Մատչելիության հղումներ

Երևանը արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը


ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյան

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյան

Պաշտոնական Երևանը արձագանքել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե ցյուրիխյան արձանագրությունները ուժի մեջ մտնելու համար Թուրքիան պայման է առաջ քաշում՝ «Հայաստանը պետք է ազատի Ադրբեջանի օկուպացված հողերը», և որ դա հայտնի էր ամբողջ աշխարհին:

Չավուշօղլուն նաև ասել է, թե Հայաստանը «չկարողացավ անցնել անկեղծության թեստը, հետևաբար իր խորհրդարանից արձանագրությունների հետկանչը ոչ մի նշանակություն չունի»:

Հայաստանի ԱԳՆ-ի տեղեկատվության վարչության փոխանցմամբ, պատասխանելով Tert.am-ի հարցին, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ասել է.- «Առնվազն տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ արձանագրությունների շուրջ բանակցող թուրքական պատվիրակությունը տեղյակ չէր, ըստ Չավուշօղլուի, ամբողջ աշխարհին հայտնի թուրքական նախապայմաններին։ Նման կեղծ տեղեկություններ տարածելով՝ անկեղծության մասին խոսելը, մեղմ ասած, տարօրինակ է, բայց, միևնույն ժամանակ, բնորոշ թուրքական իշխանություններին»։

«Ինչպես նշել է արտգործնախարար Նալբանդյանը դեռ 2010 թ. ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման առաջին տարեդարձի կապակցութամբ Wall Street Journal օրաթերթում հրապարակված իր հոդվածում՝ «Մեր դիրքորոշումը արտահայտված էր առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման հայտնի մոտեցմամբ: Այդ սկզբունքի վրա էր հիմնված Թուրքիայի հետ բանակցային գործընթացի մեկնարկը: Եվ հենց այս ընդհանուր փոխըմբռնմամբ մենք սկսեցինք, վարեցինք գործընթացը և եկանք պայմանավորվածությունների: Միջազգային հանրությունը` շվեյցարացի միջնորդները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան և շատ այլ երկրներ, գործընթացի սկզբից մինչ օրս համամիտ են այս մոտեցման հետ»: Դրանից հետո էլ վերոհիշյալ երկրները և կազմակերպությունները տարբեր առիթներով բազմիցս վերահաստատել են այդ իրողությունը»,- ասել է Շավարշ Քոչարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG