Մատչելիության հղումներ

«Իրաքյան ավիաուղիները» այսօր առաջին թռիչքն է կատարում Բաղդադ-Էրբիլ-Երևան երթուղիով:

NRT գործակալության փոխանցմամբ՝ ավիաընկերության գլխավոր տնօրեն Սաադ ալ-Խաֆաջին ասել է՝ Հայաստանը համաձայնել է, որ իրաքցիները Հայաստան մուտք գործեն առանց վիզայի:

«Իրաքյան ավիաուղիները» Իրաքի կառավարությանը պատկանող ընկերություն է:

Էրբիլը Իրաքի հյուսիսում քրդական ինքնավարության կենտրոնն է: Հունիսին Հայաստանը այստեղ հյուպատոսություն է բացելու, ինչը կնպաստի Հայաստանի և Իրաքի քրդական այս շրջանի միջև հարաբերությունների զարգացմանը:

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից «Ինտերֆաքսին» ասել են, որ չվերթները իրականացվելու են շաբաթը երկու անգամ:

Քաղավիացիայի վարչությունից նաև հայտնել են, որ առաջին չվերթով Հայաստան են ժամանում Իրաքի կառավարության անդամներ և մոտ 50 տուրիստական գործակալությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:

Իրաքի ազգային կենտրոնական վարչության ատենապետ Պարույր Հակոբյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ավիաչվերթի բացումը մեծ նշանակություն կունենա հայ համայնքի համար։

«Մինչ այս մենք Հայաստան էինք մեկնում Դուբայով, Բեյրութով, ավելի վաղ՝ Սիրիայով, որն արդեն փակվել է: Հիմա երբ Իրաք-Հայաստան ուղիղ ավիաչվերթ է բացվում, որը նախկինում երբեք չի եղել, անշուշտ օգտակար կլինի հայ համայնքի համար»,- ասաց Հակոբյանը։

Երկուշաբթի՝ փետրվարի 23-ին, Իրաքում Հայաստանի դեսպան Կարեն Գրիգորյանը հանդիպել է Իրաքի տրանսպորտի նախարար Բաքիր Ջաբր ալ-Զուբեյիդի հետ: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տրանսպորտային կապերի հեռանկարները՝ ընդգծելով ուղիղ ավիաչվերթի կարևորությունը:

Հայաստանի և Իրաքի Քրդստանի միջև հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները, ուղիղ ավիաչվերթ ու Էրբիլում Հայաստանի հյուպատոսություն բացելու հարցերը ավելի վաղ քննարկել էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Իրաքի Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին:

Փետրվարի 7-ին նրանք հանդիպել էին Մյունխենում, որտեղ մասնակցում էին անվտանգության հարցերով միջազգային համաժողովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG