Մատչելիության հղումներ

Հայաստանը չի պատասխանում Մարտի 1-ի վերաբերյալ ՄԱԿ-ի հարցերին


Արամ Մանուկյանի կարծիքով, արտգործնախարարությունը չի պատասխանում, քանի որ պատասխան չունի։

Հայաստանը առնվազն երկու անգամ չի պատասխանել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի զեկուցողի Մարտի 1-ի վերաբերյալ հարցերին։

Հարցերը հիմնականում երկուսն էին՝ ի՞նչ պատժամիջոցներ են կիրառվել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ոչ իրավաչափ ուժ կիրառողների նկատմամբ և ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել զոհերին փոխհատուցելու և նրանց բավարար բժշկական ու հոգեբանական օգնություն տրամադրելու հարցում:

ՄԱԿ-ի պաշտոնյան այս հարցերի պատասխանները ցանկացել է ստանալ Հայաստանին վերաբերող զեկույցում դրանք ներառելու համար։ Նախորդ տարվա ապրիլի 28-ին գրված նամակը Հայաստանի իշխանություններն անպատասխան են թողել։

Ափսոսանք հայտնելով, ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին ևս մեկ նամակ է ուղարկել Երևան 2014 դեկտեմբերին՝ նույն հարցերի պատասխանները ստանալու նպատակով, սակայն, կրկին անարձագանք։

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի կարծիքով, արտգործնախարարությունը չի պատասխանում ՄԱԿ-ին, քանի որ պատասխան չունի։

«Իրենց տաբու է դրված և՛ բացահայտելու, և՛ պատժելու, և՛ կոմպենսացիա անելու. նրանք չպե՛տք է բացահայտվեն, չպե՛տք է պատժվեն, և ծնողները չպ՛ետք է ստանան փոխհատուցում, որովհետև այդ դեպքում կստացվի, որ իրենք շահագրգռված են, կամ այդ շղթան ուզում են բացահայտել. այդ շղթան, երբ որ բացահայտեն, կգան, կհասնեն իրենց, շատ պարզ թվաբանություն է», - ասաց Մանուկյանը։

ՀԱԿ պատգամավորն արդեն մեկ տարի է հետևում է այս պատմությանը. նա դեռ դեկտեմբերին էր դիմել Կառավարությանը՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ Հայաստանը չի պատասխանում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի հարցերին։

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն արձագանքել է՝ 2013 թվականին մեկ անգամ պատասխանել են և ավելացնելու ոչինչ չունեն։

«Մենք գտել ենք, որ անհրաժեշտություն չկա պատասխանելու, քանի որ մենք առաջ պատասխանել ենք դրան, իսկ առաջ գրած պատասխանում էլ պատասխան չկար, ձեզ ասեմ. 8 էջանոց փաստաթուղթ է, որտեղ ընդամենը ներկայացնում են Հայաստանի օրենսդրությունը, թե ինչպես է կարգավորում Հայաստանի օրենսդրությունն այս խնդիրները», - փոխանցեց ՀԱԿ պատգամավորը։

Արամ Մանուկյանն ապշում է, թե ինչպես կարող է Կառավարությունն արհամարհել ՄԱԿ- ի մարդու իրավունքների գրասենյակի կողմից ուղարկված հարցերը։ Խնդիրը նա անցած չորեքշաբթի բարձրացրեց նաև խորհրդարանում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պատգամավորին խոստացավ կարճ ժամանակահատվածում պատասխանել։

Արտգործնախարարության խոստացած արձագանքը պատգամավորն այսօր է միայն ստացել. փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ընդամենը պարզաբանում է տվել, թե այսպիսի հարցեր ստանալու դեպքում՝ ինչպես են պատասխանում դրանց։ Պատասխանում ասված է, որ քննարկումներ են արվել, իսկ հարցերի պատասխանները զեկույցում ներառվում են երկրի ցանկության դեպքում։

«Ստացվում է, որ մենք ցանկանա՞նք կուղարկենք, չենք ցանկանա չենք ուղարկի, այնինչ՝ նրանք երեք անգամ գրում են՝ «դիմում ենք ձեզ՝ ափսոսանքով, որ դուք չեք պատասխանել այս հարցին, նորից դիմում ենք ձեզ՝ պատասխանելու այս հարցերին»։ Այսինքն՝ Հայաստանի ցանկությունն այստեղ կարևոր չէ, և այնտեղ կա շատ կոնկրետ հանձնարարական, որ դրանք հանձնարարականներ են, հանձնարարական ստացողը իր ցանկությամբ չէ՝ ուզի պատասխանի, չուզի չպատասխանի», - ասաց Մանուկյանը։

Պատգամավորի կարծիքով, սա ամոթ է, քանի որ Հայաստանը, չպատասխանելով այս հարցերին, չի կատարում միջազգային կառույցների նկատմամբ իր պարտավորությունները։

«Քանի որ երկու հարցի հետ կապված էլ ոչինչ չի արվել, դրա համար իրենք խուսափելու ճանապարհն են ընտրում, բայց սա խայտառակ վիճակ է, որովհետև ՄԱԿ-ը զեկույց է կազմելու Հայաստանի ժողովրդավարության մասին, այսինքն՝ եթե վաղը հիմա իրենք շատ կոշտ նոտաներով գրեն, որ Հայաստանը իր ժողովրդավարության հետ կապված պարտավորությունները չի կատարում, մերոնք պիտի ասեն՝ իրենք անաչառ չեն, իրենք չեն տիրապետում», - ասաց Արամ Մանուկյանը։

XS
SM
MD
LG