Մատչելիության հղումներ

Դիտորդ. ՄԻԵԴ դատավորի Հայաստանի թեկնածուների անունները կանխատեսելի էին


Ֆրանսիա - Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում

Ֆրանսիա - Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում

Լուսինե Սահակյանի խոսքով, մրցույթի ընթացքում խոչընդոտներ ստեղծվեցին դիտորդական առաքելություն իրականացնելու համար։

Երեկ պետական հանձնաժողովը հայտարարեց երկրորդ մրցույթում ընտրված՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների անունները։

Մրցույթում հաղթող են ճանաչվել նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, միջազգային իրավունքի մասնագետ Արայիկ Ղազարյանը և վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը: Նրանցից Արմեն Հարությունյանն ու Արայիկ Ղազարյանը նաև առաջին մրցույթի հաղթողներն էին։ Երբ նախագահ Սերժ Սարգսյանը հաստատի հաղթող մասնակիցների ցուցակը, այն կուղարկվի Ստրասբուրգ:

Մրցույթի դիտորդ, փաստաբան Լուսինե Սահակյանի պնդմամբ, դիտորդների համար մրցութային վերջին փուլի ընթացքում երեք թեկանծուների անունները կանխատեսելի էին։

«Այնքան կանխատեսելի էր այս երեք անձի թեկնածությունը, որովհետև հարցազրույցի ընթացքում արդեն իսկ պարզ էր, թե ում նկատմամբ ինչ վերաբերմունք կա հանձնաժողովի կողմից, և, մասնավորապես, եթե առաջին երկուսի մասով բոլորը խոսում էին այն մասին, որ երկուսը պետք է մնան, ապա երրորդ թեկնածուն՝ կին թեկնածուն թե ով պետք է լիներ՝ ոչ ոք տեղյակ էլ չէր դրանից, ակնհայտ էր հարցազրույցի ընթացքում, որ հատկապես այդ թեկնածուն պետք է ընտրվի, որովհետև ակնհայտ էր հանձնաժողովի վերաբերմունքը ընդհանրապես այդ հավակնորդների նկատմամբ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սահակյանը։

Դիտորդը պարզաբանեց, որ ընտրովի հարցեր էին տրվում այն թեկնածուներին, որոնք պետք է հաղթեին մրցույթում։ Լուսինե Սահակյանը հավելեց, որ մրցույթի ընթացքում խոչընդոտներ ստեղծվեցին դիտորդական առաքելություն իրականացնելու համար, և որ ո՛չ առաջին, և ո՛չ էլ երկրորդ մրցույթի ընթացքում հանձնաժողովը թափանցիկ չգործեց։

«Եթե առաջին մրցույթը չէր եղել թափանցիկ, ապա երկրորդ մրցույթում ավելի հետընթաց կար», - ասաց Սահակյանը։

Դիտորդը պարզաբանեց՝ առաջին մրցույթին խնդրել էին տրամադրել մի շարք փաստաթղթերի պատճեններ, որոնք ստացել են, այս անգամ հայցած ոչ մի փաստաթղթի պատճեն մինչև օրս չեն ստացել։ Հանձնաժողովը չի բացատրել նաև, թե ինչ չափանիշներով է գնահատել թեկնածուներին։

«Ինչպես են ստացվել վերջնական գնահատականները, այսինքն՝ կոնկրետ որ մասով, ինչքան է գնահատվել հավակնորդը, որպեսզի դիտորդներն էլ կարողանային պարզել իրենց համար, թե ինչպես են գնահատվել հավակնորդները։ Վերջնական արդյունքն է տրվել գնահատականների, որը ևս չի կարող խոսել թափանցիկության մասին», - նշեց Սահակյանը։

Հայաստանի հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը, այնուամենայնիվ, դեռևս չի ցանկանում գնահատականներ հնչեցնել ընտրված թեկանծուների վերաբերյալ, ասաց՝ զեկույց են պատրաստում, որտեղ ամեն ինչ մանրամասն կգրեն։

XS
SM
MD
LG