Մատչելիության հղումներ

Գյումրիի ակցիաներին մասնակցած արդեն երկրորդ ակտիվիստին է մեղադրանք առաջադրվել


Անուշավան Հարությունյանը մեղադրվում է խուլիգանության մեջ։

Գյումրեցի 26-ամյա Անուշավան Հարությունյանին այսօր խուլիգանություն կատարելու մեղադրանք առաջադրվեց՝ Գյումրիում հունվարի 15-ին տեղի ունեցած բախումների փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում: Սա այս գործով առաջադրված արդեն երկրորդ մեղադրանքն է, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Խափանման միջոց ընտրվեց ստորագրությամբ չհեռանալը:

Անուշավան Հարությունյանն առաջադրած մեղադրանքը չի ընդունում, թե ինչ պատիժ է նախատեսված՝ չի էլ հետաքրքրվել:

«Մեղադրանքը առաջադրել են հասարակական կարգը կոպիտ խախտելու համար: Մեղավոր չեմ ճանաչում [ինձ]: Մոտ 2.5 ժամ հարցաքննեցին: Ես ասել էի, որ էս ցուցմունքս, ինչ որ տվել եմ, ուրիշ ավելացնելու բան չունեմ», - ասաց Անուշավանը:

Անցած ավելի քան մեկ ամսվա ընթացքում երիտասարդին ոստիկանությունում ընդամենը մեկ անգամ էին հարցաքննել՝ վկայի կարգավիճակով: Հնարավոր զարգացումներից անտեղյակ՝ երիտասարդը տոմս էր գնել և հենց այսօր պատրաստվում էր արտագնա աշխատանքի մեկնել: Հիմա ստիպված է տոմսը վերադարձնել՝ կրելով նյութական վնաս:

«Տոմսը երեկ էի առել, որ այսօր պիտի թռնեի: Ումի՞ց պահանջեմ վնասի փոխհատուցում: Մոտ մի 60 հազար տուժեցի», - լրագրողներին փոխանցեց Անուշավան Հարությունյանը:

Անուշավան Հարությունյանը Գյումրիի միջադեպով հարուցված քրեական գործում արդեն երկրորդ մեղադրյալն է: 2 շաբաթ առաջ նույն մեղադրանքով ձերբակալվեց, ապա ստորագրությամբ ազատ արձակվեց սառնաղբյուրցի Մնացական Ալեքսանյանը:

Այսօր, ի դեպ, լրանում է հունվարի 12-ին դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատների կողմից գլխավոր դատախազին տրված վերջնաժամկետը: Ավետիսյանների իրավահաջորդները պահանջում են, որ Գևորգ Կոստանյանը գա Գյումրի ու պատասխանի իրենց հուզող հարցերին: Ժամկետը սպառվեց, սակայն Կոստանյանն այդպես էլ չեկավ Գյումրի:

Ավետիսյանների հարազատները սպառնում են վաղը բողոքի ցույց սկսել: Դրանից ընդառաջ, փաստորեն, իշխանությունները կրկին մեղադրանք են առաջադրում ցույցերի մասնակիցներից մեկին: Հարցին, թե արդյոք այս քայլով չե՞ն փորձում գյումրեցիներին վախեցնել Անուշավանը պատասխանեց․- «Չգիտեմ, ես իրանց ձևի չեմ մտածում, չեմ կարող ասել»:

Գյումրիի միջադեպի հետևանքով 23 ոստիկան է դիմել Գյումրիի բժշկական կենտրոն, ճիշտ այդքան՝ 23 քննիչ էլ հիմա զբաղված է մեղավորների հայտնաբերմամբ: Ի դեպ, նույն օրը քաղաքացիական 10 անձ էլ էր վիրավորվել, սակայն այս պահին քաղաքացիական անձանց մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանք որևէ մեկին չի առաջադրվել:

XS
SM
MD
LG