Մատչելիության հղումներ

Ջոն Միլանոյի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ծղոտե տիկնիկներ» ֆիլմը պատրաստ է


Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը Ծիծեռնակաբերդում

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը Ծիծեռնակաբերդում

Ծագումով իտալացի ու հույն ռեժիսորը հանձն է առել պատմել իր ընկերների նախնիների պատմությունը։

Պատմություն, որի մասին Հոլիվուդը հրաժարվում է խոսել. Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ծղոտե տիկնիկներ» ֆիլմը պատրաստ է, «Ազատության» հետ զրույցում ասաց ֆիլմում նկարահանված հայազգի դերասան Մարկո Խանելյանը, ով Հոլիվուդում առավել հայտնի է որպես Մարկո Խան։

Ծագումով իտալացի ու հույն ռեժիսոր Ջոն Միլանոն հանձն է առել պատմել իր ընկերների նախնիների պատմությունը։ Երիտասարդ ռեժիսորը, չլինելով հայկական մշակույթի կրող, ասել է, որ հասկանում և ընդունում է հայկական մշակույթն ինչպես սեփականը։

Շուրջ երկու տարի տևած ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Կալիֆորնիայում գտնվող Սիմի հովտում, որտեղ մի շարք հայտնի ֆիլմեր են նկարահանվել՝ ինչպես, օրինակ, Քվենտին Տարանտինոյի «Ջանգո ազատագրվածը» և Ջոն Լի Հենքոքի «Փրկել պարոն Բենքսին» ֆիլմերը։

Իր հարցազրույցներից մեկում Միլանոն պատմել է, որ աշխատել են ստեղծագործական սահմանափակ ազատության պայմաններում։ Հիմնականում հենվել են փաստերի վրա, էկրանավորել բացառապես իրական պատմություններ։ Ֆիլմի աշխատանքներին միացել է նաև գրող Դուգլաս Քալաջյանը։

Ֆիլմը պատում է Լուսին անունով հայուհու մասին։ 100 տարի առաջ ապրիլյան կոտորածի օրերին նրա ծնողները հասցնում են իրենց միակ դստերը թաքցնել անտառում՝ նրա մոտ թողնելով ուտելիք ու մի ծղոտե տիկնիկ։ Եվ մեկ օր անց որբացած աղջիկը սկսում է իր նոր ու պայքարով լի կյանքը։ Ահա այն պատմությունը, որը ընկած է ֆիլմի հիմքում։

Հոլիվուդյան տասնյակ ֆիլմերում նկարահանված հայազգի դերասանը, ով առավել հայտնի է «Կարիբյան ծովի ծովահենները», «Երկաթյա մարդը մեր թվարկությունից 10 հազար տարի առաջ» ֆիլմերից և վերջերս նկարահանված «Աստված չի մահացել» աղմկահարույց կինոնկարից, «Ազատության» հետ զրույցում պատմում է, որ, իր կարծիքով՝ ֆիլմն արդեն բացառիկ է, քանի որ կուլ չի գնացել թուրքական լոբբինգին։ Դերասանը հիշում է հոլիվուդյան տասնյակ նախագծեր, որոնք կյանքի չեն կոչվել թուրքական ճնշման պատճառով։

«Տարբեր ֆիլմեր ցանկացել են սարքել, բայց թուրքական կառավարությունը իրավունք չի տվել, որ այս ֆիլմերը նկարվեն։ Ամենամեծը Մուսա լեռան վրայի պատմությունն է, որ բավական ուզեցել են սարքել, բայց չի եղել։ Ֆիլմն ինքն իր ուժն ունի և իր պատմությունը։ Այսինքն, իմ կարծիքով, բավական ուժեղ պատմություն է, և, իմ կարծիքով, սա մի բան է, որ ամեն մարդ տպավորված պետք է լինի, ամեն մարդ իր մեսիջը կստանա։ Ամենամեծը՝ սերն է և ընկերությունը», - ասաց Մարկո Խանը։

XS
SM
MD
LG