Մատչելիության հղումներ

Ադրբեջանն ու Թուրքմենստանը՝ ԵՄ էներգետիկ նոր ռազմավարությունում


Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը Բրյուսելում ասուլիսի ժամանակ, 25-ը փետրվարի, 2015թ․

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը Բրյուսելում ասուլիսի ժամանակ, 25-ը փետրվարի, 2015թ․

Եվրահանձնաժողովը երեկ հաստատել է «Էներգետիկ միության» ռազմավարությունը:

Ադրբեջանն ու Թուրքմենստանը կարող են դառնալ Եվրամիության էներգետիկ նոր ռազմավարության` «Էներգետիկ միության» առանցքային դերակատարները: Սա պարզ դարձավ երեկ Բրյուսելում՝ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչի հայտարարություններից:

«Սա շատ կարևոր օր է: Մենք հենց նոր հաստատեցինք «Էներգետիկ միության» ռազմավարությունը: Սա ամենահավակնոտ էներգետիկ ծրագիրն է [Եվրամիության հիմքը հանդիսացած] ածխի և պողպատի միության ստեղծումից ի վեր», - հայտարարում էր Շեֆչովիչը:

Ռազմավարության հաստատումից ժամեր առաջ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը The Financial Times-ի հետ զրույցում մանրամասնել էր, թե որոնք են «Էներգետիկ միության» գլխավոր նպատակները:

«Մեզ համար առանցքային նշանակություն է ձեռք բերում գազատարների հարավային միջանցքի ստեղծումը, որի ընդհանուր արժեքը 45 միլիարդ եվրո է: Այս նախագծի շնորհիվ մենք կկարողանանք Կասպիական ավազանում արդյունահանված գազը արտահանել Եվրոպա: Այս ծրագրի վերջին փուլը Տրանս-Ադրիատիկ գազատարի շինարարությունն է լինելու, և Եվրամիությունը բանեցնելու է իր ողջ քաղաքական ազդեցությունը՝ նախագիծը 2019 թվականին ավարտին հասցնելու համար», - բրիտանական պարբերականի հետ զրույցում նշել էր Մարոշ Շեֆչովիչը:

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը, ի դեպ, նշել է, որ այս թեման արդեն իսկ քննարկել է Ադրբեջանի նախագահի հետ, բանակցություններ են եղել նաև Թուրքմենստանի ղեկավարության հետ:

Շեֆչովիչը չի էլ թաքցնում, որ Եվրամիության էներգետիկ նոր ռազմավարության գլխավոր թիրախը Ռուսաստանն է, մասնավորաբար՝ «Գազպրոմ» ընկերությունը:

«Եվրոպայում արդեն հոգնել են ամեն ամառ ծավալվող քննարկումներից, թե ինչպես ենք կազմակերպելու գազի մատակարարումներն առաջիկա ձմռանը: Աշխարհի խոշորագույն տնտեսությունը 21-րդ դարում չպետք է նման մտավախություններով առաջնորդվի», - նշել է Եվրահանձնաժողովի փոխնախագահը:

Նոր հաստատված էներգետիկ ռազմավարության մյուս նպատակը «Հարավային հոսք» նախագծի նախադեպը բացառելն է, երբ Եվրամիության անդամ պետությունները Բրյուսելից անկախ պայմանագրեր են կնքում «Գազպրոմ»-ի հետ:

«Մենք փոխում ենք նաև կանոնները, որ վերաբերում են էներգակիր մատակարարողների հետ կնքվող միջկառավարական պայմանագրերին: Հարկավոր է համոզվել, որ Եվրոպական հանձնաժողովի հետ խորհրդակցությունները իրականացվում են մինչև այդ պայմանագրերի կնքումը, այլ ոչ թե ստորագրումից հետո», - ասել է Շեֆչովիչը:

«Եվրոպական միության ներսում, սակայն, այս վերջին խնդրի շուրջ կարող են բավական լուրջ տարաձայնություններ ի հայտ գալ», - գրում է գերմանական Suddeutsche Zeitung-ը` նշելով, որ գլխավոր ընդդիմացողներից մեկը կարող է դառնալ պաշտոնական Բեռլինը:

«Դաշնային կառավարությունը որևէ ցանկություն չունի միջամտելու այն մասնավոր էներգետիկ ընկերությունների գործունեությանը, որոնք երկարաժամկետ պայմանագրեր ունեն Ռուսաստանի հետ», - գրում է գերմանական թերթը:

XS
SM
MD
LG