Մատչելիության հղումներ

Հաշտեցումն ու սահմանների բացումը Հարավային Կովկասի տարածաշրջանում այլընտրանք չունի, ընդգծում են ամերիկյան փորձագետները:

2015-ը բարդ տարի է հայ - թուրքական հարաբերությունների համար, նշում են ամերիկյան փորձագետները: Նրանց խոսքով՝ Միացյալ Նահանգների հզորությունն ու ազդեցությունը պարտավորեցնում է Վաշինգտոնին ակտիվորեն աջակցել կողմերի հաշտեցմանը:

Միացյալ Նահանգները պետք է կամուրջ հանդիսանա Հայաստանի և Թուրքիայի միջև, համոզված է Գերմանական Մարշալի հիմնադրամի փորձագետ դոկտոր Ջոշուա Ուոքերը: «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում նա ընդգծեց, որ ներկայումս հայկական ու թուրքական կողմերը ի վիճակի չեն խնդիրն ինքնուրույն կարգավորել:

«Թուրքիան նախապատրաստվում է հունիսին կայանալիք ընտրություններին, և ազգայնականները թույլ չեն տա կառավարությանը իրականացնել Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման համար անհրաժեշտ գործողություններ, ու եթե չլինի շատ լուրջ ճնշում դրսից, հայ - թուրքական հարաբերություններում առաջընթաց չի արձանագրվի», - ասում է Ուոքերը:

Նրա խոսքով՝ 2015-ին, հաշվի առնելով իրավիճակն Ուկրաինայում ու Միջին Արևելքում, ԱՄՆ-ին շատ բարդ կլինի կենտրոնանալ Կովկասի վրա:

Փոքր-ինչ ավելի լավատես է Բրուքինգս հաստատության ավագ փորձագետ դոկտոր Քեմալ Քիրիսչին, որի խոսքով՝ թե՛ Հայաստանի և թե՛ Թուրքիայի պաշտոնյաներն անձնական զրույցներում նշում են, որ հետաքրքրված են երկկողմ անուղղակի հարաբերությունները խորացնելով, հաշվի առնելով, որ ուղղակի հարաբերություններ մոտ ապագայում չեն հաստատվելու:

«Թուրք պաշտոնյաներն անձնական զրույցներում ընդունում են, որ Հայաստանի հետ սահմանի փակումը երևի թե երկկողմ հարաբերություններում արված հիմնական ռազմավարական սխալն էր Թուրքիայի կողմից», - նշում է Քիրիսչին:

Նրա խոսքով՝ սկզբնական շրջանում հայ - թուրքական հաշտեցումը կարող է լինել ոչ թե Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման, այլ՝ Հայաստանի հետ սահմանի բացման տեսքով, ինչը զգալիորեն կնպաստի կողմերի տնտեսական զարգացմանը:

Ջոշուա Ուոքերը նույնպես նշեց, որ Հարավային Կովկասի երկրները լուրջ տնտեսական առաջընթացի հասնելու համար տարածաշրջանային համագործակցության զարգացման այլընտրանք չունեն, և Միացյալ Նահանգները պետք է դրական դեր խաղա հարաբերությունների բարելավման գործում:

«ԱՄՆ-ը չափից ավելի կարևոր երկիր է, որպեսզի թույլ տա, որ Հայաստանը դառնա Ռուսաստանի կամակատար, կամ որ Ադրբեջանն իր քաղաքական մոտեցումներում կենտրոնանա Մերձավոր Արևելքի վրա», - ընդգծեց Ուոքերը:

Միացյալ Նահանգները լուրջ ներդրում ունի հայ - թուրքական հարաբերությունների զարգացման գործում, սակայն այդ ներդրումը բավարար չէ, համոզված է Քեմալ Քիրիսչին: Նրա կարծիքով, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների վատթարացումը բացասաբար է ազդում նաև հայ - թուրքական հարաբերությունների վրա, քանի որ Վաշինգտոնը կենտրոնանում է համաշխարհային այլ խնդիրների վրա՝ թողնելով տարածաշրջանը Մոսկվայի ազդեցության տակ:

«Հայաստանի մեծ կախվածությունը Ռուսաստանից նաև հայ - թուրքական սահմանի փակ լինելու հետևանք է», - ավելացրեց Քիրիսչին:

Փորձագետները համոզված են, սակայն, որ հաշտեցումն ու սահմանների բացումը Հարավային Կովկասի տարածաշրջանում այլընտրանք չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG