Մատչելիության հղումներ

Իրավապաշտպան. «Հանրային խորհուրդը որևէ ձևով ցույց չի տալիս, որ գոյություն ունի»


Ժաննա Ալեքսանյանի համոզմամբ, խորհուրդը քաղաքացիների խնդիրներին անդրադառնում է միայն հայտարարությունների տեսքով։

Նախորդ շաբաթավերջին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով՝ նախագահին կից Հանրային խորհրդի 5 թափուր տեղերից 2-ը համալրվել է: Պետբյուջեից տարեկան մի քանի տասնյակ հազար դոլար ստացող այս կառույցն, ըստ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի, արձագանքում է հանրային կյանքում տեղի ունեցող գրեթե բոլոր խնդիրներին ու իրադարձություններին:

Հանրային խորհրդի կայքում, սակայն, որևէ արձագանք կամ գնահատական չկա, ասենք, բերձորյան միջադեպի, քաղաքական վերջին իրադարձությունների, ազատամարտիկների ու ակտիվիստների դեմ բռնությունների վերաբերյալ:

«Մենք մասնակցել ենք բոլոր իրադարձություններին, մեր ազդեցությունը եղել է բոլոր իրադարձությունների վրա՝ երբեմն բացահայտ երևացող, երբեմն՝ չերևացող։ Ես գտնում եմ, որ մենք բավականին մեծ աշխատանք ենք արել։ Ամբողջական պատկեր տալու համար ամսի 13-ից հետո խնդրեմ՝ նախագահի հետ հանդիպելուց հետո, ավելի հեշտ կլինի այդ արդյունքները ներկայացնել» , - «Ազատության» հետ զրույցում ասաց Մանուկյանը։

Արդեն 7 տարի գործող, 36 անդամից ու 12 հանձնաժողովից բաղկացած Հանրային խորհրդի վերջին լիագումար նիստը տեղի է ունեցել 2010 թվականին: Խորհրդի կայքում դատարկ է տարեկան հաշվետվությունների էջը:

Հարցին, թե որքանո՞վ է խորհուրդը ծառայում իր թիվ մեկ նպատակին, այն է՝ ներկայացնել քաղաքացիների շահերը պետական քաղաքականության մշակման ու իրականացման գործում, խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանն ասաց՝ ոչ միշտ են իրենց արձագանքները տեղ հասնում։

«Բոլոր խնդիրներին այս կամ այն կերպ Հանրային խորհուրդը արձագանքում է։ Ես չեմ կարող պնդել, որ մեր բոլոր առաջարկություններն ընդունվում են։ Ես, օրինակ, մի քանի անգամ ինձ թույլ եմ տվել նախագահի հետ բանավիճել՝ հիմնականում ընդդերքօգտագործում, որում մենք ընդհանուր հայտարարի չենք գալիս», - ասաց Դանիելյանը։

Բնապահպանը թվարկեց խորհրդի վերջին աշխատանքներից մի քանիսը, օրինակ, նկարահանվել է Խոջալուի մասին պատմող ֆիլմ, հրատարակվել են գրքեր։ Խորհուրդը նպաստել է Լոռու մարզում ֆիոլետովո համայնքում ոսկու հանքի շահագործման կասեցմանը, հարցեր են բարձրացվել Երևանի քաղաքաշինության ոլորտում առկա խնդիրների՝ պատմամշակութային հուշարձանենրի պահպանության վերաբերյալ:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, մինչդեռ, վստահ է, որ խորհուրդն այդ հարցերին անդրադառնում է հայտարարությունների տեսքով միայն. - «Լինելով նախագահին կից, նա չի կարող հակառակ գործողություններ կատարել։ Դուք գիտեք, որ նախագահն էլ է, մեղմ ասած, անտարբեր այդ ամեն ինչ նկատմամբ. որևէ բռնություն չի բացահայտվում, ոստիկանությունը թողտվության մեջ է։ Թեկուզ այս կուսակցական երևույթը ևս շատ մտահոգիչ էր հանրության համար, բայց, ինչպես տեսնում ենք, Հանրային խորհուրդը ոչինչ չի անում»։

Կարինե Դանիելյանը կարևորում է Հանրային խորհրդի գոյությունը: Բայց այն, որ հանրությունն ամբողջությամբ չի ընդունում այդ կարևորությունը, նաև իրենց բացթողումն է համարում։

«Ես տեսնում եմ, որ հանրության ընկալումն այն չէ, դա իրոք այդպես է, կարծում եմ, որ դա մեր մեղքն է, որովհետև չի ներկայացվում աշխատանքը լիարժեք, բայց դա նաև պարոն Մանուկյանի և մի շարք անդամների կարծիքն է, որ այդպիսի ինքնագովազդով զբաղվելը սխալ է», - ասաց բնապահպանը։

Հայաստանյան հանրային խորհուրդն ուղղակի կրկնօրինակումն է ռուսաստանյան խորհրդի: Միայն սա է, ըստ իրավապաշտպանի, Հայաստանում Հանրային խորհուրդ հիմնելու նպատակը:

«Չգիտեմ՝ ինչի համար է ստեղծված, և, երբ ինչ-որ բան է տեղի ունենում, որևէ մեկը չի մտածում, որ պետք է դիմի Հանրային խորհուրդ։ Որևէ ձևով այն ցույց չի տալիս, որ գոյություն ունի, մենք ուղղակի գիտենք դրա մասին», - ասաց իրավապաշտպանը։

XS
SM
MD
LG