Մատչելիության հղումներ

Ջավախահայերը կրկին բարձրացնում են երկքաղաքացիության հարցը


Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Վրաստանը խստացրել է միգրացիոն օրենսդրությունը, ինչի արդյունքում Հայաստանի կամ Ռուսաստանի անձնագրերով արտագնա աշխատանքի մեկնող հազարավոր ջավախահայեր զրկվում են Վրաստանի քաղաքացիությունից:

Ախալքալաքի անձնագրային բաժնի մոտ ամիսներ ի վեր հերթեր են գոյանում․ ջավախահայերը գալիս են ժամանակավոր կացության իրավունք կամ Վրաստանի քաղաքացիություն ստանալու, քանի որ առանց այդ փաստաթղթերի այլևս չեն կարող սեփական տանը 90 օրից ավելի մնալ:

Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Վրաստանը խստացրել է միգրացիոն օրենսդրությունը, ինչի արդյունքում հազարավոր ջավախահայեր, որ մինչև այդ նախընտրում էին հայկական կամ ռուսական անձնագրեր ստանալ՝ արտագնա աշխատանքի մեկնելու համար, հիմա ինքնաբերաբար զրկվում են Վրաստանի քաղաքացիությունից, քանի որ Վրաստանում օրենքով երկքաղաքացիություն նախատեսված չէ:

Ընդ որում, շատերը նոր օրենքի մասին տեղեկանում են սահմանը հատելիս միայն:

«Վրաստանու պոստն է անցել, իրեն Վրաստանու դուրս են գրանցել, ընտանիքը հոս է, ստեղ իրավունք կա 3 ամիս մնալու։ Էդ երեք ամիսը լրանա, կամ շտրաֆ պիտի մուծի։ 180 լարի առաջին ամիսը 2-րդ 3-րդ ամիսն էլ 360 լարի, կամ թե չէ դուրս պիտի երթա, դուրս երթա հորողբոր, հորքուր, մորքուրի տուն ինչքան կարելի է մնալ», - պատմեց Ախալքալաքի անձնագրային բաժնի մոտ հերթում սպասողներից միջին տարիքի մի տղամարդ։

Խնդիրը լուծելու համար փետրվարին «Միգրացիայի մասին» օրենքում մի քանի փոփոխություն կատարվեց՝ հնարավորություն տալով, որ Վրաստանում անշարժ գույք ունեցողները հեշտացված կարգով ստանան ժամանակավոր կացության իրավունք: Չնայած այդ բարեփոփմանը, ջավախահայերի խոսքով՝ իրենց դիմումների զգալի մասը այսօր էլ մեժվում է՝ առանց հիմնավորման:

Ստիպված են նորից դիմել, ընդ որում յուրաքանչյուր նոր դիմումի համար պարտավոր են մոտ 50.000 հայկական դրամի չափով տուրք վճարել․ - «Փողը գլխից կվեկալեն, երկու ամիս հետո կարող է Թիֆլիսից գա ատկազ, ֆսյո, իմ փողը կորավ, ինչ որ մուծել եմ։ Մեկը տվել է ատկազ է եկել, երկրորդ անգամ է տվել, երկրորդ անգամին չի եկել, երրորդ է մուծել, երրորդին նոր եկել է։ Դե հիմի թող բացատրեն, եթե էդ մարդուն չէր հասնի, սկզբից է ատկազը եկել։ Էդ ինչղ է էդքան փողը տվեց, տվեց, երրորդ անգամին թույլատրեցին»։

Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին վերջերս հայտարարել է, թե շատ-շատերն արդեն ստացել են կեցության փաստաթուղթ, մերժվել են դիմումատուների միայն տասը տոկոսը:

«Ի՞նչ ա նշանակում՝ պուստ վրեմեննո պրաժիվայուտ։ Մեր պատմական Հայաստանի հողի վրա մենք վրեմեննո երբեք չենք ապրի։ Դրա համար կոչ եմ անում Հայաստանի կառավարությանը։ Հերիք չեղավ, մի քիչ թող խստորեն խոսան։ Եվ ամենակարևորը, որ ստեղ կան ընկերներ, անձնավորություններ վրաց, որոնց հետ մենք բարեկամներ ենք: ժողովուրդը մեկը մեկի հետ թշնամի չի», - «Ազատության» հետ զրույցում ասաց մի երիտասարդ ախալքալաքցի:

Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի անդամ Մելս Թորոսյանը դեմ է, որ հայերը Ջավախքում ապրեն ժամանակավոր կացության իրավունքով․ - «Ժամանակը ավարտվում է, և դու այլևս այս երկրի քաղաքացին չես։ Կամ ցանկացած ղեկավար մարմին, ցանկացած ղեկավար ուժ կարող է որոշում կայացնի, որ կացության իրավունք ստացած քաղաքացին իրավունք չունի ընտրություններին մասնակցելու քաղաքացու իրավունքով, ճի՞շտ է։ Ունի՞ էդպիսի իրավունք: Այո, ունի։ Իսկ եթե ընտրություններում ձայն չունեմ, քաղաքացիություն չունեմ, էլ ես ո՞վ եմ։ Ես կարող եմ մի ուրիշի հրամանով շպրտվել երկրից դուրս»։

Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սամվել Պետրոսյանը նշում է, որ Արդարադատության նախարարությանն ուղղված նամակում, նաև խորհրդարանում իրենք բարձրացրել են հայերին երկքաղաքացիություն շնորհելու հարցը, սակայն, հստակ պատասխան դեռևս չի տրվել․ - «Վրաստանի քաղաքացին իրավունք չունի ունենալու երկրորդ քաղաքացիություն: Բայց Վրաստանի նախագահը իրավունք ունի այլ քաղաքացուն շնորհել Վրաստանի քաղաքացիություն: Մենք առաջարկում ենք, որ դա շարունակվի, ու թույլ տան եթե պետք է Վրաստանը իրավունք ունենա պայմանագիր կնքելու այլ պետությունների հետ՝ երկքաղաքացիություն շնորհելու համար մյուս պետության քաղաքացիներին»։

Հայ և վրացի բարձաստիճան պաշտոնյաների վերջին փոխայցելությունների ժամանակ պաշտոնական Թբիլիսին խոստացել էր խնդրին վերջնական լուծում տալ առաջիկա ամիսների ընթացքում։ Մինչ այդ հազարավոր ջավախահայեր անորոշության մեջ են․ վրացական անձնագիր ստանալու դեպքում ստիպված են հրաժարվել Ռուսաստան մեկնելուց, ինչը շատերի ապրուստի միակ միջոցն է:

XS
SM
MD
LG