Մատչելիության հղումներ

Հայաստանյան ՀԿ-ները դժգոհ են ՄԱԿ-ի կառույցների՝ Ստամբուլ տեղափոխվելու փաստից


Հայաստանյան 22 հասարակական կազմակերպություններ նամակ են ուղղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին՝ անհանգստություն հայտնելով այն առնչությամբ, որ ՄԱԿ-ի եվրոպական մի շարք կառույցներ տեղափոխվում են Ստամբուլ: Կազմակերպությունների պնդմամբ, դա լուրջ խոչընդոտներ է ստեղծում հայաստանյան ՀԿ-ների համար:

Արդեն իսկ Ստամբուլ են տեղափոխվել UNICEF-ի, կանանց աջակցման որոշ ծրագրերի գրասենյակներ, այժմ էլ հերթը հասել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի գրասենյակի՝ UNDP-ի՝ Բրատիսլավայից Ստամբուլ տեղափոխելուն:

«Թուրքիան շարունակում է ժխտել 1915թ-ի հայերի Ցեղասպանության փաստը»,- շեշտում են Բան Կի-մունին ուղղված նամակի հեղինակները՝ շարունակելով, - «Մենք համոզված են, որ համաշխարհային քաղաքականության մեջ չպատժված, չդատապարտված Ցեղասպանությունն է ծնել հետագա տարիներին մարդկության դեմ գործած հանցագործությունները»:

Նամակի համահեղինակներ, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ու «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանն ասում են՝ Թուրքիան մեծ ֆինանսական աջակցության շնորհիվ է կարողանում գրավել Արևմուտքի ուշադրությունը, այդուհանդերձ, նրանց խոսքով, հայկական դիվանագիտությունը պետք է գոնե փորձի կանխարգելել ՄԱԿ-ի տարբեր կառույցների Ստամբուլ տեղափոխման գործընթացը:

«Մենք պետք է հստակ ասենք, որ այլևս չի կարելի թույլ տալ՝ լինի ՄԱԿ-ը, լինի այլ ատյան, շարժվի զուտ մերկանտիլ, փողային հարմարություններով: Գոնե կանխենք մյուս կառույցների տեղափոխումը», - ասում է նա:

Մեջբերելով Human Rights Watch միջազգային կազմակերպության 2014թ-ի զեկույցը՝ նամակի հեղինակները շեշտում են․ - «Թուրքիայում այսօր ազատ խոսքի արտահայտման իրավունքը լրջորեն վտանգված է, երկիրն այսօր խնդիրներ ունի օրինականություն հաստատելու հետ կապված»: Ավելին՝ ՄԱԿ-ի Խարտիան ուսումնասիրելուց հետո հայաստանյան ՀԿ-ները պարզել են, որ Թուրքիան չի համապատասխանում այն պահանջներին, որոնք ներկայացվում են ՄԱԿ-ի գրասենյակներ հյուրընկալող երկրին: Թեպետ ՄԱԿ-ի հատուկ բանագնացը բացատրել է, որ միջազգային այս կառույցն ունի իր մանդատը և որևէ երկիր չի կարող իր վարած քաղաքականությամբ ազդել ՄԱԿ-ի աշխատանքի վրա, հայկական կազմակերպությունները այլ կարծիք ունեն:

«Մեր համոզմունքը այդպիսին չէ․ Թուրքիան երբեք հենց այնպես այդպիսի գումարներ չէր ծախսի, այդպիսի դժվարությունների առաջ չէր կանգնի՝ շենքեր է տրամադրում և այլն, և ազդեցությունը լինելու է շատ մեծ: Առավել ևս, որ մեր ճանաչած մի շարք մասնագետներ, որոնք աշխատում էին UNDP-ում և որոնց հետ մենք համագործակցում էինք, հրաժարվեցին Ստամբուլ տեղափոխվելուց: Եվ Թուրքիան ասաց՝ խնդիր չէ, իմ ազգային փորձագետները կփոխարինեն: Եվ ինչպես կփոխարինեն՝ կարելի է հասկանալ», - ասում է Կարինե Դանիելյանը:

Բան Կի-մունին ուղղված նամակում նաև կարդում ենք՝ «այդ երկրում շարունակվում են էթնիկ հողի վրա հայերի, հույների, ասորիների, քրդերի, եզդիների, ալևիների սպանությունները: Նամակի համահեղինակները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հիշեցնում են նաև «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը, ինչպես նաև այն փաստը, որ Թուրքիայի գործող նախագահի համար վիրավորանքի բարձրագույն չափանիշը հայ բառն է: Նամակի համահեղինակ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, այս ամենը հաշվի առնելով, պնդում է՝ Թուրքիան չի կարող դիտվել տարածաշրջանային կենտրոն՝ ՄԱԿ-ի կառույցները հյուրընկալելու համար:

«Խախտվում է տարածաշրջանային աշխատանքի հեռանկարային հնարավորությունը», - ասում է Խառատյանը:

Այս խնդրով մտահոգ հայաստանյան կազմակերպությունները դիմել են նաև Հայաստանի արտգործնախարարությանը՝ գերատեսչության աջակցությունը ստանալու ակնկալիքով: Նախարարությունն արձագանքել է՝ այնտեղ ևս մտահոգված էն: Փոխնախարար Կարեն Նազարյանը օրերս հայտարարեց, որ դիմել է ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին և այս պահին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՄԱԿ-ի Զարգացման գործակալության հետ Հայաստանը կաշխատի անմիջապես կազմակերպության կենտրոնակայանում՝ Նյու Յորքում:

XS
SM
MD
LG