Մատչելիության հղումներ

logo-print

Փաստաբան. Պտիցինը չի կարող որոշել, թե որ դատարանն է քննելու Պերմյակովի գործը


Ըստ Երեմ Սարգսյանի, Պտիցինի իրավասությունը գործի շրջանակներում ծագում է այն փուլում, երբ որ գործը նախաքննական մարմինն ուղարկում է դատարան։

Ռուսաստանի Դաշնության Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի նախագահ Միխայիլ Պտիցինը այսօր հայտարարել է, որ մոտ ապագայում դատարանը մի շարք աղմկահարույց գործեր է լսելու, այդ թվում՝ Գյումրիում ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործը։ Այս մասին հաղորդում է ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանում սպասում են նաև Վալերի Պերմյակովի գործին, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ Պերմյակովը հիմա գտնվում է Գյումրիում՝ ռուսական ռազմակայանի հոսպիտալում, որտեղ ենթարկվում է հոգեբանական-հոգեբուժական փորձաքննության:

Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբան Երեմ Սարգսյանի պնդմամբ, Պտիցինը չի կարող որոշել, թե որ դատարանն է քննելու Պերմյակովի գործը, քանի որ գործը դեռ նախաքննության փուլում է։

«Կարող ենք ենթադրել, որ սա ինչ-որ աստիճանի մակարդակներում մեսիջներ է ուղարկված մեզ՝ որ, ի վերջո, մենք ենք քննելու։ Բայց այս պահին, համենայն դեպս, նշեմ, որ այդ պաշտոնատար անձն իրավասու չէ որոշել։ Իր իրավասությունը գործի շրջանակներում ծագում է այն փուլում, երբ որ գործը նախաքննական մարմինն ուղարկում է դատարան», - ասաց Սարգսյանը։

Ինչ վերաբերում է Պերմյակովի հոգեբանական-հոգեբուժական փորձաքննությանը, փաստաբանն ասաց՝ իրենք ենթադրում էին, որ ռուսական կողմը նման փորձաքննություն կանցկացնի՝ նշելով, որ հստակ տվյալներ, սակայն, չունեն։

Խնդիրն այն է, որ տուժողների իրավահաջորդները որոշել են գործը քննող ռուս իրավապահների հետ չշփվել, քանի որ կարծում են՝ գործը պետք է հայկական կողմը քննի։

Հայ իրավապահների կողմից, ըստ փաստաբանի, Պերմյակովին հոգեբանական փորձաքննության ենթրակելու որոշում կայացնելու մասին իրենց հայտնի չէ։

«Եթե անգամ դա կատարվի, եթե անգամ հետագայում քրեական գործերը միացվեն և այդ փորձաքննության արդյունքները մեզ կասկածելի թվան, այդ առումով մենք իրավասու ենք կրկնակի փորձաքննություն նշանակելու միջնորդույթուն ներկայացնել, պահանջել, որ դա կատարվի և նույնիսկ պահանջել, որ նաև մեր մասնակցությամբ լինի փորձաքննությունը», - ասաց Սարգսյանը։

Գյումրիում առայժմ վերապահումով են մոտենում Պերմյակովին ռուսական դատարանում դատելու և հոգեբանական քննության ենթարկելու մասին լուրերին։

Գյումրիի ցույցերի ակտիվ մասնակից Կարեն Պետրոսյանի կարծիքով, նման լուրերով ռուսական կողմն ընդամենը փորձում է ստուգել գյումրեցիների տրամադրությունները։

Ակտիվիստի խոսքով, քաղաքում արդեն ռուսների հանդեպ վերաբերմունքը փոփոխվում է, և նման հայտարարություններով իրավիճակը էլ ավելի է լարվում։

«Թող սպասեն, որ եթե Պերմյակովին այնտեղ հանդիպի, այստեղ իրենց քաղաքացիների հետ կարող է շատ լուրջ բաներ պատահի, այսինքն՝ թող ամեն ինչի սպասեն, եթե իրենք չուզենան հաշտ, համերաշխ ճանապարհով, քաղաքակիրթ աշխարհին բնորոշ ճանապարհով այս հարցին լուծում տալ, այլ փորձեն ամեն ինչ անել չոր ուժի տիրույթում։ Իրենք պետք է հասկանան, որ Գյումրիի վրա ուժը երբեք չի գործել՝ ո՛չ մի դարում ո՛չ մի ժողովուրդ ես քաղաքի վրա ուժ չի կարողացել բանեցնի», - ասաց Պետրոսյանը։

Իսկ մինչ այդ, այսօր Երևանում՝ Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ցույց անցկացվեց՝ Պերմյակովին հայկական կողմին փոխանցելու պահանջով։

Ակտիվիստ Վարդգես Գասպարին «Գյումրիի ողբերգությունը միայն Ավետիսյանների ու գյումրեցիների խնդիրը չէ» պաստառով կանգնած էր Դատախազության շենքի դիմաց։

Ոստիկանները պահանջեցին, որ նա հեռանա դիմացի մայթ, սկսեցին ուժ կիրառել, ակտիվիստն էլ ի նշան բողոքի, մայթին պառկեց, ոստիկանները նրան գրկեցին և տեղափոխեցին դիմացի մայթ։

Ցույցի մասնակիցներից Վաղինակ Շուշանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ եթե Ռուսաստանի Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի նախագահի հայտարարությունը ճիշտ է, ապա Գլխավոր դատախազության դիմաց ցույց անելն արդեն անիմաստ է։

«Գործը կտեղափոխվի արտգործնախարարություն, քանի որ արտգործնախարարությունն արդեն ինքը պետք է զբաղվի՝ միջպետական համաձայնագրերի, պայմանագրերի հիման վրա։ Քանի որ մեր կողմը դեռևս ոչ մի բան չի ասել, չի պատասխանել, իսկ արդեն ռուսական կողմից լսում ենք, որ իրենց մոտ է քննվելու գործը», - ասաց Շուշանյանը։

XS
SM
MD
LG