայաստանը

Ինչպե՞ս կարող է այդ նոր փաստաթուղթն ազդել Եվրամիության և Հայաստանի հարաբերությունների վրա։

Անդրադառնալով այդ հարցին, «Ազատության» թղթակից Ռիկարդ Յոզվյակը նշում է, որ նախագիծը դեռ երկար ժամանակ է քննարկվելու, կլինի համաձայնեցումների շրջան թե Եվրամիության ներսում, և թե Հարևանության ծրագրում ընդգրկված պետությունների, այդ թվում՝ Հայաստանի հետ։

«Հավանաբար, Եվրամիությունը կշարունակի աշխատել մուտքի արտոնագրերի դյուրացման և ազատականացման ուղղությամբ, գուցե հնարավորություն կլինի կազմել գործընկերության համաձայնագիր, որովհետև ասոցացման մասին այլևս խոսք չկա»,- ասել է Յոզվյակը և ավելացրել.- «Մեծ փոփոխություն Բրյուսելի և Երևանի հարաբերություններում չեն ակնկալվում, Եվրամիությունը կցանկանա հասկանալ, թե ի՞նչ է ցանկանում Հայաստանը, ի՞նչ է ուզում Հայաստանի կառավարությունը»։

Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը` երկիմաստ վիճակում

Մեր թղթակցի փոխանցմամբ, անհասկանալի կլինի Ասոցացման համաձայնագիրը կնքած երկրների ապագան։

«Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը միանշանակ հեռանում են Ռուսաստանից և ցանկանում են հետագայում անդամակցել Եվրամիությանը, մինչդեռ, Բրյուսելը հստակ հայտնել է, որ տեսանելի ապագայում նման բան չի լինի, իսկ եթե տեղի ունենա ընդարձակում, ապա միայն Արևմտյան Բալկաններում»,- նշել է Յոզվյակը։

«Կիևը, Քիշնևը և Թբիլիսին հայտնվում են երկիմաստ վիճակում, մի կողմից կնքել են Ասոցացման համաձայնագիրը, մյուս կողմից, ոչ միայն չկա անդամակցության հեռանկար, այլև Բրյուսելը կարող է հրաժարվել Հարևանության ծրագրից։ Սա մեծ հարցական է»,- եզրակացնում է մեր թղթակիցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG