Մատչելիության հղումներ

Ըստ Փոլ Գոբլի՝ Սումգայիթի ջարդը ՊԱԿ-ի կազմակերպած ոճիրն էր


Սումգայիթի ջարդերը, փետրվար, 1988թ․
Սումգայիթի ջարդերը, փետրվար, 1988թ․

1988 թվականի փետրվարի 27-29-ը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային սպանություններ: «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում վերլուծաբան Փոլ Գոբլը ներկայացրեց իր դիտարկումները կատարվածի մասին։

«Անմեղ մարդկանց հանդեպ իրագործված բռնությունն ու ոճիրը սարսափելի հանցանք է, այդուհանդերձ, Սումգայիթի ջարդերը Ադրբեջանի ժողովրդի իրագործած ոճիրը չէր հայ ժողովրդի նկատմամբ, սա ՊԱԿ-ի [խորհրդային Պետական անվտանգության կոմիտեի] սադրանքով մի խումբ ադրբեջանցի հանցագործների ոճիրն է», - ասաց Փոլ Գոբլը։

«Ես հավատում եմ, որ սա սադրանք էր, ավելին՝ ես հավատում եմ, որ սա ՊԱԿ-ի կազմակերպած ոճիրն էր, այդուհանդերձ, դա չի մեղմում դրան մաս կազմածների հանցանքը», - նշեց վերլուծաբանը:

Սումգայիթյան ջարդերից 27 տարի անց, Ղարաբաղյան շարժման նախօրեին Ադրբեջանում տեղի ունեցած ոճրագործությունների հիշողությունները վառ են ականատեսների և նրանց սերունդների հիշողություններում, այդուհանդերձ, ըստ Գոբլի, երկու երկրները պետք է կարողանան հեռուն նայել։

«Հայերն ու ադրբեջանցիները հարյուրամյակներ շարունակ ապրել են կողք կողքի, ի վերջո՝ այս հակամարտությունը և թշնամանքը հասարակ ժողովրդինը չէ», - նշեց վերլուծաբանը՝ հավելելով, որ նույն սումգայիթյան ջարդերի ժամանակ շատ հայերի կյանք փրկվել է իրենց ադրբեջանցի հարևանների և ընկերների կողմից։

«Ոչ մի տեղ՝ աքսորի մի պատմություն» գրքի հեղինակ Աննա Աստվածատուրյանը, ով վերջերս հանդես եկավ Միացյալ Նահանգների Կոնգրեսում՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպված միջոցառմանը, նշեց, որ իր ընտանիքին հաջողվել է փրկվել ադրբեջանցի հարևանների օգնությամբ․ - «Քեռիս սաստիկ ծեծի էր ենթարկվել, սակայն նրան հաջողվել էր փախչել, նրան իր տանը թաքցրել էր հարևան ադրբեջանցին»։

Հայաստանի Կապանի շրջանից հեռացած ադրբեջանցի Իլհամ Մամադովն էլ «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանը իր ծննդավայրն է, այնտեղ են թաղված իր նախնիները, և իր երազանքն է մի օր Հայաստան վերադառնալու հնարավորություն ունենալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG