Մատչելիության հղումներ

logo-print

Գյուղացին պնդում է, որ ՊՆ-ն ապօրինաբար զավթել է իր հողատարծքը


78-ամյա Լևոն Խաչատրյանը 5 տարի շարունակ նամակներ է գրում իրավապահ մարմիններին, նախագահին ու վարչապետին՝ պահանջելով վերադարձնել իր 3 հեկտար հողը, որը պաշտպանության նախարարությունը դարձրել է զինավարժարանի տարածք: Տարիներ առաջ Լևոն Խաչատրյանը գյուղացիներից է լսել, որ պաշտպանության նախարարությունը տրակտորներով հարթեցնում է զինավարժարանի հարևանությամբ գտնվող իր հողատարածքը:

«Սալդաթ էր կանգնած, պահակ էր, ասեցի՝ ո՞վ ես դու, տղա ջան, ասեց՝ հայրիկ ջան, էս քո հո՞ղն է, ասացի՝ հա, ասեց՝ ձեր գյուղապետը գեներալի հետ մեր եկան, նայեցին, ասեցին՝ դավայ, դրեք դզեք», - պատմեց Լևոն Խաչատրյանը:

Խաչատրյանները պնդում են, թե իրենցից խլված հողամասը տարիներ առաջ ողջ ընտանիքով քարակույտից ազատել ու մշակելի են դարձրել: Այսօր, սակայն, սեփականության փաստաթղթերը ձեռքին Լևոն Խաչատրյանը չի կարողանում դրանից օգտնվել: Ծառերի փոխարեն երկաթբետոնե շինություններ են կառուցված, մի մասում էլ վարժանքների համար նախատեսված խրամատներ են փորված: Թոշակառու Խաչատրյանը պահանջում է կամ դրամական փոխհատուցում, կամ գյուղի մեկ այլ հատվածում նույնքան հողատարածք:

«1991 թվին ինչքան քար եք տեսնում, բոլորը ձեռքով հավաքել ենք, մաքրել ենք, ցանքս ենք կատարել», - ասաց թոշակառուն:

Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի գյուղապետ Անդրանիկ Պետրոսյանը ու պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Ազատությանը» փոխանցեցին, որ Խաչատրյանի հողատարածքը թյուրիմացաբար է հայտնվել զորավարժարանի ենթակայության տակ: Նախարարությունը 5 տարի առաջ էլ, այսօր էլ, ըստ խոսնակի, պատրաստ է դրամական փոխհատուցման, միայն կադաստրային չափումներից ու գույքի գնահատումից հետո:

«Դեռ 2001 թվականից պապիկին հստակ ասել ենք որոշակի առքի վաճառքի պրոցեդուրաները օրինականացրու, մենք չենք հրաժարվում դրա դիմաց վճարել: Ինքը էդ գործընթացները չի իրականացրել, բայց ակտիվորեն բողոքել ամեն օր շարունակում է», - «Ազատության» հետ զրույցում ասաց արծրուն Հովհաննիսյանը:

78-ամյա վատառողջ ծերունին, սակայն, պնդում է, թե ոչ դրամական միջոցներ ունի, ոչ էլ առողջություն՝ պետական տարբեր ատյանների դիմելու, չափումներ կատարելու և տարածքը գնահատելու համար:

«ՊՆ-ն ինչպես ապօրինի ու առանց ինձ տեղյակ պահելու օգտագործել է հողս, այդպես էլ թող վերադարձնի, առանց ինձ նեղություն տալու: Ես հնարավրուոյթւոն չունեմ, ես վիրահատված մարդ եմ, ես չեմ ակրա ժամերով բացակայեմ տնից: Մի հատ երեխա մի հատ պռովուդ գողանում, եկել 3 հեկտար հողս ձեռիցս վերցրել են, ոչ մեկը մեղավոր չի ճանաչվել», - նեղսրտում է սեփականատերը:

Պաշտոնյաներին ուղարկված տասնյակ նամակներից որևէ մեկով, թոշակառուի խնդիրը չի լուծվել: Փոխարենը ամեն ամիս կանոնավոր պարտքեր է կուտակում՝ չօգտագործվող հողի հարկը չվճարելու համար: Լևոն Խաչատրյանի խոսքով,գյուղապետարանից տեղեկացրել են, որ համայնքային բյուջե պետք է մուծի 100 հազար դրամից ավելի, որովհետև տարածքը փաստաթղթերով դեռ իրենն է: Գյուղապետի ու Լևոն Խաչատրյանի զրույցը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

Լևոն Խաչատրյան․ - «Զինվորականները ի՞նչ գործ ունեին իմ հողի մեջ, առանց քեզ: Առանց քեզի․․․»

Գյուղապետ Անդրանիկ Պետրոսյան. - «Մարդիկ շփոթել են»:

Լևոն Խաչատրյան․ - «Դու պետական մա՞րդ ես»:

Գյուղապետ Անդրանիկ Պետրոսյան. - «Հա, ես պետական մարդ եմ»:

Լևոն Խաչատրյան․ - «Դե ունեցվածքդ տուր պետությանը»:

Գյուղապետ Անդրանիկ Պետրոսյան․ – «Պետք եղնի, կտամ»:

Լևոն Խաչատրյան․ - «Նորմալ վիճակո՞վ ես դու հիմի»

Գյուղապետ Անդրանիկ Պետրոսյան․ – «Ես շատ նորմալ եմ»

Լևոն Խաչատրյան․ - «Էս հինգը տարվա մեջ չկարացի՞ք էդ հարցը լուծեք, որ մի անգամ գրես, մի անգամ պատասխանես: Նախարարն է խախտել իմ իրավունքները, տղա ջան, դու էդքան․․․ »

Գյուղապետ Անդրանիկ Պետրոսյան․ – «Լավ ա արել, խախտել ա, պետության գործին պետք ա եղել, խախտել ա: Երբվանից ինքը [Լևոն Խաչատրյանը] չի օգտագործել, մենք իրանից հարկ չենք ուզում: 2008-13 թիվը ինքը պարտավոր է հարկը վճարի»:

Լևոն Խաչատրյան․ - «Դու ի՞նչ գործ ունեիր ժողովրդի ղեկավար դառնայիր էս գյուղում, դու ո՞վ էիր: Դու ի՞նչ մակարդակ ունեիր»:

Գյուղապետ Անդրանիկ Պետրոսյան․ – «Բա դու ի՞նչ մակարդակ ունես, սաղ օրը սուտ գրելով, մարդկանց զրպարտելով օրդ անցնում ա»:

XS
SM
MD
LG