Մատչելիության հղումներ

«Թունավոր սերմը ծիլեր է տալիս»


Ռուսաստան - Հարգանքի տուրք Բորիս Նեմցովի հիշատակին, Մոսկվա, 2-ը մարտի, 2015թ.

Ռուսաստան - Հարգանքի տուրք Բորիս Նեմցովի հիշատակին, Մոսկվա, 2-ը մարտի, 2015թ.

Այսօր Ռուսաստանը հրաժեշտ է տալիս Բորիս Նեմցովին:

Ռուսաստանն այսօր հրաժեշտ է տալիս փետրվարի 27-ին Մոսկվայի կենտրոնում սպանված Բորիս Նեմցովին։ Քաղաքացիական հոգեհանգիստը կանցնի Սախարովի կենտրոնում, իսկ հուղարկավորությունը` Տրոեկուրովի գերեզմանատանը։

«Դա Նեմցովի ազգականների որոշումն է», - ՏԱՍՍ լրատվական գործակալությանն ասել է ՌՊՌ-Պառնաս կուսակցության դաշնային քաղխորհրդի անդամ Կոնստանտին Մերզլիկինը։

ՌՊՌ-Պառնաս-ը երկու կուսակցությունների` Ռուսաստանի հանրապետական կուսակցության և Ժողովրդական ազատության կուսակցության միավորման արդյունքում ստեղծված կուսակցությունն է, որի համահիմնադիրներից մեկն էլ Բորիս Նեմցովն է։

Այս պահին շրջանառվում են նրա սպանության տարբեր վարկածներ` անձնական հակակրանք, բիզնես, խանդ և, իհարկե, քաղաքական դրդապատճառ։

The New York Times պարբերականի մեկնաբան Յուլիա Յոֆֆեի համոզմամբ, ընդդիմադիր գործչի սպանությունն ազդարարում է ռուսաստանյան պատմության նոր` սարսափազդու փուլի մեկնարկ։

«Վախի և մահվան, ագրեսիվ հռետորաբանության և «հինգերորդ շարասյունի» մասին ռուսաց կենտրոնական հեռուստակայաններով անդադար հեռարձակվող քննարկումների մթնոլորտում ասպարեզ են դուրս գալիս «ժողովրդական վրիժառուներ», ովքեր չսպասելով ինչ-ինչ հրահանգների և յուրովի մեկնաբանելով «հայրենիքի շահը պաշտպանելու» հրամայականը՝ ստանձնում են մարդկանց պատժելու առաքելությունը», - գրել է Յոֆֆեն։

Մեկնաբանը համաձայն է ընդդիմադիր ակտիվիստ Մաքսիմ Կացի հետ, ով սոցցանցում կարծիք է հայտնել, որ Նեմցովի մահվան համար պատասխանատվությունը նախագահ Վլադիմիր Պուտինն է կրում։

«Եթե նա է պատվիրատուն, ապա մեղավոր է որպես պատվիրատու, եթե նա չի պատվիրել, ապա, միևնույն է, մեղավոր է ժողովրդի շրջանում ատելություն, հիստերիա և չարություն սերմանելու համար», - հայտարարել է Կացն իր էջում։

Յուլիա Յոֆֆեն նշում է, որ «կատաղի ազգայնամոլությունն այսօր կուլ է տվել գրեթե ամբողջ Ռուսաստանը, և այլևս հայտնի չէ՝ արդյոք Պուտինն ի զորո՞ւ է հսկողության տակ առնել այս վիճակը»։

Ընդհուպ մինչև վերջերս, երբ ռուսաստանցի ընդդիմադիրներն ասում էին, թե «գիտակցում են, որ ռիսկի են դիմում», նրանք նկատի չունեին կյանքից զրկելու վտանգը։ Բայց 2012 թվականի ամռանն ընդդիմության նկատմամբ կոշտ գործողությունները, Նավալնիի ձերբակալությունը և հատկապես ուկրաինական զարգացումները վկայում են, որ երկրում իրավիճակը որակապես փոխվել է։

Նման տեսակետ է հայտնում նաև Frankfurter Allgemeine Zeitung պարբերականի մեկնաբան Պետեր Շտուրմը, ով գրել է, թե քիչ հավանական է, որ Պուտինն արձակեր Նեմցովին «վերացնելու» հրահանգը, քանի որ ընդդիմադիր գործիչը ռեժիմի համար առանձնապես մեծ վտանգ չէր ներկայացնում, և այնուամենայնիվ Պուտինն է մեղավոր, որովհետև հենց ինքն է երկրում ստեղծել է ատելության մթնոլորտը։

«Այդ թունավոր սերմը հիմա ծիլեր է տալիս, ով զրպարտչական պրոպագանդայի միջոցով բոլոր քաղաքական այլախոհներին հայտարարեց օրենքից դուրս՝ այլևս թող չզարմանա, երբ մի օր ինչ-որ մեկը որոշի պրոպագանդայից գործի անցնել», - շեշտել է Շտուրմը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG