Մատչելիության հղումներ

logo-print

Անկարան հայ - թուրքական արձանագրությունների «ուժի մեջ մտնելու պայման է առաջ քաշում»


Շվեյցարիա - Հայ - թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունը Ցյուրիխում, 10-ը հոկտեմբերի, 2009թ․

Շվեյցարիա - Հայ - թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունը Ցյուրիխում, 10-ը հոկտեմբերի, 2009թ․

Որպեսզի ցյուրիխյան արձանագրությունները «ուժի մեջ մտնեն, Թուրքիան պայման է առաջ քաշում՝ Հայաստանը պետք է ազատի Ադրբեջանի օկուպացված հողերը»: Այսօր Բաքվում նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն ասել է, թե Հայաստանը «չկարողացավ անցնել անկեղծության թեստը, հետևաբար իր խորհրդարանից արձանագրությունների հետկանչը ոչ մի նշանակություն չունի»:

«Ադրբեջանը և Թուրքիան ցանկանում են, որպեսզի Հարավային Կովկասը դառնա խաղաղության և անվտանգության վայր: Սակայն Հայաստանի մտադրություններն այլ են: Հարավային Կովկասը կվերածվի խաղաղության և անվտանգության վայրի, եթե Հայաստանը ուղղի իր գործած սխալները և, հարգելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, լքի իր օկուպացրած տարածքները», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ - թուրքական արձանագրությունները, հիշեցնենք, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովից հետ կանչեց այս տարվա փետրվարի 16-ին, իսկ ստորագրումից ամիսներ անց էլ՝ 2010 թվականի ապրիլին հայտարարել էր դրանց վավերացման ընթացակարգը կասեցնելու մասին: Պաշտոնական Երևանը Թուրքիային մեղադրում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում քաղաքական կամքի բացակայության, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումների և նախապայմանների շարունակաբար արծարծման, Հայոց ցեղասպանության հարցում ժխտողական քաղաքականության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG