Մատչելիության հղումներ

Սևազգեստ մայրերին այս անգամ ևս արգելեցին մոտենալ նախագահի նստավայրին


Սևազգեստ մայրերին այս անգամ ևս արգելեցին մոտենալ նախագահի նստավայրին
please wait

No media source currently available

0:00 0:02:57 0:00

Խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերն այսօր նախագահական նստավայր այդպես էլ չհասան։

Որդեկորույս երեք մայրերի ճանապարհը փակեց մոտ 20 ոստիկան, ովքեր նախագահականի առջև պատ կազմեցին, և սևազգեստ կանանց հորդորեցին անցնել դիմացի մայթ։

«Եթե ձեր էրեխեքին էս օրը գցեին, դուք ի՞նչ կանեիք»,- վրդովվեց Նանա Մուրադյանը։

Ոստիկանները երկու շաբաթ առաջ նույն այս կանանց նախագահական նստավայրի դիմացից քարշ տալով հեռացրել էր հանդիպակաց մայթ։ Այս անգամ թեև բանը բռնությունների չհասավ, սակայն ոստիկանները, անդրդվելի էին՝ թույլ չտվեցին որդեկորույս մայրերին անգամ մեկ քայլ առաջ գնալ։

«Էս երեք ծնողի դեմ քանի՞ հարյուր մարդ պիտի կանգնի»,- հարցնում էր ծնողներից Իրինա Ղազարյանը։

«Իրավունք չունենք, նախագահից պահանջելու իրավունք չունենք, ոչ մեկից պահանջելու իրավունք չունենք։ Բա լավ, էս երկրի տերն ու տիրակալը ո՞վ է»,- ասում էր Նանա Մուրադյանը։

Ընդ որում, կանայք ասում էին, թե իրավապահները գործի են անցել՝ առանց իմանալու անգամ, թե իրենք ինչ են պատրաստվում անել նախագահական դարպասների առջև։ Պնդում էին, թե այս անգամ պարզապես ուզում էին գնալ նամակների բաժին՝ պարզելու, թե երբ է ի վերջո գերագույն գլխավոր հրամանատարը պատասխանելու իրենց նամակին։

«Ես չեմ հանձնվելու, պահանջելու ենք մինչև վերջ, վերջապես մինուճար տղայիս դրել եմ հողը, ես էլ կորցնելու բան չունեմ, պիտի պատասխան տա իմ էրեխուն սպանողը, էնքան եմ կանգնելու, նախագահ կփոխվի, ինչ կլինի..»,- հայտարարեց Նանա Մուրադյանը։

Տարիներ շարունակ բողոքի ցույցեր անցկացնող կանայք պնդում են, թե զավակների սպանությունները բացահայտված չեն, մեղավորներն էլ ազատության մեջ են։ Նրանք դեռս անցյալ նոյեմբերին դիմել են Սերժ Սարգսյանին, խնդրել են լսել իրենց պատմությունները, կասկածներն ու օգնել՝ բացահայտելու սպանությունների իրական հանգամանքները։Պատասխան մինչ օրս չեն ստացել։ Ասում են, թե ոստիկանների նման վերաբերմունքը պարզապես վկայում է, որ Սերժ Սարգսյանն իրենց լսել չի ուզում։

«Կոծկել են... իրենց ձեռք չի տալիս հանցագործներին բացահայտելը։ Իմ էրեխու ձեռքերը, պռոշը ջարդած է եղել։ Ես իրա համար չեմ բերել իմ էրեխուն»,- արտասվելով ասում էր Իրինա Ղազարյանը։

Մի քանի րոպե կանգնելով ոստիկանական պատի դիմաց՝ որդեկորույս մայրերը որոշեցին անցնել հանդիպակաց մայթ։ Երբ երկու շաբաթ առաջ ոստիկանները սևազգեստ կանանց բռնի ուժով քարշ էին տվել դիմացի մայթ, ոստիկանությունը ծառայողական քննություն էր նշանակել ու մի քանի ոստիկանի միայն կարգապահական տույժի ենթարկել։

XS
SM
MD
LG