Մատչելիության հղումներ

Աշոտյան. ԵԺԿ-ն ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև


Եվրոպական ժողովրդական կուսակցության լոգոն
Եվրոպական ժողովրդական կուսակցության լոգոն

Նախարարը իր ֆեյսբուքյան էջում նաև տեղադրել է ԵԺԿ քաղաքական համաժողովի 9 կետից բաղկացած բանաձևը։

Քիչ առաջ Եվրոպական ժողովրդական կուսակցությունն (ԵԺԿ) ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև, Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի կրթության և գիտության նախարար, իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Բոլորիս շնորհավորում եմ պատմական արդարության վերականգնման ճանապարհին Եվրոպայի ամենախոշոր քաղաքական ընտանիքի աջակցությունը ստանալու կապակցությամբ», - գրել է Աշոտյանը։

Հիշեցնենք՝ նախարարը, օգտվելով իր հաշվին արձակուրդի իրավունքից, Բրյուսել է մեկնել երեկ՝ մասնակցելու ԵԺԿ-ի քաղաքական համաժողովին։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևի նախագիծը մշակված է ԵԺԿ-ի անդամ երեք հայաստանյան կուսակցությունների՝ Հանրապետականի, «Օրինաց երկիր»-ի և «Ժառանգության» կողմից:

Նախարարը նաև Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է 9 կետից բաղկացած բանաձևի տեքստը, որի առաջին կետում մասնավորապես գրված է. - «Մենք դատապարտում ենք հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանության գործողությունները, որոնք ծրագրվել և մշտապես չարակամորեն իրականացվել են Օսմանյան կայսրության և Թուրքիայի այլ ռեժիմների կողմից 1894-1924 թվականներին: Դրանք են հայրենազրկումը, ոճրագործությունները և էթնիկ գործոնով պայմանավորված բնաջնջումները, որոնք ուղղված էին հայկական բնակչության և նրա մշակութային ժառանգության ոչնչացմանը: Ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու և իրականացված ոճրագործությունները մոռացության մատնելու կամ արդարացնելու փորձերը` որակելով դրանք որպես շարունակական հանցագործություն և նոր ցեղասպանություններ խրախուսելու միտում»:

Բանաձևի կետերից մեկով կոչ է արվում Թուրքիային «հետևել հետպատերազմյան Գերմանիայի կողմից ցուցաբերած բացառիկ շիտակության ու նախաձեռնողականության օրինակին, պատմությունն ընդունելու և հայկական ցեղասպանության և դրան հետևող ունեզրկման ներկայիս իրականությունը ճանաչելու, ինչպես նաև, նյութական և բարոյական հատուցումը ապահովելու գործում` իրականացնելով եվրոպական երկրին վայել քաղաքականություն, որը ներառում է պատմական հողերի վերադարձը հայ բնակչությանը, հայ ընտանիքների վերամիավորումն իրենց ազգային օջախներին և դրանից բխող ճշմարտության միջոցով հաշտության հասնելու հրամայականի իրագործմանը»:

Բանաձևում նաև կոչ է արվում Թուրքիային ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից կատարված հայկական ցեղասպանությունը` «սթափ գնահատելով սեփական պատմությունը և հիշողությունը՝ հարգանքի տուրք մատուցելով մարդկության դեմ կատարված այլ զազրելի ոճրագործությունների զոհերի հիշատակին»:

«Լիահույս ենք, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը նոր էջ կբացի հայ և թուրք ժողովուրդների պատմական հաշտեցման գործընթացում», - ասված է բանաձևում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG