Մատչելիության հղումներ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կհամալրվի երկու նոր խաղացողներով


Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները մարզման ժամանակ, արխիվ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները մարզման ժամանակ, արխիվ

Պաշտպան Գաել Անդոնյանը և դարպասապահ Դավիթ Յուրչենկոն առաջիկայում կմիանան Հայաստանի ֆուտբոլի հավաքականին: Այս մասին հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Մասնագետների կարծիքով կենտրոնական պաշտպան Անդոնյանը և դարպասապահ Յուրչենկոն հավաքականի համար ամենաանհրաժեշտ համալրումներ են:

Մարսելի «Օլիմպիկ»-ի երիտասարդական թիմի հայ ֆուտբոլիստ Գաել Անդոնյանը հիմնականում հանդես է գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում: Անդոնյանի երկրորդական դիրքը համարվում է պաշտպանության գծի ձախ եզրը: 20-ամյա ֆուտբոլիստը Մարսելի ակումբի երկրորդ թիմի անդամ է, մեկ հանդիպում է անցկացրել առաջին թիմի կազմում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեռ երեք տարի առաջ էր փորձել ձեռք բերել Անդոնյանին, սակայն ֆուտբոլիստը մերժել էր՝ պատճառաբանելով, որ ցանկանում է ակումբային խաղերի վրա կենտրոնանալ և հաստատվել թիմում: Նույն ժամանակահատվածում Գաել Անդոնյանը նաև հանդես էր եկել Ֆրանսիայի երիտասարդական հավաքականում: Մարտի 21-ին ֆրանսահայ ֆուտբոլիստը Հայաստանի քաղաքացիություն կստանա:

«Արմենիա» հեռուստաընկերության «Ֆուտբոլի ժամը» հաղորդման ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն անդրադարձավ նաև «Ուֆա»-ի դարպասապահ Դավիթ Յուրչենկոյին` նշելով, որ նա հավաքականին կմիանա արդեն մայիսին:

28-ամյա դարպասապահը eurofootball.ru կայքին տված հարցազրույցում ավելի վաղ նշել էր, որ ուրախ կլինի միանալ Հայաստանի հավաքականին, քանի որ այն լավ խաղ է ցույց տալիս և ինքն էլ շատ նպատակասլաց մարդ է և Հայաստանի ընտրանին նոր մարտահրավեր կլինի:

Մշտապես խնդրահարույց և ՀՖՖ նախագահի կողմից «անցակալի անձի» կարգավիճակ ստացած Դենիս Թումասյանի մասին ևս խոսվեց:

«Թումասյանը Հայաստանի հավաքականում չի խաղալու, քանի դեռ ես ֆեդերացիայի նախագահն եմ»,- հայտարարել է Ռուբեն Հայրապետյանն արդեն մի քանի անգամ:

Թումասյանը հանդես է գալիս Ռուսական առաջնությունում «Ուֆա» թիմում պաշտպանության գծում:

«Միայն Դենիս Թումասյանի անունը չտաք: Ես բազմիցս ասել եմ, որ Թումասյանը ոչ կարող է հրավիրվել հավաքական, ոչ էլ կարող է օգուտ տալ հավաքականին: Նա ազգությամբ հայ չէ, ու նա Հայաստանի հավաքականում չի լինելու», - ասել է ՀՖՖ նախագահը:

Հիշեցնենք, որ Թումասյանը նախկինում մերժել է անդամակցել Հայաստանի հավաքականին, իսկ այնուհետև ինքն է ցանկություն հայտնել և մերժվել ՀՖՖ-ի կողմից: Փաստարկը նույնն է՝ Թումասյանը հայ չէ: Ինչպես հայտնի է, Հայաստանի ազգային հավաքականին արդեն տասնամյակներ է օգուտ են տալիս ոչ հայ ֆուտբոլիստներ Ռոման Բերեզովսկին և Մարկոս Պիզելին:

Բեռնար Շալանդը կհեռացվի Ալբանիային պարտվելու դեպքում

Ռուբեն Հայրապետյանը մտահոգություն հայտնեց, որ հավաքականը «Եվրո 2016»-ի ընտրական փուլում չի կարողանում միավորներ վաստակել: ՀՖՖ նախագահը նշեց, որ առաջնային խնդիրը ընտրական փուլից դուրս գալն է, ոչ թե գեղեցիկ խաղը:

«Խոսել եմ Շալանդի հետ, խոսել ենք ապագայի վերաբերյալ, նա ընդունել է, որ սխալներ թույլ է տվել, սակայն նաև նշել է, որ այլ խնդիրներ են եղել, մասնավորապես, ֆուտբոլիստները վախեցել են առաջ գնալ Պորտուգալիայի դեմ խաղում»:

Շալանդը խոստացել է հաղթել Ալբանիայի հավաքականին: ՀՖՖ նախագահը նրա առաջ այդպիսի խնդիր է դրել. - «Մենք պետք է դուրս գանք Եվրոպայի առաջնություն: Եթե Ալբանիային չհաղթենք, Շալանդը հրաժարական կտա»:

Նշենք, որ «Եվրո- 2016»-ի ընտրական փուլի I խմբի Ալբանիա-Հայաստան հանդիպումը կկայանա մարտի 29-ին, որտեղ հայ ֆուտբոլիստները կլինեն հյուրի կարգավիճակում:

Ռուբեն Հայրապետյանը կրկին կմասնակցի ՀՖՖ նախագահի ընտրություններին

«Ես առաջադրվելու եմ: Իմ ոչ մի ծրագիրն ավարտին չեմ հասցրել. մանկապատանեկան ֆուտբոլի զարգացում, ազգային հավաքականին աշխարհի և Եվրոպայի առաջնություններում տեսնելը, բարձրորակ մարզիչ, մրցավար, ֆուտբոլիստներ ունենալը, սրանք բոլորը կիսատ են», - ասել է Հայրապետյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG