Մատչելիության հղումներ

logo-print

ԵՄ դեսպանները հանդիպել են ՀԱԿ-ի, «Ժառանգության», ՕԵԿ-ի ղեկավարների հետ


Րաֆֆի Հովհաննիսյանը մտահոգություն նկատել Եվրամիության երկրների դեսպանների խոսքում։

Եվրամիության շուրջ մեկ տասնյակ երկրների՝ Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ այսօր հանդիպել են խորհրդարանական ընդդիմադիր երեք ուժերի՝ «Հայ ազգային կոնգրես»-ի, «Ժառանգության» և «Օրինաց երկրի» առաջնորդների հետ:

Հանդիպումը նախաձեռնել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթեան։ Առայժմ չի հաղորդվում հանդիպման նպատակը և արդյոք առաջիկայում նախատեսված են նաև բանակցություններ խորհրդարանական մյուս ուժերի հետ:

ՀԱԿ-ի փոխանցմամբ, կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունեցել դեսպանների առջև, պատասխանել նրանց հարցերին: Ըստ Կոնգրեսի հաղորդագրության, հանդիպմանը, որին մասնակցել են Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանն և այլ կոնգրեսականներ, ի թիվս արտաքին հարցերի, անդրադարձ է եղել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ «իրականացված քաղաքական հաշվեհարդարին, սահմանադրական փոփոխություններին, ընդդիմության հետագա անելիքներին»:

«Օրինաց երկիր»-ը տեղեկացնում է, որ եվրոպական երկրների դեսպանները Արթուր Բաղդասարյանին խնդրել են ներկայացնել իր գլխավորած կուսակցության տեսակետը՝ ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: ՕԵԿ առաջնորդն ասել է, թե «Հայաստանը հետևողականորեն պետք է առաջ ընթանա համարձակ և մրցունակ սոցիալ-տնտեսական ու քաղաքական բարեփոխումների միջոցով»:

Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի ու Եվրամիության մի շարք այլ պետությունների դեսպանների հետ «Ժառանգություն» կուսակցության հանդիպմանը մասնակցել են Րաֆֆի Հովհաննիսյանն ու Զարուհի Փոստանջյանը: Այսօր Ազատության հրապարակում հրավիրած հավաքին, Րաֆֆի Հովհաննիսյանը պատմեց, որ առաջին հերթին ներքին խնդիրներն է ներկայացրել, ժողովրդավարության մասին խոսել, հետո նոր միայն անդրադարձել արտաքին թեմաներին։

«Եղել է բաց, անկեղծ, առանց որևէ մի պատնեշի զրույց, և մենք ներկայացրել ենք մեր, «Ժառանգության», հայ ժողովրդի պահանջը, ինչպես որ կա՝ ունենալ ժողովրդին պատկանող իշխանություն, որը չկա այսօր, ունենալ Եվրոպա, որը հարգում է մեր ժողովուրդը և իր շահը, որ միշտ չէ, որ ունենք, ընտրությունից սկսած մինչև Արցախ և ցեղասպանություն, և առաջին հերթին ունենալ Հայաստան, որը հարգում է իր շարքային քաղաքացուն»,- փոխանցեց Հովհաննիսյանը։

Չցանկանալով ներկայացնել, թե ինչպիսին էր դեսպանների արձագանքը, «Ժառանգության» առաջնորդը միաժամանակ ընդգծեց, որ մտահոգություն նրանց խոսքում նկատել է.- «Ավելի շատ դեսպանները հանդես եկան հարցերով, քան ելույթներով, բայց հարցերի մեջ ակնբախ էր այն, որ իրենք շատ մտահոգ են Հայաստանի կացությամբ և կարող են հասկանալ, թե շարքային քաղաքացին ինչու է պահանջում այս արտակարգ իրավիճակում արտահերթ լուծում»։

«Իշխանափոխության համար պայքարը շարունակվում է»

Համակիրների հետ այսօրվա հանդիպմանը Րաֆֆի Հովհաննիսյանը կրկնեց՝ եռյակն այլևս գոյություն չունի, բայց իշխանափոխության համար պայքարը շարունակվում է։

«Ներկա դրությամբ չկա ոչ երեքի, ոչ յոթի, ոչ տասի, ոչ էլ հարյուր տասի ձևաչափ, բայց ամեն օր ու գիշեր աշխատում ենք, որ հայ ժողովուրդը ունենա հույս։ Մենք թերացել ենք փետրվարի 20-ին»,- ասաց Հովհաննիսյանը։

«Ժառանգությունը» կոչ է անում մասնակցել ՀԱԿ-ի մարտիմեկյան հանրահավաքին, բայց կուսակցության հիմնական կազմը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ այդ օրը լինելու է սահմանամերձ Չինարիում: Հաջորդ ուրբաթ «Ժառանգությունը» դարձյալ հավաք է նախաձեռնել Ազատության հրապարակում։

«Եվ շատ մեծ հույս ենք տածում, որ մի շաբաթ անց կլինի միացյալ հրապարակ։ Թե ոչ, ժողովրդին տանելով ապրիլի, մայիսի, հունիսի հույսերով... տենց չի։ Չեմ ասի՝ հիմա կամ երբեք, պարզապես ասում եմ՝ հիմա»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը։

Լրագրողների հետ զրույցում ընդդիմադիր ղեկավարն անկեղծացավ՝ բանաձև ու դեղատոմս չունի, միայն գիտի, որ հրապարակում կանգնելով է հնարավոր ապօրինի իշխանությունը հեռացնել։

«Եթե ուզում ենք փոփոխություն, և հայ ժողովրդի 85 տոկոսը ուզում է այդ փոփոխությունը, մենք միասին պիտի կանգնենք՝ քաղաքական, քաղաքացիական ուժերով»,- ասաց Հովհաննիսյանը։

XS
SM
MD
LG