Մատչելիության հղումներ

Այս իշխանությունների օրոք «Մարտի 1»-ի բացահայտումը բացառվում է․ նախկին փաստահավաք խմբի անդամ


Անցած 7 տարիների ընթացքում Առաքել Սեմիրջյանի ձեռքի տակով հարյուրավոր փաստաթղթեր են անցել, տեսանյութեր, վկայություններ: Նա ասում է, որ «Մարտի 1»-ը միայն մի դեպքում չի բացահայտվի․ - «Եթե ամբողջ աշխարհի արխիվները վերացվեն, կարող է նաև չբացահայտվի»:

«Մարտի 1» հասարակական կազմակերպությունը, որ համակարգում է Սեմիրջյանը, քրեական գործով դրական շարժ բացառում է՝ հիշեցնելով Գևորգ Կոստանյանի վարքը Գյումրու դեպքերից հետո․ խոստումից 1 ամիս անց հայտնի չէ՝ ռուսական կողմը նամակը ստացե՞լ է, թե՞ ոչ:

Նույնը «Մարտի 1»-ի գործով․ սպանություններն առանձին վարույթներով քննելու որոշմամբ իշխանությունները ժամանակ են ձգում:

«Հասան իրենց նպատակին, որ օրակարգից մի փոքր հետ մնաց ու իրենց թվում է՝ քանի տարի երկարի, այդքան հետ կմնա», - ասաց Սեմիրջյանը:

Բայց առանց «Մարտի 1»-ը բացահայտելու, նրա խոսքով, Հայաստանը չի կարող առաջ շարժվել․- «Երկիրը չի կարող գոյատևել բացահայտ մարդասպանների ներկայությամբ, որ ամբողջ հանրապետությունը գիտի՝ ովքեր են մարդասպանները»:

Առաքել Սեմիրջյանի գնահատմամբ, 7 տարիների նախաքննական գործողությունները մի անուն ունեն՝ «իմիտացիա»՝ «փորձում ենք բացահայտել, ափսոս, չի ստացվում»․

«Սերժ Սարգսյանը եկել է իշխանության մարտի 1-ի սպանությունների գնով, ինչպե՞ս կարող է նրա իշխանության օրոք այդ բանը բացահայտվել: Եթե «Մարտի 1»-ը հանում ենք, Սերժ Սարգսյանը իշխանությունը կորցնում է», - ասաց «Մարտի 1» հկ ղեկավարը:

Սերժ Սարգսյանի որոշմամբ 2009-ին լուծարվեց փաստահավաք խումբը: Սեդա Սաֆարյանը հիշում է՝ իրենց ձեռքի տակ կային բազմաթիվ արժեքավոր փաստեր, բայց անտեսվեցին․ իշխանությունները իրենք իրենց տակը չէին փորի: Հակառակ դեպքում, կոնկրետ հանցագործներ կանգնելու էին դատարանի առջև․- «Եվ 7 տարի առաջ, և 7 տարի հետո ես նույն կարծիքին եմ, որ այս իշխանությունների օրոք «Մարտի 1»-ի բացահայտումը բացառվում է, որովհետև այս իշխանության հովանավորող անձինք, համակարգերը առնչվել են «Մարտի 1»-ի հետ: Ոստիկանությունը, զինվորական ստորաբաժանումները, նույն պետական ապարատը»:

Նախկին փաստահավաք խմբի անդամն իրենց սխալն է համարում․ հետաքննությունը պիտի վերևից սկսեին՝ կրակելու հրաման տվողներից․- «Էդ ինչպես եղավ, որ առաջին օրերից ձերբակալվեցին նրանք, ովքեր այլախոհ էին»:

Սպանությունների գործը, մինչդեռ, քննության փուլում է արդեն 7-րդ տարին:

Սեդա Սաֆարյանի համոզմամբ, լավագույն դեպքում որոշ մարդկանց պատասխանատվության հարց լինի, այն էլ՝ ոչ էական դրվագներով: Համենայնդեպս, գնահատական, որ սա ժողովրդի դեմ մեծ հանցագործություն էր, ոչ մի դատավճռով չի հնչի:

«Բոլոր ձգձգված գործերը ավարտվում են նույն արդյունքով: Ստեղծվում է մի նպաստավոր պայման և իրավիճակ և էդ գործերը կարճվում են: Ինչ-որ պահի կասեն, որ փչացրել են ապացույցները, կամ՝ վկաների մեծ մասը Հայաստանի Հանրապետությունում չեն: Ամեն ինչ էլ կասեն, և ինչպե սիրենք են ասում՝ մուրճն էլ է իրենց ձերքը, մեխն էլ», - ընդգծեց նախկին փաստահավաք խմբի անգամը:

Գագիկ Ջհանգիրյանը մեկնաբանում է դատախազության որոշումը՝ մայր գործից առանձին քննել 10 սպանությունները․ պարզապես չհաջողվեց դրանք ընդդիմության վրա բարդել:

«Քանի որ այդպես էլ քննության ու գնահատականի առարկա չդարձան զինված ուժերի ապօրինի գործադրումը, մարտի 1-ին զինված ավազակախմբերի մասնակցության և շատ ու շատ այլ հարցեր, բացարձակ անվտանգ դարձավ սպանությունների փաստերով իբր տարվող քննությունը շարունակել առանձին վարույթներով», - հայտարարեց Ջհանգիրյանը:

Նախկին զինդատախազը, սակայն, վստահ է՝ այս փուլն էլ կավարտվի մի քանի հերթապահ հանձնարարականներով ու քննչական գործողություններով․- «Ժամանակ է ձգվում՝ կամ էշը կսատկի, կամ՝ էշատերը մտադրությամբ»:

XS
SM
MD
LG