Մատչելիության հղումներ

Նախաքննական մարմինը զբաղված է եղել իմ դեմ գործ թխելով․ Կիվիրյան


Այսօր Վարչական վերաքննիչ դատարանը մերժեց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի բողոքը:

«Այս գործը չի հարուցվել իրավական հիմքերով և այդ գործը չի ունենալու իրավական լուծում», - այսօր դատարանում հայտարարեց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը, ով նույնը կրկնում է գրեթե ամեն օր իր դեմ հարուցված 7 վարչական գործերով դատերին:

Այսօր առավոտից էլ ութերորդ գործով նիստին էր. այստեղ արդեն Կիվիրյանին քրեական պատասխանատվություն է սպառնում: Նա մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Երկու տարի առաջ ամռանը Արգիշտի Կիվիրյանը միացել էր Կոմիտաս 5 շենքի բնակիչների պայքարին՝ընդդեմ բազմահարկ շենքի կառուցմանը, մարդիկ արևի լույսից էին զրկվում:

Արգիշտի Կիվիրյանին տուգանքից մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում, մինչդեռ շենքը կառուցվում է, բնակիչները նահանջել են․ - «Կոմիտաս 5-ի բնակիչները հրաժարվեցին պայքարից իրենց իրավունքների համար, որովհետև շահարկվում էր հենց այդ թեման, որ եթե Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցվում է քրեական գործ և առաջադրվում է մեղադրանք ձեր դեմ հաստատ որ կհարուցվի»:

Ոստիկաններից մեկը պնդում է, որ բողոքի ակցիայից բերման ենթարկվելիս Արգիշտի Կիվիրյանը բռունցքով հարվածել է իրեն, կծել: Մինչև ամբաստանյալի աթոռին հայտնվելը, սակայն, Կիվիրյանն ինքն էր հանցագործության մասին հաղորդում տվել, թե բաժին տանելիս ոստիկանական մեքենայի մեջ իր նկատմամբ բռնություններ են գործադրվել: Հատուկ քննչական ծառությունը, սակայն, հրաժարվեց քրեական գործ հարուցել:

«Նախաքննական մարմինը որևէ օբյեկտիվ քննություն չի կատարել ինքը ընդամենը զբաղված է եղել իմ դեմ գործ թխելով», - ասաց Կիվիրյանը:

Ըստ նախաքննության նյութերի Կիվիրյանն ինքն իրեն է վնասել, գլխով խփել ոստիկանական մեքենայի դռանն ու կապտուկներ և վնասվածքներ ստացել: Սպառելով հայաստանյան երեք ատյանները Կիվիրյանի փաստաբանը բողոքն արդեն ուղարկել է Եվրոպական դատարան՝ վիճարկելով նախաքննական մարմնի և դատարանի անգործությունը:

«Միայն այն հանգամանքը, որ հիմնվել են միայն ոստիկանների տված ցուցմունքների վրա, որոնք այն անձինք են, որոնք բռնություն են գործադրել Արգիստի Կիվիրյանի նկատմամբ, արդեն իսկ եվրոպական դատարանը ունի նախադեպային որոշումներ», - ասաց Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:

Արաբկիրից Կիվիրյանը շտապեց Վերաքննիչ վարչական դատարան, հերթական գործով վճիռն է․- «Հայաստանի Հանրապետության Վարչական վերաքննիչ դատարանը որոշեց․ վերաքննիչ բողոքը մերժել, վճիռը թողնել անփոփոխ»:

Անակնկալներ չեղան, իսկ այն, որ իրավապահները միաժամանակ մեկ տասնյակ գործերով դատական այսպիսի գրոհ են սկսել իր դեմ, Կիվիրյանը պատահական չի համարում․- «Փորձում են առավելագույնս զբաղեցնել ինձ: Ես այսօրվա դրությամբ ստիպված եմ որոշակի իմ ժամանակահատված տրամադրել այս դատարանից այն դատարան գնալուն»:

Արգիշտի Կիվիրյանը իշխանությունների ուշադրության կենտրոնում է երկու տասնամյակից ավելի, նաև բռնությունների ու ահաբեկումների է ենթարկվել, 90-ականներին նույնիսկ ազատազրկվել: Ասում է՝ որքան փորձում է վարակել մարդկանց իր պայքարով, այնքան մեծանում են իրեն վախեցնելու ջանքերը: Կիվիրյանի համոզմամբ միայն պայքարելով է հնարավոր երկրին տեր զգալ, պայքարով է գալու այլ Հայաստանը․ - «Այլ Հայաստանը օդից չի ընկնում, անձը եթե թույլ տվեց, որ իր իրավունքները խախտվեն, անտարբերություն ապօրինությունների նկատմամբ, ուրեմն այդ անձը չի կարող իրեն զգալ լիարժեք քաղաքացի: Ես ապրում եմ այս երկրում, այս երկրում ապրում են իմ երեխաները ես ցանկանում եմ, որ այս երկրում ապրեն իմ սերունդները արժանապատիվ կյանքով»:

XS
SM
MD
LG