Մատչելիության հղումներ

logo-print

Իրաքի զորքերը գրոհում են Թիքրիթը


Իրաքի զինված ուժերի ստորաբաժանումները շարժվում են Թիքրիթի ուղղությամբ՝ սկսելու քաղաքի գրոհը, 28-ը փետրվարի, 2015թ․

Իրաքի զինված ուժերի ստորաբաժանումները շարժվում են Թիքրիթի ուղղությամբ՝ սկսելու քաղաքի գրոհը, 28-ը փետրվարի, 2015թ․

Իրաքի զինված ուժերը, որին միացել են շիա և սունի աշխարհազորայիններ, հարձակման են անցել՝ ետ նվաճելու երկրի հյուսիսային Թիքրիթ քաղաքը «Իսլամական պետության» զինյալներից:

Ինչպես հաղորդել է «Ալ-Իրաքիյա» հեռուստատեսությունը, քաղաքը գրոհող ստորաբաժանումներին աջակցում են հրետանին, Իրաքի ռազմաօդային ուժերի օդանավերը: Հեռուստատեսությունը փոխանցում է, որ զինյալները դուրս են մղվել քաղաքի որոշ արվարձաններից:

Մայրաքաղաք Բաղդադից շուրջ 130 կիլոմետր հյուսիս գտնվող Թիքրիթը՝ Իրաքի նախկին բռնապետ Սադամ Հուսեյնի հայրենի քաղաքը, ինչպես նաև երկրի մեծությամբ երկրորդ Մոսուլ քաղաքը և սունիներով բնակեցված այլ շրջաններ «Իսլամական պետության» զինյալները գրավել են անցած տարվա ամռանը:

Լրատվական գործակալությունները նշում են, որ Մոսուլը ետ նվաճելու գործողության համար նախ հարկ կլինի գրավել Թիքրիթը, որը գտնվում է Բաղդադից եկող մայրուղու վրա:

Ամերիկացի զինվորականները որպես Մոսուլը գրավելու նպատակով համակարգված ռազմական առաքելության մեկնարկի հավանական ժամկետ նշել են ապրիլ կամ մայիս ամիսները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG