Մատչելիության հղումներ

Հայաստանում էր ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի պաշտոնակատարը


ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի պաշտոնակատար Սյուզան Կոսինսկի Ֆրից, արխիվ
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի պաշտոնակատար Սյուզան Կոսինսկի Ֆրից, արխիվ

Փետրվարի 21-ից հնգօրյա աշխատանքային այցով Հայաստանում էր ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի պաշտոնակատար Սյուզան Կոսինսկի Ֆրիցը:

Ֆրիցը կառավարում է Եվրոպայի և Եվրասիայի 13 երկրներին, այդ թվում` Հայաստանին տրամադրվող ԱՄՆ ՄԶԳ-ի օժանդակության 200 միլիոն դոլար արժողությամբ տարեկան բյուջեն:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Ֆրիցը հանդիպել է Հայաստանի կառավարության, քաղաքացիական հասարակության, զբոսաշրջության ոլորտի և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ հետ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ընթացքում նա կարևորել է աջակցության երեք համաձայնագրերի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ի և Հայաստանի կառավարության միջև համագործակցությունը տնտեսական զարգացման, ժողովրդավարության (ներառյալ քաղաքացիական հասարակության) և կառավարման, ինչպես նաև առողջապահական ու սոցիալական բարեփոխումների ոլորտներում:

Կողմերը քննարկել են ԱՄՆ - Հայաստան երկկողմ հարաբերությունները, կառավարության մի շարք ընթացիկ մարտահրավերներ ու առաջնահերթություններ, երկրի բարեփոխումների օրակարգը, ինչպես նաև բաց երկնքի քաղաքականությանը, հակակոռուպցիոն քայլերին, քաղաքացիական հասարակությանն ու ապակենտրոնացմանն առնչվող հարցեր:

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ քննարկվել են Հայաստանի տեսլականը և առաջընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրման գործընթացում, ինչպես նաև Հայաստանի միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ներկայիս առաջնահերթությունները:

Այցի շրջանակում ԱՄՆ ՄԶԳ-ի պաշտոնյան նաև մասնակցել է «կլոր սեղան» քննարկումների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և զբոսաշրջության ոլորտի գործընկերների հետ: Այդ հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի քաղաքացիական հասարակությանը և հայ - թուրքական միջսահմանային զբոսաշրջության զարգացմանն ուղղված ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությունը:

«Հայաստանի կառավարության հետ ներկա համաձայնագրերի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությունը Հայաստանին ուղղված է բարձրացնելու երկրի տնտեսական մրցունակությունը, նպաստելու քաղաքացիական մասնակցությանը և լրատվամիջոցների լայն շրջանակի հասանելիությանը, ընդլայնելու որակյալ առողջապահական և սոցիալական ծառայությունների հասանելիությունը և օգնելու երկրի առավել անապահով քաղաքացիներին հաղթահարել աղքատությունը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG