Մատչելիության հղումներ

Կառավարությունը կփոխհատուցի 646 ուսանողի ուսման վարձը


Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի

Այս տարի Կառավարությունը Հայաստանի Երիտասարդական հիմնադրամին (ՀԵՀ) 64 միլիոն դրամ է հատկացրել պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատում սովորող առաջին կուրսի անվճար համակարգում չընդգրկված ուսանողներին վարձի փոխհատուցում տրամադրելու համար:

ՀԵՀ-ը այս տարի ուսման վարձի փոխհատուցում է տրամադրել 646 ուսանողի:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Հայաստանի գրեթե բոլոր պետական բուհերից մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել մոտ 1040 ուսանող, ընդ որում 179-ը՝ մարզերում գործող բուհերից։

«Ուսանողների ընտրությունը կատարելիս հաշվի են առնվել մրցույթի կարգով սահմանված հստակ չափորոշիչները՝ առաջադիմությունը, սոցիալապես անապահով լինելու հանգամանքը և այլն։ Մրցույթում հաղթած ուսանողների անունները հրապարակվում են ՀԵՀ-ի պաշտոնական՝ heh.am կայքում: Ընդհանուր առմամբ, պետական բյուջեից 2011-2014 թվականներին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցել է պետական բուհերի անվճար համակարգում չընդգրկված ավելի քան 3 հազար ուսանողի ուսման վարձ», - մասնավորապես ասված է Կառավարության տարածած հաղորդագրության մեջ:

Վարձի փոխհատուցման հավաստագրերի հանձման արարողությանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ներկա է եղել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Բարձրագույն կրթության հասանելիության հարցը մշտապես գտնվում է մեր կառավարության ուշադրության կենտրոնում, և մենք հետևողականորեն ջանքեր ենք գործադրելու այդ ուղղությամբ, որպեսզի տրամադրվող ֆինանսական օժանդակությունը տարեցտարի ավելանա», - նշել է վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG