Մատչելիության հղումներ

Զաքարյան. Ներքաղաքական զարգացումները չեն կարող ազդել ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա


ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյան, 25-ը փետրվարի, 2015թ.

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյան, 25-ը փետրվարի, 2015թ.

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի փոխանցմամբ, Եվրամիությունը կցանկանար ավելի մեծ դեր խաղալ Հայաստանում բարեփոխումների իրականցման գործում։

Հայաստանի ներքաղաքական զարգացումները որևէ կերպ չեն կարող ազդել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վրա, վստահեցրեց Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը (ՀՀԿ) «ԵՄ-Հայաստան համագործակցության հեռանկարները ներկայիս քաղաքական համատեքստում» խորագրի ներքո այսօր կայացած քննարկման ժամանակ՝ պնդելով, որ դրանք վերաբերում են բացառապես Հայաստանի ներքին կյանքին:

«Դրա արդյունքում Հայաստանի իշխանությունների քաղաքական կամքը և ծրագրերը չեն փոխվել, և չեմ կարծում, որ ապագայում էլ, ինչպիսին որ ընթացք կունենան ներքաղաքական զարգացումները, որևէ ձևով ազդեն այդ հարաբերությունների վրա։ Եթե փորձենք գնահատական տալ, ապա կարծում եմ, որ այն միայն դրական ազդեցություն կունենան Հայաստան - Եվրամիություն հարաբերությունների զարգացման վրա», - ասաց Զաքարյանը։

Քննարկման ընթացքում հասարակական սեկտորի ներկայացուցիչները փորձեցին իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներից ու ԵՄ երևանյան գրասենյակի պատասխանատուներից պարզել՝ ի վերջո Բրյուսելում և Երևանում ի՞նչ տրամադրություններ են տիրում մայիսին Ռիգայում կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան ասաց, որ սպասում է համընհանուր շահերի նոր նախագծին. - «Եվրամիությունը կցանկանար ավելի մեծ դեր խաղալ Հայաստանում բարեփոխումների իրականցման գործում»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիտարկմանը, թե այսօր Հայաստանում պարզապես տապալվում է երկրորդ խոշոր քաղաքական ուժը և այս հանգամանքը չի կարող չանդրադառնալ արտաքին աշխարհի հետ հարաբերությունների վրա, Արտակ Զաքարյանն արձագանքեց՝ Հայաստանում 75 կուսակցություններ դեռ չստեղծված փլվել են, իսկ իրական քաղքական ուժերին որևէ վտանգ չի սպառնում:

«Չեմ կարծում, որ ԲՀԿ-ն որպես կուսակցություն կփլվի», - ասաց Զաքարյանը։

Ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը մնում է ԵՄ - Հայաստան հարաբերությունների կարևոր բաղադրիչը, այսօր հերթական անգամ այս մասին խոսեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան՝ այդուհաներձ անպատասխան թողելով իրավապաշտպան Սաքունցի այն դիտարկումը, որ վերջին շրջանում երկրում ահագնացող բռնությունները դեպի Եվրամիություն տանող լավագույն ուղենիշները չեն:

«Կարծում եմ այս մի քանի հարցերը էական նշանակություն կունենան որպեսզի քաղաքացիական հասարակությունը հստակ կարողանա կողմնորոշվի և իր ստրատեգիան մշակի Եվրամիության և Հայաստանի իշխանությունների հետ աշխատելու տեսակետից», - ասաց Սաքունցը։

«Հանարպետական»-ը միշտ դատապարտել է ապօրինի գործողությունները, Սաքունցի դիտարկմանն այսպես պատասխանեց «Հանրապետական» Զաքարյանը՝ այդուհանդերձ ընդունելով, որ երկրում կայուն ժողովրդավարության հաստատումը դեռ խնդիր է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG